Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/290

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

%-անոց լուծույթով։ Շատ կարևոր է մաշկի (հիգիենային լոգանքներ, լվացումներ, շփումներ) և բերանի լորձաթաղանթի (յուրաքանչյուր ուտելուց հետո բերանի ողողումներ) խնամքը։ Կրծքի երեխաներին հարկավոր է տալ մայրական կաթ և ավելացնել թթու կաթնախառնուրդներ (մածուն, ացիդոֆիլին), ավելի մեծերին՝ կիսահեղուկ սնունդ, առատ հեղուկներ, ինչպես նաև A, C և B խմբի վիտամիններ։

Չպատվաստված (Կ-ով չհիվանդացած) հիվանդների հետ շփված երեխաներին չի թույլատրվում հաճախել մանկական հիմնարկություն և դպրոցի 1-2-րդ դասարաններ՝ 17 օր, իսկ գամմա-գլոբալին ներարկվածներին՝ 21 օր։ Կ-ով չհիվանդացած և չպատվաստված երեխաներին շտապ պատվաստում են կատարում, իսկ վակցինայի նկատմամբ հակացուցումների առկայության դեպքում ներարկում են գամմա-գլոբուլին։ Տես նաև Մանկական վարակիչ հիվանդություններ, Կանխարգելիչ պատվաստումներ, Հակավիրուսային պատրաստուկներ։

ԿԵՑՎԱԾՔ, ձևավորվում է վաղ մանկական տարիքից աճի, զարգացման և դաստիարակման ընթացքում։ Ճիշտ Կ-ի դեպքում մարմինն առանց լարվածության պահպանում է ուղիղ դիրքը՝ ուսերը փոքր-ինչ հետ տարած, փորը ներս քաշած։ Այսպիսի Կ-ով մարդկանց քայլվածքը թեթև է, շարժումներն՝ անկաշկանդ, բոլոր ներքին օրգանները գտնվում են ճիշտ դիրքում։ Սխալ Կ. ոչ միայն տգեղ է, այլև վատ է ազդում օրգանիզմի կենսագործունեության վրա, բացասաբար է անդրադառնում սրտի, թոքերի, լյարդի, ստամոքսի և աղիքների աշխատանքի վրա։ Կ. կախված է մարմնի բոլոր մկանների հավասարաչափ զարգացումից։ Ողնաշարը պահող, ինչպես նաև փորի մկանների անհավասարաչափ կամ թույլ զարգացումը բերում է Կ-ի տարբեր խախտումների (կուզ, թուլացած Կ. ևն), երբեմն նույնիսկ ողնաշարի կորացման։ Կուզի դեպքում ողնաշարի կրծքային մասը հավասարաչափ կորացած է դեպի հետ (կոր մեջք), գլուխը հակված է առաջ, կրծքավանդակը տափակած է, ուսերն առաջ են ընկած, փորը դուրս է ցցված։ Թուլացած Կ-ին բնորոշ է տափակ կրծքավանդակը, դուրս ցցված թիակները, ծնկամասում ծալված ոտքերը, առաջ եկած ուսերը, կախ ընկած գլուխը։ Երեխայի ճիշտ Կ-ի ձևավորման մասին պետք է հոգալ դեռևս վաղ մանկական տարիքից։ Կրծքի երեխային չի կարելի կիպ բարուրել, քանի որ դա սահմանափակում է շարժումները և խանգարում բնականոն զարգացմանը։ Չի թույլատրվում նաև երեխային ժամանակից շուտ նստեցնելը։ Երեխային միշտ նույն ձեռքով գրկելը կամ նույն ձեռքից բռնած քայլելը բերում է թե՛ երեխայի, թե՛ մոր Կ-ի խախտմանը, ողնաշարի ծռմանը։ Տարբեր հիվանդությունները (ռախիտ, վարակիչ հիվանդություններ, ճարպակալում ևն), տափակաթաթությունը, սխալ ռեժիմը, ոչ լիարժեք սնունդը և այլ գործոններ կարող են հանգեցնել երեխայի Կ-ի խախտմանը։

Ավելի հեշտ է կանխել սխալ Կ-ի առաջացամը, քան այն ուղղել։ Ճիշտ Կ-ի ձևավորման համար կարևոր նշանակություն ունեն ռացիոնալ սնունդը, մաքուր օդը, մերսումը, մարմնամարզությունը, մարմնի կոփումը և կահույքի ճիշտ ընտրությունը։ Երեխային պետք է սովորեցնել հետևել իր Կ-ին։ Երեխան պետք է քնի մեջքի վրա պառկած՝ հարթ և ձիգ ներքնակի վրա։ Չի կարելի քնել միշտ նույն կողքի վրա կամ կուչ եկած։

Կ-ի խախտման և ողնաշարի ծռման հիմնական պատճառը մարմնի սխալ դիրքն է, կուզիկանալու, ուսերը և կոնքը ծռելու, սեղանի մոտ կամ դպրոցական նստարանին սխալ նստելու սովորությունը։ Անհրաժեշտ է մշակել ճիշտ քայլելու, նստելու և կանգնելու (գլուխը