Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/322

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հիվանդներն ընդունում են հարկադրական (ցավող կողմին հակառակ) կեցվածք, որը նպաստում է ողնաշարի ծռմանը և հիվանդության ընթացքի վատացմանը (դրա համար բժիշկը խորհուրդ է տալիս քնել հարթ, կոշտ անկողնում կամ տախտակի վրա)։ Սովորաբար այդպիսի Ն-ի դեպքում ախտահարվում է նաև ողնաշարի սրբոսկրային հատվածը և առաջանում է գոտկասրբոսկրային Ն. կամ նստանյարդաբորբ (իշիաս), որի դեպքում ցավերը տարածվում են ազդրի, ծնկի և ոտնաթաթի վրա (ախտահարվում է նստանյարդը)։ Հիվանդները չեն կարողանում ծալել, ուղղել ոտքը։ Պարանոցային և ուսապարանոցային Ն-ի դեպքում ցավը տեղակայվում է ծոծրակի, պարանոցի վրա, տարածվում դեպի ուսը, թիակը։ Կրծքային Ն. բնորոշվում է կրծքավանդակի ցավերով, որն ուժեղանում է խորը շնչառության, հազի դեպքում։

Ն. բուժում են հիմնականում առաջացնող պատճառը վերացնելով։ Ցավազրկող դեղամիջոցների հետ միաժամանակ լայնորեն կիրառում են ֆիզիոթերապևտիկ բուժամիջոցներ, բուժական մարմնամարզություն։ Ջերմային բուժամիջոցների ինքնուրույն ընդունումը, ցավազրկող և այլ դեղանյութերի օգտագործումը հիվանդի վիճակը լավացնում են ժամանակավոր։ Ն-ի և դրա սրացումների կանխարգելման համար մեծ նշանակություն ունեն համապատասխան մկանախումբն ամրապնդող բուժական մարմնամարզությունը, ֆիզկուլտուրայով և սպորտով զբաղվելը, օրգանիզմի կոփումը, օրգանիզմի գերսառեցումը կանխող միջոցառումները։

ՆՇԻԿԱԲՈՐԲ, տոնզիլիտ, քմային նշագեղձերի բորբոքում։ Տարբերում են սուր անգինա և քրոնիկական Ն.։ Վերջինս սովորաբար առաջանում է կրկնվող անգինաներից հետո։ Հիվանդության զարգացմանը նպաստում են դժվարացած քթային շնչառությունը, քթի հավելյալ խոռոչների քրոնիկական բորբոքումը, ատամների ոսկրափուտը։ Բորբոքային պրոցեսը տեղակայվում է հիմնականում նշագեղձերի փոսիկներում։ Հիվանդները գանգատվում են պարբերաբար առաջացող ոչ ուժեղ ցավերից (կուլ տալիս), ըմպանում օտար մարմնի զգացումից։ Հիվանդությունը կարող է ուղեկցվել ջերմաստիճանի երկարատև բարձրացումով (37,1-37,5 °C, երբեմն մի քանի շաբաթվա, նույնիսկ ամիսների ընթացքում), ընդ որում նկատվում է ընդհանուր թուլություն, տկարություն, հոդացավեր, գլխացավեր։ Բուժումը նշանակում է բժիշկը։ Քրոնիկական Ն-ի կանխարգելման մասին տես Անգինա հոդվածում։

ՆՍՏԱՆՅԱՐԴԱԲՈՐԲ, տես Նյարդարմատաբորբ։

ՇԱՂԿԱՊԵՆԱԲՈՐԲ, կոնյունկտիվիտ, կոպերի ներքին մակերևույթը և ակնագնդի առաջային մասը ծածկող լորձաթաղանթի բորբոքում։ Բնորոշվում է ակնագնդի կարմրությամբ, շճային կամ շճաթարախային արտադրությամբ, արցունքահոսությամբ, լուսավախությամբ, աչքում ջերմության, ծակոցի («ավազի») զգացողությամբ (օտար մարմնի բացակայության պայմաններում)։ Տարբերում են սուր և քրոնիկական Շ.։

Սուր Շ. սովորաբար առաջանում է ախտածին մանրէներով (երբեմն դիֆթերիայի կամ գոնոռեայի), վիրուսներով վարակվելիս և զարգանում է արագ, սկսվում է ուժեղ թարախային արտադրություն, որից թարթիչները կպչում են իրար, և հիվանդն առավոտյան միայն լվացվելուց հետո է կարողանում աչքերը բացել։ Լորձաթաղանթի վրա երբեմն լինում են փոքր արյունազեղումներ։ Սովորաբար ախտահարվում են երկու աչքը միաժամանակ։ Հիվանդությունը տևում է 2-4 շաբաթ։ Վարակը կարող է աչք թափանցել կեղտոտ ձեռքերի, սրբիչի, թաշկինակի միջոցով։ Հիվանդության առաջին նշաններն ի հայտ գալուն պես հարկավոր է շտապ դիմել ակնաբույժի և, վարակը չտարածելու համար, ժամանակին մեկուսացնել հիվանդ երեխաներին։ Սուր վարակիչ Շ-ի բուժման համար արդյունավետ են հակաբակտերիային դեղանյութերը, որոնք կարելի է օգտագործել միայն բժշկի նշանակմամբ և հսկողությամբ։ Կաթիլներն աչքի մեջ կաթեցնելուց և քսուքը քսելուց հետո հարկավոր է կաթոցիչը և ապակե ձողիկները եռացնելով ախտահանել։ Չի կարելի աչքին վիրակապ դնել, քանի որ այն նպաստավոր պայմաններ է ստեղծում մանրէների կենսագործունեության և բազմացման համար, ինչպես նաև նպաստում եղջերաթաղանթի վրա հիվանդագին գործընթացի տարածմանը։ Շ-ի կանխարգելման համար պետք է պահպանել անձնական հիգիենայի կանոնները։ Քրոնիկական Շ. տարբերվում է առավել երկարատև ու համառ ընթացքով և դրսևորվում է թույլ արտահայտված բորբոքային երևույթներով։ Հիվանդության առաջացմանը նպաստում են փոշին և ծուխը՝ վատ օդափոխվող շինություններում, ինչպես նաև օրգանիզմի ընդհանուր մի քանի հիվանդություններ, սննդի ռեժիմի խանգարումները։

Քրոնիկական Շ-ով հիվանդանում են նաև վատ տեսողությամբ մարդիկ, եթե չեն օգտագործում բժշկի նշանակած ակնոցները։

ՇԱՄՊՈՒՆ, պատրաստման համար հիմնական հումքը կոկոսի բնական յուղի հատուկ վերամշակմամբ ստացված մակերևութաակտիվ նյութերն են։ Թողարկվում են հեղուկ, դոնդողանման կամ քսուքանման Շ-ներ։ Տարբերում են բնականոն, չոր և ճարպոտ մազերի համար նախատեսված Շ-ներ։ Հեղուկ Շ-ները մակերևութաակտիվ նյութերի ջրասպիրտային լուծույթներ են՝ ճարպայնացնող և այլ օգտակար խառնուկներով։ Դոնդողանման և քսուքանման Շ-ները պատրաստվում են մակերևութաակտիվ նյութերի հիման վրա ճարպայնացնող և կենսաբանորեն ակտիվ նյութերի (բուսական լուծամզուկներ, վիտամիններ, ամինաթթուներ) խառնուկներով։

Երեխաների համար թողարկում են հատուկ Շ-ներ, որոնք չեն գրգռում աչքերի լորձաթաղանթը։

ՇԱՔԱՐԱԽՏ, շաքարային միզահյուծություն, ժառանգական կամ ձեռքբերովի հիվանդություն, պայմանավորված է օրգանիզմում ենթաստամոքսային գեղձի արտադրած ինսուլին հորմոնի անբավարարությամբ, որի հետևանքով խանգարվում է նյութափոխանակությունը, հյուսվածքներում խաղողաշաքարը չի յուրացվում, ավելանում է լյարդից դրա արտազատումը արյան մեջ, և միաժամանակ ընկնում ածխաջրերից ճարպերի առաջացման ունակությունը։ Արդյունքում՝ արյան մեջ շաքարի քանակն ավելանում է, իսկ հյուսվածքներում՝ խիստ պակասում։ Հիվանդության առաջացման կարևոր գործոն է ոչ լիարժեք սնունդը՝ հեշտ յուրացվող ածխաջրերի չափից ավելի ընդունումը։ Որոշ դեպքերում Շ-ի առաջացումը կապված