Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/274

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

20-30 րոպե պահելուց հետո լվացվել։

Մրգով, հատապտղով և բանջարեղենով Դ-ները պարունակում են մաշկին անհրաժեշտ վիտամիններ։ Օգտագործում են մաշկի սնուցման և մաքրման համար։

ԴԻՄԱՓՈՇԻ, դիմահարդարման միջոց։ Դ. կիրառում են դեմքի մաշկը մթնոլորտային ազդեցությունից (արևի ճառագայթներ, ջերմաստիճանի կտրուկ փոփոխություն, բարձր խոնավություն) պաշտպանելու, ինչպես նաև գեղազարդիչ (մաշկին փայլատ երանգ, թարմություն տալու, մաշկի թերությունները քողարկելու) նպատակով։ Դ-ի բաղադրամասերն են. տալկը, ճենակավը, եգիպտացորենի օսլան, ցինկի ստեարատը, ցինկի օքսիդը, տիտանի օքսիդը, ներկանյութեր, բուրավետ նյութեր և հատուկ հավելանյութեր (մաշկաքսուք, բարձրամոլեկուլային ջրածնավորված սպիրտ ևն)։ Կան տարբեր երանգի Դ-ներ. սպիտակ, մարմնագույն, վարդագույն, դեղնավարդագույն (ռաշել), արևայրուկի գույնի։

Թողարկում են նաև հոծ (կոմպակտ), հեղուկ և քսուքանման Դ.։ Տարբերում են բնականոն, ճարպոտ և չոր մաշկի համար նախատեսված Դ-ներ։ Դ. օգտագործելուց առաջ մաշկը պետք է մաքրել (մանրամասն տես Մաշկ հոդվածում), չոր մաշկի դեպքում ծածկել մաշկաքսուքի բարակ շերտով։

Դ. պետք է համապատասխանի դեմքի մաշկի և մազերի երանգին։ Այն պետք է քսել բարակ հավասար շերտով։ Շիկահերներին խորհուրդ է տրվում բաց վարդագույն երանգի Դ., արևից թխացած մաշկի դեպքում՝ դեղնավուն Դ.։ Ռաշել Դ. խորհուրդ է տրվում դեմքի գհւնատ մաշկով սևահեր և թուխ մաշկով կանանց։ Երբեմն նպատակահարմար է օգտագործել տարբեր երանգների Դ.ների խառնուրդ. թուխ մաշկի համար՝ ռաշել և վարդագույն (հավասար քանակով), բաց մաշկի համար՝ սպիտակ, ռաշել և վարդագույն (1:1:2 հարաբերությամբ)։ Դ. պետք է միշտ փակ պահել, քանի որ խոնավություն կլանելով կորցնում է համասեռությունը և վատ է քսվում մաշկին։ Դ. անհրաժեշտ է հեռու պահել սուր հոտ ունեցող նյութերից։

ԴԻՖԹԵՐԻԱ, սուր վարակիչ հիվանդություն։ Հարուցիչը Դ-ի ցուպիկն է։ Առավել հաճախ հիվանդանում են 1-10 տարեկան երեխաները, հազվադեպ՝ մեծահասակները։ Վարակը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով, ինչպես նաև հիվանդի գործածած առարկաների միջոցով։ Դ-ով վարակվում են նաև առողջացածների (որոշ ժամանակ շարունակում են արտազատել մանրէներ) և բակտերիակիրների (տես Բակտերիակրություն) հետ շփվելիս։

Հիվանդությունը բնորոշվում է բակտերիային թույնով օրգանիզմի ընդհանուր թունավորման երևույթներով և հարուցիչի թափանցման տեղում (բկանցք, կոկորդ, քթի խոռոչ, երբեմն աչք, սեռական օրգաններ, վերքեր, նորածնի պորտը) բորբոքման օջախների առաջացմամբ։ Նշագեղձերի վրա (բկանցքի Դ. հիվանդության ավելի հաճախ հանդիպող ձևերից է) առաջանում է փառ, երբեմն զարգանում է կոկորդի այտուց, որը կարող է հանգեցնել շնչափողի նեղացման և շնչառության խանգարման (Դ-ային կրուպ)։ Հնարավոր են նաև ծանր բարդություններ, սրտի, ծայրամասային նյարդերի, երիկամների ախտահարումներ։ Մարմնի ջերմաստիճանի բարձրացման և կոկորդի ցավերի ժամանակ հիվանդին պետք է պառկեցնել, հնարավորության դեպքում մեկուսացնել և բժիշկ հրավիրել։

Դ-ով հիվանդին անհրաժեշտ է հոսպիտալացնել։ Հիվանդի հետ շփված երեխաներին թույլատրվում է հաճախել մանկական հիմնարկություն՝ նրանց մեկուսացնելուց, բնակարանը վարակազերծելուց և քթի ու բկանցքի լորձի բակտերիաբանական հետազոտության բացասական արդյունք ստանալուց հետո։ Հիվանդացածներին թույլատրվում է մանկական հիմնարկներ հաճախել հիվանդանոցից դուրս գրվելուց հետո՝ բակտերիաբանական հետազոտության կրկնակի բացասական արդյունք ստանալու դեպքում։ Դ-ի կանխարգելման համար կարևոր են պատվաստումները (տես նաև Կանխարգելիչ պատվաստումներ, Մանկական վարակիչ հիվանդություններ, Հակահամաճարակային միջոցառումներ

ԵՂՆՋԱՑԱՆ, հիվանդություն, որի դեպքում մաշկի վրա ի հայտ է գալիս ուժեղ քորվող ցան՝ նման եղինջով դաղելուց առաջացած բշտիկներին (այստեղից՝ անվանումը)։ Ե. օրգանիզմում ալերգիական ռեակցիաների առկայության հետևանք է (տես Ալերգիա): Առավելապես պայմանավորված է որոշ սնընդամթերքի (հաճախ ձու, ելակ, շոկոլադ, ցիտրուսներ, մեղր, ձկան որոշ տեսակներ) և դեղորայքային պատրաստուկների (առավելապես հակաբիոտիկներ) նկատմամբ օրգանիզմի անհանդուրժողականությամբ։

Քրոնիկական, պարբերաբար վերսկսվող, երբեմն մի քանի ամիս տևող Ե., որպես կանոն, պայմանավորված է ներքին օրգանների (լյարդ, ստամոքսաղիքային համակարգ, երիկամներ) հիվանդությունների, նյութափոխանակության խանգարումների, դանդաղ ընթացող վարակիչ հիվանդությունների օջախների, նշիկների (տոնզիլիտ), քթի հավելյալ ծոցերի (հայմորիտ), ականջի (օտիտ) քրոնիկական բորբոքումների առկայությամբ։

Հիվանդությունն սկսվում է հանկարծակի, մեծամասամբ բշտիկներն անհետանում են մի քանի ժամից։ Երբեմն հիվանդությունը ձգձգվում է և ուղեկցվում մարմնի ջերմաստիճանի բարձրացմամբ, ընդհանուր թուլությամբ։ Կոկորդի լորձաթաղանթի վրա ցաների առաջացումն ուղեկցվում է հազով, հազվադեպ շնչահեղձությամբ։ Բուժումը կատարվում է բժշկի նշանակմամբ։ Խորհուրդ է տրվում պահպանել կաթնաբուսական սննդակարգ՝ օրաբաժնում բացառելով ալերգիա առաջացնող սննդամթերքը, ինչպես նաև սուր ճաշատեսակները և ապուխտները։ Քորը