Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/262

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեկուսացումն է։ Հարկավոր է նրան տեղավորել առանձին սենյակում, իսկ այդպիսի հնարավորության բացակայության դեպքում շիրմայի կամ վարագույրի հետևում։ Սենյակը պետք է հաճախ օդափոխել և կատարել խոնավ հարդարանք։ Հատակը լվանալ քլորամինի կամ քլորակրի 2 %-անոց լուծույթով (1 ճաշի գդալը 1 դույլ ջրին)։ Հիվանդը պետք է ունենա առանձին ամանեղեն ու սրբիչ։ Ամանեղենը հարկավոր լվանալ եռջրով։ Օգտագործած թաշկինակներն անհրաժեշտ է թրջել քլորակրի լուծույթով։ Հիվանդի հետ շփվելիս նպատակահարմար է քիթը և բերանը փակել դիմակով (3-4 շերտ լվացած և լավ արդուկած թանզիֆ)։ Այս կանոնը հատկապես պետք է պահպանեն կերակրող մայրերը՝ կրծքի երեխային կերակրելիս և խնամելիս։

Գրիպով հիվանդն անպայման պետք է գտնվի բժշկի հսկողության տակ և պահպանի անկողնային ռեժիմ։ Սնունդը պետք է լինի սննդարար, դյուրամարս, պարունակի բավարար քանակության վիտամիններ։ Ցանկալի է սուր կերակուրներ չօգտագործել։ Հիվանդը պետք է ընդունի շատ հեղուկ (տաք թեյ, չոր ազնվամորու, լորենու ծաղկի թուրմ, կաթ՝ «Ջերմուկի» հետ և այլն)։ Մինչև բժշկի այցելելը չի կարելի որևէ դեղամիջոց (հատկապես հակաբիոտիկ) ընդունել։

Շնչառական վիրուսային վարակիչ հիվանդությունների մեծ խումբ, կլինիկական պատկերով նման է գրիպին։ Նախկինում այդ հիվանդությունները կրում էին տարբեր անվանումներ. տենդային լորձենաբորբեր, սեզոնային լորձենաբորբեր, վերին շնչուղիների սուր լորձենաբորբեր։ Շնչառական վիրուսային վարակիչ հիվանդություններից առավել տարածված են ադենովիրուսային, հարգրիպային (պարագրիպոզ) և քթավիրուսային (ռինովիրուսային) վարակիչ հիվանդությունները։

Ադենովիրուսային վարակիչ հիվանդություններն ընթանում են որպես վերին շնչուղիների սուր լորձենաբորբ, որի դեպքում առաջանում են հարբուխ, հազ (հաճախ հաչոցանման), հազվադեպ՝ հևոց, ձայնալարերի բորբոքում (լարինգիտ)։ Հիվանդությունը կարող է ընթանալ որպես աչքի շաղկապենաբորբ (սկզբում միակողմանի), որին բնորոշ են կոպերի կարմրությունն ու այտուցվածությունը զուգակցված կոկորդում քերծման զգացողության հետ, աննշան հարբուխը և հազը։ Աղիքային ձևի ժամանակ առաջին հերթին լինում են որովայնի ցավեր, լուծ, երբեմն փսխում։ Առանձին դեպքերում հիվանդության տարբեր ձևերի ախտանշանները կարող են զուգակցվել։

Ադենովիրուսային վարակիչ հիվանդություններով առավելապես հիվանդանում են դպրոցական, հաճախ նաև նախադպրոցական տարիքի և կրծքի երեխաները։ Վերջիններիս հիվանդությունն ընթանում է ավելի ծանր, հաճախ բարդանում թոքաբորբով և ականջաբորբով։ Մինչև 6 ամսական երեխաները, որպես կանոն, այդ հիվանդություններով չեն հիվանդանում։ Ադենովիրուսային վարակիչ հիվանդությունները կարող են զարգանալ տարվա բոլոր եղանակներին, սակայն, ի տարբերություն գրիպի, արտահայտված համաճարակային բնույթ չունեն։ Հիվանդներին հարկավոր է մեկուսացնել տնային պայմաններում անկողնային ռեժիմի պահպանմամբ։ Բուժումը և խնամքը նույնն է, ինչ գրիպինը։

Հարգրիպային հիվանդություններն ընթանում են վերին շնչուղիների լորձենաբորբի ձևով ձայնալարերի բորբոքման երևույթների (ձայնի խռպոտություն, հաճախակի չոր հազ) զուգակցմամբ։ 1-3 տարեկան երեխաների կոկորդի չնչին ախտահարումը կարող է հանգեցնել կեղծ կրուպի։ Մարմնի ջերմաստիճանը լինում է բնականոն կամ աննշան բարձրացած (37–37,3 °C)։ Բակտերիային վարակի միացման պատճառով հիվանդությունը կարող է բարդանալ թոքաբորբով կամ ականջաբորբով։ Հիվանդության հանդեպ հատկապես ընկալունակ են նորածինները, կրծքի և վաղ մանկական տարիքի երեխաները։ Տարվա ցուրտ եղանակին մանկական կոլեկտիվներում հիվանդությունը կարող է զանգվածային բնույթ կրել։ Բուժումը և խնամքը նույնն է, ինչ գրիպինը։

Քթավիրուսային հիվանդություններն ընթանում են քթի լորձաթաղանթի բորբոքումով։ Հարբուխն ուղեկցվում է այտուցով և շնչառության դժվարացմամբ։ Մարմնի ջերմաստիճանը, որպես կանոն, բնականոն է։ Հիվանդանում են հիմնականում երեխաները, ավելի ծանր նորածինները և կրծքի երեխաները, քանի որ քթային շնչառության խանգարումը դժվարացնում է ծծելու պրոցեսը։ Հնարավորության դեպքում հարկավոր է հիվանդին մեկուսացնել, բժշկի նշանակմամբ կատարել ոտքերի տաք լոգանք, ձկնամկաններին դնել մանանեխի ծեփոններ։ Կրծքի երեխաներին կերակրելուց առաջ քիթը մաքրել վարակազերծ վազելինով կամ եռացրած բուսական յուղով թրջած բամբակով կամ էլ բժշկի նշանակմամբ քիթը կաթեցնել անոթասեղմիչ կաթիլներ։

ԳՈՒՆԱԿԱՅԻՆ ԲԾԵՐ, պիգմենտային բծեր, մաշկի վրա լինում են բնածին կամ առաջանում են օրգանիզմում տարբեր խանգարումների առկայության պայմաններում, ինչպես նաև արտաքին գործոնների (այրվածք, ցրտահարություն) ազդեցությունից։ Գունակային տարբեր բծեր են առաջանում մակերիկամների հիվանդության (Ադիսոնի հիվանդություն կամ բրոնզախտ), օրգանիզմում նիկոտինաթթվի, ինչպես նաև PP խմբի վիտամինների անբավարարության (պելագրա) ժամանակ։

Գունակավորման խանգարման ձևերից է, այսպես կոչված, խլոազմը, որն արտահայտվում է ճակատի, քթի, այտերի, պարանոցի վրա համաչափ դասավորված, անկանոն գծագրությամբ դեղնադարչնագույն բծերի առաջացմամբ։ Խլոազմը կարող է առաջանալ նաև ներզատիչ գեղձերի (հատկապես ձվարանների) գործունեության խանգարման, լյարդի, ստամոքսաղիքային համակարգի, ճիճվային հիվանդությունների, սակավարյունության, անբավարար սնման հետևանքով։ Խլոազմը հաճախ ի հայտ է գալիս հղիության շրջանում և ծննդաբերությունից հետո երբեմն կարող է պահպանվել երկար ժամանակ։

Արմունկների և ծնկերի շրջանում թեփոտվող մակերևույթով դեղնադարչնագույն բծերի առաջացումը կարող է սննղում վիտամին A-ի անբավարարության հետևանք լինել։ Այդպիսի բծեր և զոլեր կարող են առաջանալ ձիգ կապած գոտու, կրծքակալի ուսակապի ճնշման հետևանքով։ Մաշկածածկույթների մուգ գորշագույն ցանցանման գունավորումը (արտադրական գունակավորում) կարող է առաջանալ ֆենոլ գործածելիս, ինչպես նաև ածխաջրածինների գոլորշիներ շնչելիս կամ մկնդեղ պարունակող պատրաստուկներ ընդունելիս։

Որոշ մարդկանց մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթների նկատմամբ