Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/272

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սրոհունդ սովորական, արևքուրիկ, վայրի և մշակովի բույս։ Վերգետնյա մասը հումք է նովոիմանին հականեխիչ, հակաբորբոքային պատրաստուկի ստացման համար, որն օգտագործվում է վերքերի, այրվածքների, կաթնագեղձերի բորբոքումների բուժման նպատակով։ Թուրմը կիրառվում է որպես լեղամուղ, միզամուղ, պատող միջոց։ ՀՀ-ում տարածված է ամենուրեք։

Տատրակ, վայրի բույս։ Տերևները պարունակում են լորձանյութեր, տուսիլագին գլիկոզիդ, ինսուլին։ Տերևների թուրմը, եփուկը շնչառական հիվանդությունների ժամանակ օգտագործվում են որպես խորխաբեր, քրտնաբեր միջոց։ ՀՀ-ում տարածված է Գեղարքունիքի, Տավուշի, Վայոց ձորի, Արագածոտնի, Կոտայքի և այլ մարզերում։

Տերեփուկ կապույտ, վայրի բույս։ Ծաղիկների եփուկը, թուրմն օգտագործվում են որպես միզամուղ, հակաբորբոքային միջոց, ինչպես նաև (թրջոցների ձևով) աչքի լորձաթաղանթի բորբոքման, արցունքահոսաթյան ժամանակ։ ՀՀ-ում ամենուրեք հանդիպում է դաշտերում, անմշակ հողերում։ Հացաբույսերի ցանքի մոլախոտ է։

Տորոն ներկատու, վայրի բույս։ Կոճղարմատից ստացված պատրաստուկները խորհուրդ է տրվում գործածել լեղաքարային, միզաքարային հիվանդությունների, ինչպես նաև պոդագրայի ժամանակ քարերը և աղային կուտակումները լուծելու նպատակով։ ՀՀ–ում աճում է Արմավիրի, Արարատի, Սյունիքի և այլ մարզերում։

Տուղտ դեղատու, վայրի բույս։ Արմատներից ստացված փոշին, թուրմը, մզվածքը օգտագործվում են շնչառական ուղիների, միզուղիների հիվանդությունների ժամանակ՝ որպես խորխաբեր, փափկացնող, հակաբորբոքային միջոց։ ՀՀ-ում տարածված է նաև հայկական տուղտը, որն իր դեղորայքային հատկություններով չի զիջում դեղատու տուղտին և աճում է Արմավիրի, Տավուշի և այլ մարզերում (գրանցված է ՀՀ Կարմիր գրքում)։

Ուրց, վայրի բույս։ Օգտագործվում է բույսի վերգետնյա մասը։ Մտնում է պերտուսին պատրաստուկի բաղադրության մեջ, որը խորխաբեր և հազը փափկացնող միջոց է։ Ուրցից ստացված թիմոլը հականեխիչ է, նրանով ողողում են բերանի խոռոչը և կոկորդը բորբոքումների ժամանակ։ Պարունակում է նաև ցավը հանգստացնող եթերայուղեր։ ՀՀ-ում տարածված է լեռնային շրջաններում։

Օճառախոտ դեղատու. վայրի բույս։ Օժտված է լեղամուղ, ջերմությունը իջեցնող, ցավերը հանգստացնող հատկություններով։ Արտաքին ձևով օգտագործվում է մաշկային հիվանդությունների, թարախային խոցերի բուժման համար։ ՀՀ-ում աճում է գրեթե ամենուրեք։

Օշինդր գծվարային, վայրի բույս։ Ծաղկային կոկոններն (գծվարային սերմ) օգտագործվում են որպես ճիճվաթափ միջոց։

Օշինդր դառը, վայրի բույս։ Խոտից և տերևներից պատրաստվում են թուրմ և մզվածք, որոնք մտնում են մարսողությունը կարգավորող և ախորժակը լավացնող պատրաստուկների բաղադրության մեջ։ ՀՀ-ում տարածված է ամենուրեք։

Օպլոպանաքս բարձր, վայրի բույս։ Արմատների և կոճղարմատների թուրմը նման է մարդարմատի (լոշտակ) թուրմին և օգտագործվում է որպես խթանող միջոց։

ԴԵՂԱՐԿՂ տնային, առաջին օգնություն ցույց տալու համար յուրաքանչյուր ընտանիք պետք է ունենա տնային Դ։ Կարելի է գնել պատրաստի Դ. կամ այն ստեղծել, հաշվի առնելով ընտանիքի անդամների տարիքը և առողջական վիճակը։

Դ-ի պատրաստի հավաքածուն պարունակում է դառն աղ, ացետիլսալիցիլաթթու (ասպիրին), կալցեքս, խմելու սոդա, հաբեր հազի դեմ, մանանեխի ծեփոններ, կատվախոտի թուրմ, բորային վազելին, ցինկաքսուք, յոդի սպիրտային լուծույթ, կալիումի գերմանգանատ, անուշադրի սպիրտ, վալիդոլ, բինտ, կոմպրեսի թուղթ, բամբակ, առաջին օգնության վիրակապման փաթեթ, կպչուն սպեղանի, ջերմաչափ, աչքի կաթոցիչ։

Դ-ում դեղորայքը պետք է պահվի կարգին վիճակում։ Ոչ մի դեպքում չի կարելի պահել անհայտ դեղորայք։ Յուրաքանչյուր սրվակ կամ տուփիկ պետք է ունենա պարունակության ճիշտ անվանումը։ Ներքին գործածության համար դեղորայքը պետք է առանձին պահել արտաքինի համար նախատեսվածից։ Դեղերը պետք է պահել չոր, զով, մութ և երեխաների համար անմատչելի տեղում։

Անհրաժեշտ է խստորեն հետևել պահելու ռեժիմին, որը նշված է որոշ դեղերի պիտակի վրա։ Դեղն օգտագործելուց առաջ պետք է ուշադրություն դարձնել նրա պատրաստման և պիտանիության ժամկետին։ Չի կարելի օգտվել երկար ժամանակ պահված դեղորայքից։ Դա վերաբերում է հատկապես հեղուկ դեղերին (դեղախառնուրդ, մզվածք ևն)։ Չի կարելի գործածել տեսքը փոխած, նստվածքով, փաթիլներով դեղեր։

Բացի Դ-ից, խորհուրդ է տրվում ունենալ հիվանդի խնամքի առարկաների (ջեռակ, սառցապարկ, հոգնայի անոթ, կաթոցիչներ, բժշկական բաժակներ, ռետինե քուղ, կապույտ լույսով ջերմարձակ ևն) մի փոքր հավաքածու։

ԴԵՂՆԱԽՏ, մաշկի, լորձաթաղանթների, աչքի սպիտապատյանի դեղին գունավորումը արյան մեջ բիլիռուբին լեղապիգմենտի կուտակման և օրգանիզմի հյուսվածքներում նրա նստման հետևանքով։ Նկատվում է լյարդի և լեղուղիների բորբոքային, արյան որոշ հիվանդությունների ժամանակ։

Տարածվածության և վարակելիության առումով հատուկ նշանակության ունի վարակիչ դեղնախտը (վիրուսային լյարդաբորբ, Բոտկինի հիվանդություն), որը սուր վիրուսային հիվանդություն է և առաջին հերթին ախտահարում է լյարդը։ Վարակվում են կեղտոտ ջրի, սննդի, ձեռքերի, ինչպես նաև արյան միջոցով (շիճուկային լյարդաբորբ, որն առաջանում է վատ ախտահանված բժշկական գործիքների օգտագործումից)։ Վարակի աղբյուրը հիվանդն է կամ վիրուսակիրը։ Գաղտնի շրջանը 14-15 (հաճախ 25) օր է, իսկ շիճուկային լյարդաբորբի ժամանակ՝ 2-6 ամիս։ Հիվանդությունն սկսվում է մարմնի ջերմաստիճանի բարձրացմամբ, սրտխառնոցով, փսխումներով, որովայնի ցավերով, փորկապությամբ կամ լուծով։ Երբեմն նկատվում են մկանացավեր և գլխացավ, հազ, հարբուխ։ Մեզը մգանում է, իսկ կղանքը՝ անգունանում։ Մի քանի օր անց ի հայտ է գալիս աչքի լորձաթաղանթների, կակուղ քիմքի, մաշկի դեղնախտային գունավորում։ Դ-ի դեպքում հարկավոր է հնարավորին չափ շուտ դիմել բժշկի և խստորեն պահպանել նրա ցուցումները, որպեսզի կանխվի լյարդի ծանր ախտահարումներով (լյարդի ցիռոզ) ուղեկցվող, ձգձգվող կամ քրոնիկական ձևերին անցումը։ Հիվանդները