Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/329

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՌԱԽԻՏ, հիվանդություն, որը պայմանավորված է օրգանիզմում D վիտամինի անբավարարությամբ։ Առավել հաճախ հիվանդանում են 2 ամսականից մինչև 2-3 տարեկան թուլացած, անհաս երեխաները, որոնք ստանում են արհեստական սնունդ (անհասները կարող են հիվանդանալ կյանքի 3-4-րդ շաբաթում)։ Հաճախ 3 տարեկանից բարձր երեխաների և մեծահասակների մոտ նկատվում են վաղ մանկական տարիքում կրած Ռ-ի հետևանքները (ողնաշարի և ոտքերի ծռումներ, ատամների անկանոն աճ և այլն)։ Ռ-ի առաջին ախտանշաններն են. երեխան դառնում է անհանգիստ, վատ է քնում։ Բնորոշ է քրտնոտությունը (կերակրելիս քրտնում է երեխայի դեմքը, քնած ժամանակ՝ գլուխը)։ Քրտինքն առաջացնում է քոր, որի պատճառով երեխան գլուխն անընդհատ քսում է բարձին, և ծոծրակի շրջանը ճաղատանում է։ Ռ-ի առաջին նշաններն ի հայտ գալիս հարկավոր է դիմել բժշկի։ Հիվանդությունը զարգանալիս երեխաների մոտ նկատվում է մկանների թուլություն, նրանք սովորական ժամկետից ուշ են սկսում նստել, կանգնել, քայլել։ Որովայնը մեծանում է, հաճախ լինում է փորկապություն կամ լուծ։ Ավելի ուշ նկատվում են ոսկրային համակարգի փոփոխություններ. աղբյուրակների ոսկրացումը կասեցվում է, ոսկրերը կակղում են և հեշտ են ձևախախտվում, կողոսկրերի վրա առաջանում են հաստացումներ («համրիչներ»), ճակատային և ծոծրակային թմբիկները մեծանում են և, գլուխն ստանում է քառանկյան ձև։ Մկանների աշխատանքի խանգարման և ոսկրակակղանքի հետևանքով կարող է փոխվել կրծքավանդակի ձևը («հավի կուրծք»), որից խանգարվում են շնչառությունը, սիրտանոթային համակարգի գործունեությունը, ողնաշարը և ոտքերը ծռվում են, զարգանում է տափակաթաթություն։ Ռ-ով հիվանդ երեխաների ատամները ծկթում են ոչ ժամանակին, խախտվում է դրանց ծկթման կարգը։ Ռ-ով հիվանդ երեխաները ավելի ընկալունակ են վարակիչ հիվանդությունների նկատմամբ։

Ռ-ի կանխարգելումը հարկավոր է սկսել դեռևս հղիության ժամանակ։ Ապագա մայրը պետք է որքան հնարավոր է երկար ժամանակ լինի մաքուր օդում, կանոնավոր սնվի (տես Հղիություն, Վիտամիններ): Նորածնի Ռ-ի կանխարգելման համար կարևոր են երեխային կրծքով կերակրելը, օրգանիզմը կոփող միջոցառումները։ Անհրաժեշտ է երեխային դուրս բերել մաքուր օդ օրական 4-6 ժամից ոչ պակաս։ Խորհուրդ է տրվում երեխային կանոնավոր կերպով (ամիսը մեկ անգամ) ցույց տալ բժշկին։

Գարնան և ձմռան ամիսներին, բժշկի նշանակումով, երեխան պետք է ստանա քվարցային ճառագայթում։ Անհրաժեշտության դեպքում բժիշկը նշանակում է վիտամին D, բուժական մարմնամարզություն, մերսում։

Չի կարելի առանց բժշկի խորհրդի երեխային տալ վիտամին D կամ փոխել նշանակած դեղաչափը։ Պատրաստուկի չափից ավելի օգտագործումը կարող է հանգեցնել ծանր բարդությունների։

ՍԱԼՋԱՐԴ, մարմնի հյուսվածքների և օրգանների մեխանիկական վնասում առանց մաշկի ամբողջականության խախտման։ Ս-ի դեպքում հաճախ վնասվում են միայն մակերեսային հյուսվածքները (մաշկ, ենթամաշկային բջջանք, մկաններ, վերնոսկր)։ Ս-ի հիմնական նշաններն են. վնասված հատվածի ցավը, ուռածությունը։ Վնասված հյուսվածքների այտուցի հետ կապված ուռածությունը, իսկ ծանր Ս-ի դեպքում նաև արյունազեղումը հայտնաբերվում են ոչ միանգամից, երբեմն վնասվածքից 2-3 օր անց և ավելի ուշ։ Ս-ի ենթարկված հատվածում սովորաբար հայտնվում է արյան ենթազեղում կապտակարմիր բծերի տեսքով։ Ցավը մեղմացնելու և արյունազեղումը փոքրացնելու նպատակով պետք է անմիջապես վնասված հատվածը պահել ծորակի սառը ջրի շիթի տակ, ապա վրան դնել սառցապարկ կամ սառը թրջոց։ Ավելի ուշ արյունազեղման ներծծմանը նպաստում է տաքը (տաքացնող կոմպրես)։ Խորհուրդ է տրվում դնել նաև ճնշող վիրակապ և ապահովել մարմնի վնասված հատվածի հանգիստը (ձեռքը կախ տալ գլխաշորով, ոտքը դնել բարձր բարձի վրա)։ Ս-ից հետո ուժեղ ցավերը վկայում են ոսկրերի վնասման մասին։ Չի կարելի ինքնուրույն շփել վնասված հատվածը, քանի որ այն կարող է թրոմբոֆլեբիտի (երակի խցանումը արյան մակարդուկով) պատճառ դառնալ։ Եթե այտուցը և արյունազեղումը (կապտուկ) շուտ չեն անհետանում, պետք է անպայման դիմել բժշկի։ Գլխի (հատկապես գիտակցության կորստով, սրտխառնոցով, փսխումներով ուղեկցվող), կրծքավանդակի, որովայնի ստորին հատվածի ուժեղ Ս-ի դեպքում կարող են վնասված լինել գլխուղեղը (տես Ուղեղի ցնցում) և ներքին օրգանները։ Այդպիսի դեպքերում ամենից առաջ հարկավոր է ապահովել հիվանդի հանգիստը և բժիշկ հրավիրել (կամ շտապ տեղափոխել հիվանդանոց)։ Խստիվ արգելվում է հիվանդին վեր կենալ և քայլել։ Նրան հարկավոր է տեղափոխել ձեռքերի վրա կամ պատգարակով։

ՍԱԿԱՎԱՐՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ, անեմիա, հիվանդագին վիճակ, որը բնորոշվում է արյան միավոր ծավալում հեմոգլոբինի պարունակության, սովորաբար նաև արյան կարմիր մարմնիկների (էրիթրոցիտների) քանակության միաժամանակյա նվազմամբ։ Ս-յան բնորոշ հատկանիշներից են. մաշկի և լորձաթաղանթների գունատությունը, արագ հոգնելը, թուլությունը, գլխապտույտը, գլխացավերը, ուժեղ արտահայտված Ս-յան դեպքում նաև ուշագնացությունները, հևոցները։ Հիվանդությունը կարող է զարգանալ ուժեղ (առատ) կամ քրոնիկական (երկարատև, բայց աննշան) արյան կորուստների՝ վնասվածքային, քթային, ստամոքսային, թութքային, արգանդային և այլ արյունահոսությունների ժամանակ, ինչպես նաև անբավարար սնուցման հետևանքով (երկաթի պակասություն, սննդի մեջ վիտամինների անբավարարություն),