Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/276

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կենդանիների ժամանակին հայտնաբերումը, դրանց մեկուսացումը և հետազոտումը, հիվանդ կենդանիների կաթի վաճառքի և առանց սանիտարական հսկողության դրանց հարկադրական սպանդի արգելումը, համապատասխան տեղանքում կենդանիների կանխարգելիչ վակցինացումը և այլն։ Մեծ նշանակություն ունեն վարակազերծող միջոցառումները և անձնական հիգիենայի պահպանումը, հատկապես հատուկ հագուստի կրումը, անապահով տնտեսություններում, սպանդանոցներում, կաշվի գործարաններում աշխատողների կանխարգելիչ պատվաստումները։

ԷԼԵԿՏՐԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՅԾԱԿՆԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ, կենցաղային էլեկտրասարքերի հետ ոչ ճիշտ կամ անզգույշ վարվելը կարող է հանգեցնել վնասվածքների։ Թեթև տեսակի էլեկտրավնասվածքների դեպքում առաջանում են տեղային կարմրություն և ցավ (այրվածք), մարդը գունատվում է, գտնվում է արգելակված, վախեցած վիճակում։ Ծանր դեպքերում առաջանում են խոր այրվածքներ հոսանքի հետ հպման տեղում մարմնի հյուսվածքների ածխացումով, գիտակցության կորուստ, ջղաձգություն, շնչառության և սրտի գործունեության դադար։ Վնասվածքի ծանրության աստիճանը հիմնականում պայմանավորված է հոսանքի ուժով և հպման տևողությամբ։ Թույլ դիմադրությունը (նշանակություն ունեն խոնավ ձեռքերը, թաց կոշիկները, խոնավ գետինը) ծանրացնում է էլեկտրավնասվածքը, և նույնիսկ 36 Վ լարման «անվնաս» փոփոխական հոսանքի ներգործությունը կարող է մահվան պատճառ դառնալ։

Առաջին օգնություն ցույց տալիս ամենից առաջ հարկավոր է դադարեցնել էլեկտրական հոսանքի ներգործությունը, քանի որ տուժողը հաճախ ի վիճակի չի լինում պոկվել էլեկտրալարից։ Հարկավոր է անջատել հոսանքի աղբյուրը անջատիչի, խցանների, հոսանահատիչի միջոցով կամ մի կողմ քաշել տուժածին՝ նախապես մեկուսացնելով օգնություն ցույց տվողի ձեռքերը (ռետինե ձեռնոցով, չոր բրդով) և ոտքերը (ռետինե ճտքակոշիկով)։ Կարելի է նաև էլեկտրալարերը մի կողմ քաշել չոր փայտե առարկայով։

Շնչառության և սրտի աշխատանքի պահպանման դեպքում տուժածին անհրաժեշտ է լիակատար հանգիստ (մարմնի հորիզոնական դիրք), գոլ ըմպելիք, անուշադրի սպիրտի գոլորշիների շնչում, մաշկի այրվածքի դեպքում բորավազելինով կամ ջրածնի գերօքսիդով մշակում և մանրէազերծված բինտով վիրակապում։ Ծանր վնասվածքների՝ շնչառության, սրտխփոցի դադարի (կլինիկական մահ) դեպքում առաջին օգնությունը նախաբժշկական վերակենդանացումն է (սրտի մերսում, արհեստական շնչառություն «բերան-բերանի»)։ Միաժամանակ անհրաժեշտ է շտապ օգնության բժիշկ կանչել՝ անհետաձգելի բուժօգնություն ցույց տալու և տուժածին հիվանդանոց փոխադրելու համար։

Եթե էլեկտրավնասվածք ստանալուց 30-40 րոպե անց դեռ կա քնկոտություն, գլխապտույտ, գլխացավ, հաճախակի սրտխփոց, քրտնոտություն, դժվարացած շնչառություն, մկանների ջղաձգումներ, տուժածը կարիք ունի բուժական հսկողության և բժշկի օգնության։

Էլեկտրավնասվածք կարող է առաջանալ կայծակնահարումից՝ ամպրոպի ժամանակ մթնոլորտային էլեկտրականության պարպումից։ Այն կարծիքը, թե կայծակից (կամ էլեկտրական հոսանքից) տուժածին հարկավոր է հողի մեջ թաղել, որ հոսանքը «դուրս գա», ճիշտ չէ, քանի որ օրգանիզմը հողում արագ սառչում է, կրծքավանդակը սեղմվում, ուժեղանում է շնչառական և սրտային անբավարարությունը, բաց է թողնվում առաջին անհրաժեշտ արդյունավետ օգնություն ցույց տալու ժամանակը։

ԷԼԵԿՏՐԱՄԵՐՍԻՉ թրթռական, կազմված է պլաստմասսայե անջատովի իրանից, որի մեջ ներսարված է էլեկտրամագնիսական թրթռիչ։ Մերսումը կատարում են թրթռիչի առանցքին ամրացվող հատուկ գլխադիրներով։ Սարքն ունի թրթռման ուժգնության կարգավորիչ։ Աշխատում է 127 կամ 220 Վ լարման ցանցից։

Է-ի լրակազմի մեջ մտնում է հինգ գլխադիր։ Փափուկ (ռետինե) գլխադիրները (զանգծծիչ, բութակավոր և սպունգ) կիրառվում են մակերեսային մերսման դեպքում, կոշտ գլխադիրները (կիսաշրջան և գնդիկ)՝ խոր մերսման կամ մերսվող մակերևույթի ուժգին տրորման դեպքում։

Է-ով մերսումն ուժեղացնում է արյան և ավշի շրջանառությունը, կարգավորում արգելակման պրոցեսները գլխուղեղի կեղևում, լայնացնում արյունատար անոթները, բարելավում մաշկի սնուցումը, բարձրացնում մկանների առաձգականությունը և աշխատունակությունը ևն։ Է. կարելի է գործածել միայն բժշկի թույլտվությամբ։ Անոթային հիվանդությունների, էկզեմայի, թարախային և բորբոքային այլ պրոցեսների, արյունահոսության դեպքում Է-ից օգտվելն անթույլատրելի է։ Մարմնի մերսվող մասին կարիք չկա մաշկաքսուք կամ որևէ այլ կոսմետիկական միջոց քսել, քանի որ դա թուլացնում է մերսիչի ազդեցությունը։ Խորհուրդ չի տրվում նաև գլխիկը ամուր սեղմել մարմնին։ Չի կարելի սարքը միացնել միանգամից լրիվ հզորությամբ։ 20 րոպե անընդմեջ աշխատելուց հետո Է. պարտադիր կերպով պետք է անջատել 15-20 րոպեով՝ խուսափելու համար գերտաքացումից։

Խորհուրդ է տրվում գլխիկները լվանալ գոլ ջրով, պարբերաբար մաքրել նոսրացրած սպիրտով թրջած բամբակով։