Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/326

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հիվանդությունն սկսվում է բարձր (39-40 °C) ջերմաստիճանով, որը կարող է պահպանվել մինչև 2 ամիս։ Լինում են մկանացավեր և հոդացավեր, հազ, մաշկի ցանավորում, ստամոքսաղիքային համակարգի խանգարումներ, երբեմն դեղնախտ։ Սուր շրջանի ավարտից հետո նկատվում են որովայնի վերին հատվածի ցավեր։ Հիվանդության հետևանքով առաջանում են ծանր բարդություններ։ Լյարդի երկծծանը (ֆասցիոլա, մարմնի երկարությունը՝ 3-7 սմ) ֆասցիոլոզ հիվանդության հարուցիչն է։ Մակաբուծում է լեղապարկում և լեղածորաններում։ Վարակվում են թրթուրներ պարունակող չեռացրած ջուր խմելիս կամ ջրային բույսեր ուտելիս։ Հիվանդությունն սկսվում է սաստկացող թուլությամբ, գլխացավով, հաճախ նկատվում են եղնջացան, տենդ, որովայնի ցավեր, երբեմն՝ դեղնախտ։ Շատ ճիճվային (հելմինթոզներ) և աղիքային վարակիչ հիվանդություններ «կեղտոտ ձեռքերի հիվանդություններ» են։

Ո-ով վարակումը կանխելու համար անհրաժեշտ է պահպանել անձնական հիգիենայի կանոնները (ուտելուց առաջ և զուգարանից հետո ձեռքերը լվանալ, հետևել մարմնի մաքրությանը, պարբերաբար փոխել ներքնաշորերը և անկողնու սպիտակեղենը), եռացրած ջրով լվանալ բանջարեղենը, միրգը, ինչպես նաև պահպանել մսեղենի և ձկնեղենի խոհարարական մշակման ու տնային կենդանիներ պահելու կանոնները։

ՊԵԴԻԿՅՈՒՐ, ոտքերի հատուկ խնամք։ Խորհուրդ է տրվում Պ. անել ամիսուկեսը մեկ անգամ։ Մաշկի եղջրացած մասերը փափկացնելու համար նախ ոտքերը պետք է դնել տաք օճառաջրի մեջ (կոշտուկները փափկացնելու համար ցանկալի է ավելացնել 1 ճաշի գդալ անուշադրի սպիրտ կամ խմելու սոդա)։ 20-30 րոպեից հետո ոտքերը չորացնել փափուկ սրբիչով, անվտանգ ածելիով կամ չեչաքարով զգուշորեն մաքրել կրունկի և ոտնաթաթի եղջերաշերտերը։ Այնուհետև հեռացնել կոշտուկները, եղունգները կտրել (մատի ուրվագծին զուգահեռ) և հատուկ խարտոցով ձև տալ։ Չի կարելի կտրել եղունգների անկյունները, քանի որ դա կարող է հանգեցնել եղունգների ներաճի։ Եղունգները պետք է խարտոցել մի ուղղությամբ, այլապես կշերտավորվեն։ Այնուհետև ոտքերը կրկին ընկղմել գոլ ջրի մեջ (ամանի մեջ պարբերաբար տաք ջուր ավելացնելով), ապա մշակել մյուս ոտքը։ Մաշկի անհարթությունները պետք է հղկել չեչաքարով, ոտքերը չորացնել և սնուցող (A վիտամին պարունակող) մաշկաքսուք քսել։ Ցանկության դեպքում եղունգները կարելի է լաքապատել (տես Մանիկյուր): Անհրաժեշտ է խստորեն պահպանել հիգիենային կանոնները։ Գործիքները պետք է մաքրել սպիրտով կամ օդեկոլոնով։ Մաշկի վնասված մասին պետք է դնել ջրածնի գերօքսիդի 3 %-անոց լուծույթով թրջած բամբակ, որից հետո յոդ քսել։ Օգտակար է շաբաթը մեկ ընդունել ոտքերի լոգանք կերակրի աղով (1 ճաշի գդալ՝ 2 լ ջրին) 10-15 րոպե տևողությամբ, որից հետո ոտնաթաթի կոշտուկային կարծր մասերը քերել չեչաքարով, լվանալ, չորացնել և քսել ոտքերի համար նախատեսված մաշկաքսուք։

ՊԵՊԵՆՆԵՐ, կլոր կամ օվալաձև, ոչ մեծ, բաց դեղինից մինչև մուգ դարչնագույն գունակային բծեր։ Տեղադրվում են համաչափորեն՝ դեմքին, ձեռքերի թիկնային մակերևույթին, ուսերին, հազվադեպ թիկունքին և կրծքին։ Երբեմն, հատկապես գարնան-ամռան ամիսներին, դրանք այնքան շատ են հայտնվում, որ միանալով գոյացնում են միաձույլ մուգ բծեր։ Ձմռանը Պ. չեն անհետանում, այլ դառնում են ավելի քիչ նկատելի։ Ավելի մեծ տարիքում, հաճախ 30 տարեկանից հետո, Պ. անհետանում են։

Պ. հեռացնելու արմատական միջոցներ չկան։ Մեծ նշանակություն ունի կանխարգելումը։ Արևոտ տարեշրջանի սկսվելուն պես, մինչև խոր աշուն, փողոց դուրս գալուց առաջ հարկավոր է դեմքին քսել հատուկ պաշտպանական մաշկաքսուք, վրայից թեթևակի դիմափոշի, որին ավելացված է ուրոտրոպինի կամ սալոլի մանր փշրած հաբ։ Պ-ի հեռացումն ավելի լավ է կատարել բժշկական կոսմետիկայի կաբինետներում։

Տնային պայմաններում Պ-ի գունազրկման համար օգտակար է մաշկին քսել մածուն, կամ մաքրել ջրածնի գերօքսիդի 3 %-անոց լուծույթով։ Ամռան ամիսներին խորհուրդ է տրվում մաշկը մաքրել կիտրոնի, խակ սև հաղարջի հյութերով։

Պ-ի գունաթափման համար թողարկվում են հատուկ մաշկաքսուքներ։ Դեմքի մաշկը նախօրոք մաքրելուց հետո մաշկաքսուքը քսում են և թողնում 40 րոպեից 1 ժամ, այնուհետև մաքրում բամբակով (լվացվել պետք չէ)։ Մաշկաքսուքները չի կարելի քսել ցերեկը և դուրս գալ փողոց։ Հղի կանանց խորհուրդ չի տրվում դրանք օգտագործել։ Տես նաև Գունակային բծեր:

ՊՆԵՎՄՈՆԻԱ, տես Թոքաբորբ։

ՊՈԴԱԳՐԱ, հիվանդություն, որը բնորոշվում է օրգանիզմում նյութափոխանակության խանգարմամբ և հոդերում, հոդաճառներում միզաթթվի աղերի կուտակմամբ։ Հիվանդանում են հիմնականում 40 տարեկանից բարձր տղամարդիկ։ Առաջացմանը նպաստում են ոգելից խմիչքների, մսով ճաշատեսակների չափից ավելի օգտագործումը, նստակյաց ապրելակերպը, ֆիզիկական բեռնվածության բացակայությունը։ Կարևոր դեր են խաղում օրգանիզմի ժառանգական-մարմնակազմվածքային առանձնահատկությունները։

Հիվանդությունը սովորաբար դրսևորվում է հանկարծակի պոդագրային հոդաբորբի սուր նոպայով, որը հաճախ սկսվում է գիշերը, առաջանում է ուժեղ ցավ, ախտահարված հոդն ուռչում է, մաշկը կարմրում։ Մեծամասամբ ախտահարվում է ոտքի բութ մատը։ Միաժամանակ բարձրանում է մարմնի ջերմաստիճանը (38-40 °C), լինում են որովայնի ցավեր, փորկապություն։ Նոպան տևում է մի քանի օր, ցավն առավոտյան մեղմանում է, երեկոյան՝ սաստկանում, այնուհետև բորբոքային երևույթներն անհետանում են։ Հիվանդության առաջընթացին համապատասխան նոպաները հաճախակի են դառնում։ Նոպայի ժամանակ անհրաժեշտ է ընդունել բժշկի նշանակած դեղանյութերը, պահպանել անկողնային ռեժիմ, և, այսպես կոչված, քաղցի սննդակարգ, օգտագործել մրգահյութեր, շաքարով թեյ, ալկալիական հանքային ջրեր, չոր թխվածքաբլիթ։

Պ-ով հիվանդները պետք է վարեն ակտիվ կյանք, հաճախակի զբոսնեն, զբաղվեն բուժական ֆիզկուլտուրայով։ Բժշկի ցուցումով կիրառվում են ֆիզիոթերապևտիկ բուժամիջոցներ, մերսում, սննդակարգ (առավելապես կաթնաբուսական)՝ սպիտակուցների, հատկապես