Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/337

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


Վիրակապումը հարկավոր է սկսել մարմնի ավելի բարակ մասից (օրինակ, ծեռքերինը և ոտքերինը՝ ներքևից վերև)։ Մի ձեռքով պետք է պահել բինտով արված փաթույթը, մյուսով մարմնի մակերեսը փաթաթել բինտով ձախից աջ (ժամացույցի սլաքի ուղղությամբ)։ Բինտի առաջին և երկրորդ փաթույթները պետք է համընկնեն, իսկ յուրաքանչյուր հաջորդը պետք է բինտի լայնության կիսով չափ ծածկի նախորդը։ Եթե վիրակապման ընթացքում բինտը շեղվում է և չի ծածկում նախորդ փաթույթը, ապա հարկավոր է այն շուռ տալ, փոքր-ինչ ներքև թեքել և շարունակել վիրակապումը։ Վերջում բինտի ծայրը պետք է մեջտեղից պատռել կամ կտրել և հանգուցակապել (ոչ վերքի վրա)։

Որոշ դեպքերում կիրառում են եռանկյունի Վ.՝ վիրակապման նյութերը պահելու համար բինտի փոխարեն օգտագործելով եռանկյունի շոր։ Կիրառում են նաև ցանցային Վ-եր և այրվածքների դեպքում օգտագործվող հատուկ Վ-եր։

ՏԱՓԱԿԱԹԱԹՈՒԹՅՈՒՆ, հարթաթաթություն, մեկ կամ երկու ոտնաթաթի երկայնական կամ լայնական կամարի տափակումը։ Երբեմն ձևախախտման երկու տեսակները զուգակցվում են և ոտնաթաթը ներբանային ողջ մակերևույթով հպվում է հատակին (գետնին), իսկ նրա դրոշմը զուրկ է բնորոշ ներքին փոսիկից։

Տ. հաճախ զարգանում է մանկական տարիքում, երբ ոտնաթաթի բեռնվածությունը չի համապատասխանում նրա մկանների, կապանների և ոսկրերի դիմացկունությանը։ Դրան նպաստում են ռախիտը, երեխայի մարմնի ավելցուկային զանգվածը և այլն։ Մեծահասակների Տ-յանը նպաստում են ոտքի վրա երկար մնալը, ծանր ֆիզիկական աշխատանքը, կոշիկների ոչ ճիշտ ընտրությունը, ոտնաթաթի, սրունք-թաթային հոդի, նավակոսկրի և այլ վնասվածքները։ Բնածին Տ. լինում է հազվադեպ։

Տ-յան առավել վաղ ախտանշաններն են. ոտնաթաթի, սրունքի, ազդրի մկանների, գոտկատեղի մղկտացող ցավերը։ Երեկոյան կարող է առաջանալ ոտնաթաթի այտուց, որն անհետանում է գիշերը։

Հետագայում ոտնաթաթը ձևափոխվում է, միջնամասում երկարում և լայնանում։ Տ-յան ծանր դեպքերում քայլվածքը