Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/267

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պատրաստուկների (վիկալին, վիկաիր) համար։ Կոճղարմատի փոշին օգտագործվում է որպես ախորժաբեր և մարսողությունը բարելավող միջոց։ ՀՀ-ում աճում է Էջմիածնի շրջանի սահմանափակ տարածքներում։

Խռնդատ, վայրի բույս։ Բուժիչ նպատակով հիմնականում օգտագործվում է ծաղկեպսակը, որի թուրմը ցավամոքիչ, հակաբորբոքային, խորխաբեր, միզամուղ միջոց է։ ՀՀ-ում աճում է Գառնիում, Արզնիում, Արաքսի ափերին, Երևանում և այլուր։

Ծիծեռնախոտ մեծ, դեղին կոճ. վայրի բույս։ Խոտաբույսից ստացվող պատրաստուկներն օգտագործվում են գորտնուկները և կոնդիլոմները այրելու համար (արտաքին) և լյարդի, լեղուղիների հիվանդությունների (ներքին ընդունում) ժամանակ։ ՀՀ-ում աճում է ոչ բարձր լեռնային գոտիներում, հիմնականում բանջարանոցներում, այգիներում, ստվերոտ վայրերում։

Ծնեբեկ դեղատու, վայրի բույս։ Արմատներն օգտագործվում են որպես միզամուղ և սրտի աշխատանքը կարգավորող, ջերմիջեցնող միջոց՝ լյարդի, երիկամների հիվանդությունների ժամանակ։ ՀՀ-ում աճում է գրեթե ամենուրեք՝ թփուտներում, քարքարոտ վայրերում։

Կատվալեզու եռաբաժան. վայրի և մշակովի բույս։ Վերգետնյա մասն օգտագործվում է կրծքի երեխաներին լողացնելիս՝ որպես վարակազերծող և դիաթեզը բուժող միջոց։ ՀՀ-ում հանդիպում է ամենուրեք։

Կատվախոտ դեղատու, վայրի բույս։ Արմատի և կոճղարմատի թուրմը, մզվածքն ու եփուկն օգտագործվում են