Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/268

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որպես սիրտանոթային համակարգի աշխատանքը կարգավորող և հանգստացնող միջոց։ ՀՀ-ում աճում է Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի, Լոռու մարզերի անտառային բացատներում, արոտավայրերում, ալպյան մարգագետիններում և այլուր։

Կիտրոնաթուփ չինական, վայրի բույս։ Սերմերի փոշին կամ թուրմը կենտրոնական նյարդային համակարգը խթանող միջոց են։

Կծոխուր սովորական, ծորենի. վայրի բույս։ Տերևներից պատրաստված թուրմն օգտագործվում է լեղարտադրությունը խթանելու նպատակով։ Արմատներից ստացվող պատրաստուկով բուժում են լեղապարկի հիվանդությունները։ ՀՀ-ում աճող կծոխուրի 3 տեսակներն էլ Դ. են։ Տարածված են գետափերին, անտառեզրերին, չոր, քարքարոտ լեռնալանջերին, բացատներում։

Կղմուխ Հեղինեի. վայրի բույս։ Արմատների եփուկն առաջարկվում է որպես խորխաբեր միջոց բրոնխաբորբի և շնչառական ուղիների հիվանդությունների ժամանակ։ Որոշակի լեղամուղ և քրտնամուղ հատկություն ունեն նաև ծաղիկները։ ՀՀ-ում աճում է խոնավ մարգագետիններում, գետահովիտներում, նախալեռնային գոտուց մինչև մերձալպյան գոտին։

Կյանքի արմատ, ժենշեն, վայրի և մշակովի բույս։ Դեղորայքի հումք է բույսի արմատը, որից ստացված պատրաստուկները (փոշի, թուրմ) օգտագործվում են որպես օրգանիզմի տոնուսը բարձրացնող միջոց։ ՀՀ-ում մշակվում է սահմանափակ տարածքում: