Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/292

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԿՈՇՏՈՒԿ, հիմնականում առաջանում է ոտքերի և ձեռքերի մատների, երբեմն ներբանների և կրունկների վրա նեղ կոշիկ հագնելու և ոտքերը բավարար չափով չխնամելու հետևանքով։ Կ-ները կարող են բորբոքվել և թարախակալվել։ Ցանկալի է Կ-ները հեռացնել մասնագիտացված կաբինետներում։ Կ-ները կարելի է հանել նաև տան պայմաններում։ Դրա համար պետք է Կ-ին քսել կոլոդիում՝ 10 %-անոց սալիցիլաթթվով և կաթնաթթվով կամ Կ-ի համար նախատեսված հակաբորբոքային սպեղանի դնել։ 2-3 անգամ քսելուց հետո ոտքերը պետք է դնել (10-15 րոպե) սոդայով գոլ օճառաջրի մեջ (1 լ ջրին 1 թեյի գդալ խմելու սոդա և մի քիչ քերած օճառ)։ Փափկած եղջրազանգվածը զգուշորեն (որպեսզի չարյունահոսի) քերել նախօրոք սպիրտով կամ օդեկոլոնով ախտահանած մկրատով կամ ածելիով։ Ոտքերը չորացնելուց հետո լավ է սնուցող մաշկաքսուքով կոմպրես անել. մաշկաքսուքը քսել թանզիֆին, դնել կոշտուկի վրա, ծածկել յուղաթղթով և կապել։

ԿՈՍՄԵՏԻԿԱ (հուն. հարդարելու, գեղեցկացնելու արվեստ), մարդու մաշկը խնամելու և արտաքինը գեղեցկացնելու միջոց։ Կ. լայն տարածում է ունեցել դեռևս հին դարերում։ Եգիպտացիները, հռոմեացիները, արաբները ներկում էին այտերը, թարթիչները, կոպերը, գանգրացնում մազերը, օգտագործում էին օծանելիքին փոխարինող բուրումնավետ յուղեր։ Հին Հայաստանում տարածում գտած Կ-ի մասին տեղեկություններ են հաղորդում հայ պատմիչները։ Կոսմետիկական միջոցների բաղադրության մեջ (ինչպես և այժմ) մտնում էին կենդանական և բուսական ճարպեր, եթերայուղեր, խեժեր, ներկեր ևն։ Տարբերում են բուժական և գեղազարդիչ Կ.։

Կոսմետոլոգիան գիտություն է, որն ուսումնասիրում է կոսմետիկական հիվանդության և արտաքին թերությունների առաջացման պատճառները, կանխարգելումն ու դրանց բուժման մեթոդները։ Այդ նպատակով ստեղծված են հատուկ բուժարաններ և կաբինետներ։ Առավել տարածված կոսմետիկական հիվանդություններից են պզուկները, մազաթափումը, մազոտությունը, մաշկի գունակավորման (պիգմենտացիայի) խախտումը, բարորակ նորագոյացությունները (գորտնուկներ, խալեր, պտկուռուցքներ) ևն։

Կոսմետիկական վիրաբուժությունը հնարավորության է տալիս շտկել տարբեր ձևախախտումներ (քթի, շրթունքների, ականջախեցու), հեռացնել խալերը և դաջվածքները, դեմքի մաշկի (ճակատի, կոպերի, կզակի, պարանոցի) հավելյալ գոյացությունները ևն։ Գեղազարդման Կ-ի միջոցներից են կոպերի և հոնքերի մատիտները, կոպերի ստվերաներկը, թարթիչների սևաներկը, մազերի ներկերը, այտերի կարմրաներկը, դիմափոշին, շրթներկը, օդեկոլոնը, օծանելիքը, քրտնելու դեմ միջոցները ևն։

ԿՈՏՐՎԱԾՔ, ոսկրի վնասումը դրա ամբողջականության խախտմամբ։ Տարբերում են վնասվածքային Կ-ներ, որոնք սովորաբար առաջանում են ոսկրի վրա հանկարծակի, ուժեղ մեխանիկական ազդեցության (հարված, վայր ընկնել, հրազենային վիրավորումներ) հետևանքով, և ախտաբանական՝ ոսկրային հյուսվածքի հիվանդագին փոփոխությունների (օստեոմիելիտ, ուռուցքներ և այլն) ժամանակ։ Վերջիններս սովորաբար լինում են աննշան վնասվածքի հետ կապված կամ նույնիսկ ինքնուրույն։ Կ-ները լինում են փակ և բաց, երբ ախտահարվում են մկանները և մաշկը։ Հաճախ հանդիպում են վերջույթների երկար ոսկրերի վնասվածքային Կ-ներ։

Կ-ի ախտանշաններն են ուժեղ ցավը, վերջույթից օգտվելու անհնարինությունը, վնասված վերջույթի շարժողության և ձևի փոփոխությունը, երբեմն ոսկրաբեկորների ճարճատյունը, շրջակա փափուկ հյուսվածքների արյունազեղումը և այտուցվածությունը։ Կողոսկրերի Կ-ին բնորոշ է ցավը խորը շնչառման ժամանակ և հազալիս։

Ոչ մի դեպքում չի թույլատրվում ինքնուրույն ուղղել Կ., այսինքն վերացնել վերջույթի ձևի փոփոխությունը (ծռվածությունը) փակ Կ-ի դեպքում կամ ուղղել դուրս ցցված ոսկրը բաց Կ-ի դեպքում։ Տուժածին հարկավոր է հնարավորին չափ շուտ հասցնել բուժհիմնարկություն։ Ցանկացած ոսկրի Կ-ի դեպքում հարկավոր է ամենից առաջ ապահովել դրա լրիվ հանգիստը և անշարժությունը, քանի որ յուրաքանչյուր տեղաշարժ առաջացնում է ուժեղ ցավ և կարող է հանգեցնել մաշկի պատռման, արյան անոթների վնասման և արյունահոսության։

Կ-ի ժամանակ հարկավոր է անմիջապես բեկակալ դնել ցանկացած պինդ նյութից (փայտ, մետաղ, պլաստմասսա)։ Բեկակալ կարող է ծառայել ձողը, հովանոցը, գավազանը, տախտակը, քանոնը և այլն։ Բեկակալը, որպես կանոն, դնում են հագուստի և կոշիկի վրայից։ Մերկացրած մակերևույթին դնելիս, հարուկներից խուսափելու համար, պետք է պաշտպանել ոսկրային ցցվածքները (կոճերը, ոսկրաթմբիկները) թանզիֆե կամ բամբակե տակդիրով։ Բեկակալը կապում են կոտրված վերջույթին մի քանի տեղից, նպատակահարմար է վիրակապով (տես Վիրակապ): Վերջինիս բացակայության դեպքում՝ փոկերով, գործվածքի կտորով, պարանով և այլն։ Բեկակալի երկարությունը պետք է ընդգրկի այն երկու հոդերը, որոնց միջև է Կ. (օրինակ, ազդրոսկրի Կ-ի դեպքում կոնքազդրային և ծնկային հոդերը)։ Չի կարելի բեկակալը չափից ավելի ձիգ կապել, կապից ներքև վերջույթը չպետք է կապտի