Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/297

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Խնամքի անհրաժեշտ առարկաներն են մանրէազերծ վազելինի յուղը և բամբակը, ծծակները, մարմնի և ջրի ջերմաչափերը, հոգնայի անոթը, ջեռակը, աչքի կաթոցիչը, բորաթթվի 2 %-անոց, կալիումի գերմանգանատի բաց վարդագույն լուծույթները (թարմ պատրաստված), յոդի կամ ադամանդականաչի լուծույթը։

Անկողինը։ Երեխան պետք է ունենա առանձին մահճակալ և քնի առանձին։ Շատ վնասակար է, եթե մանկական մահճակալը դրված է անկյունում, որտեղ օդը քիչ է, կամ էլ եթե այն լույսից անջրպետվում է վարագույրով։ Չի կարելի մահճակալը դնել ջեռուցիչ սարքերի կամ մուտքի դռան մոտ։

Փոքր երեխայի ներքնակը պետք է խնամքով լվանալ և օդափոխել։ Շատ լավ են ծովախոտով, ձիու մազով, նուրբ փայտե գալարատաշեղներով և նմանատիպ նյութերով լցված ներքնակները։ Ներքնակը պետք է ծածկել մոմլաթով, ապա՝ սավանով։ Ներքնակի երեսը պետք է կարված լինի լավ լվացվող գործվածքից։ Չի կարելի օգտագործել փետրե կամ բամբակե ներքնակ։ Ձմռանը պետք է օգտագործել վերմակակալներով բրդե կամ բայկայե վերմակ, իսկ ամռանը՝ գործվածքե ծածկոց։ Ձմեռային զբոսանքների համար անհրաժեշտ է նաև բամբակե վերմակ։ Վերմակին հագցվում է վերմակակալ կամ կարվում սավանիկ։ Կ.ե–ին բարձ պետք չէ, իսկ մեծ բարձը նույնիսկ վնաս է։ Ոչ մի դեպքում չի կարելի երեխայի մահճակալը ծածկել ծածկոցով, սավանով ևն։ Այն երեխային զրկում է թարմ օդից։ Պետք է հիշել, որ Կ.ե. քնում է օրվա զգալի մասը, այդ պատճառով էլ քնի համար պետք է ստեղծել առավել առողջարար պայմաններ։ Անկողինը պետք է պահել մաքուր, անհրաժեշտ է ամեն օր դրսում, բաց լուսամուտով կամ օդանցքով սենյակում օդափոխել մահճակալը և անկողինը։

Խորհուրդ չի տրվում երեխային օրորել ինչպես ձեռքերի վրա, այնպես էլ մահճակալի մեջ, քանի որ քունը դառնում է ծանր։ Առողջ երեխան լավ է քնում և առանց օրորելու։ Եթե երեխան արդեն սովորել է օրորելուն, ապա կարելի է 5-6 օրվա ընթացքում հետ սովորեցնել։

Սայլակը։ Նախընտրելի է օգտագործել բարձր սայլակ, քանի որ գետնին շատ մոտ օդը խիստ փոշոտ է։ Լավագույնն են լավ լվացվող, անխոնավաթափանց նյութերից պատրաստված, հետ ծալվող թափքածածկոցով սայլակները, որի հատակին պետք է դնել երեսքաշված և մաքուր բարուրաշորով ծածկված ներքնակ, իսկ վերջինիս տակ, գլխատեղի սնարքի մասում, տեղավորել ոչ մեծ հարթ բարձ։ Ներքնակը պետք է լինի հարթ, ոչ շատ փափուկ։ Դրա պատրաստման համար կարելի է օգտագործել պորոլոն, որը հեշտությամբ լվացվում է։ Ներքնակը և բարձը պետք է լվանալ հաճախ, օդափոխել ամեն օր։ Ձմռանը ներքնակի վրա պետք է փռել տաք շոր։ Որոշ սայլակներ ունեն մոմլաթե տոպրակներ, որտեղ կարելի է տեղավորել երեխայի իրերը։ Սայլակի մեջ ավելորդ ոչինչ չպետք է լինի։ Սայլակը չի կարող փոխարինել երեխայի առաջին մահճակալին գլխավորապես այն պատճառով, որ բարձր, փակ կողերից վատ է թափանցում օդը։ Զբոսանքից հետո սայլակը պետք է մաքրել խոնավ շորով, մետաղե մասերը ժամանակ առ ժամանակ յուղել, որ չժանգոտեն։

Հագուստը։ Երեխային պետք է հագցնել ըստ եղանակի, պետք չէ տաք փաթաթել։ Հագուստը պետք է լինի բավականաչափ տաք, թեթև, չնեղի շարժումները, չխոչընդոտի քրտինքի գոլորշիացումը։

Հատկապես վնասակար է երեխային տաք փաթաթել ամռանը, առանց այդ էլ նա թուլանում է տապից։ Պետք չէ երեխային սովորեցնել գլխարկի կամ գլխաշորի։ Ավելի լավ է, եթե նա քնի գլուխը բաց։

Նորածնի սպիտակեղենի մեջ մտնում են բարուրաշորերը, արձակ շապիկները, ֆլանելե թեթև կոֆտաները (այդ թվում նաև երկար թևքերով ծայրերը կարված)։ 2 ամսականից բարուրաշորերը փոխարինում են չոչաշորերով, ամռան շոգ օրերին, երեխաներին հագցնում են բարուրաշորով վարտիք։ Մինչև 3 ամսական երեխայի հագուստի բաղկացուցիչ մասն են կազմում նաև տակաշորերը և վերմակները, 3 ամսականից՝ մանկական վարտիքները, գործած մուճակները, չոչաշորերը։ Մի երեխայի համար, ամենօրյա լվացքի դեպքում, պետք է ունենալ 8-12 արձակ շապիկ և չոչաշոր, 4-6 տաք թեթև կոֆտա (ֆլանելե կամ բայկայե)։ 60x65 սմ չափի տակաշորերը (20-24 հատ) սովորաբար պատրաստվում են երկտակ թանզիֆից կամ հին սպիտակեղենից, չթից։ Առավել հարմար են 100x100 չափի բարուրաշորերը, խորհուրդ է տրվում ունենալ 24 բամբակե թեթև և 12 բումազե, ֆլանելե կամ բայկայե տաք բարուրաշորեր։ Անհրաժեշտ է ունենալ 2 կապագլխարկ կամ 2 թեթև գլխաշորեր, ինչպես նաև 2 բարակ և 1 տաք վերմակներ։ 3 ամսականից մինչև 1 տարեկանը հագուստի քանակը ավելանում է. 5 բարակ և 5 տաք արձակ շապիկներ, 5-6 բայկայե, կոճակներով թեթև կոֆտաներ, ամառվա համար՝ 5-6 չթե թեթև կոֆտաներ, տարվա ցուրտ եղանակի համար՝ 10-15 տաք չոչաշորեր, 10-15 ամառային թեթև չոչաշորեր, բրդե տաք հագուստ, բրդե տաք գլխարկ (երկտակ), 2 բարակ գլխարկներ, ձմեռային և թեթև վերարկուներ, 1 զույգ թաթման։ 11-12 ամսականից երեխան սկսում է կանգնել, անհրաժեշտ է, որ հագուստը չկաշկանդի շարժումները։ Այդ ժամանակ արձակ շապիկները փոխարինում են առջևից կտրված վերնաշապիկներով։ 11-12 ամսականում երեխային անհրաժեշտ են կոշիկներ, ձմեռվա համար՝ կաճյակներ կամ թաղիքե կոշիկներ։ Ձմռանը դրսում (թարմ օդում) քնելու համար անհրաժեշտ է տաք քնապարկ։

Ինչպես բարուրել երեխային։ Բարուրելուց առաջ սեղանին փռում են բայկայե վերմակ, այնուհետև մոմլաթ, ֆլանելե, ապա բամբակե բարուրաշորեր, և, վերջապես, եռանկյունաձև ծալած տակաշոր: