Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/346

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

են հիվանդության բոլոր ախտանշանների անհետացումից (նույնիսկ հիվանդանոցից դուրս գրվելուց) հետո, ուստի անհրաժեշտ է ուշադիր հետևել հիվանդ երեխայի առողջական վիճակին։

Եթե հիվանդը չի հոսպիտալացվել, ապա տանը պետք է ճշգրտորեն կատարել բժշկի նշանակած բուժումը։ Կարևոր է ճիշտ խնամքը, մաքուր օդը, մաշկի շփումները, առատ հեղուկներ խմելը։ Ավագ տարիքի երեխաները բերանի խոռոչը պիտի ողողեն սոդայի 2 %-անոց կամ կալիումի գերմանգանատի թույլ վարդագույն լուծույթով։ Հիվանդության սկզբնական շրջանում խորհուրդ է տրվում օգտագործել հեղուկ կամ կիսահեղուկ սնունդ՝ թեյ, կաթ, մածուն, բանջարեղենի ապուրներ, շիլաներ, խյուսեր, կիսելներ, կոմպոտներ, բանջարեղենի և մրգի հյութեր, սպիտակ հաց։ Հիվանդին հարկավոր է անհապաղ մեկուսացնել (հիվանդության սկսվելուց մինչև 10 օր) առողջ երեխաներից, նրա մոտ մտնել միայն թանզիֆե դիմակով և խալաթով։ Երեխայի սենյակը օրը երկու անգամ պետք է մաքրել, խոնավ շորով սրբել կահույքը և բոլոր առարկաները, հատակը լվանալիս ջրին ավելացնել քլորամին (5 լ ջրին՝ 2,5 գ)։ Հիվանդ երեխայի հետ շփվելուց հետո անհրաժեշտ է ձեռքերը լվանալ օճառով կամ ախտահանիչ լուծույթով (տես Վարակազերծիչ միջոցներ): Ք-ով հիվանդացած երեխան առողջանալուց (հիվանդանոցից դուրս գրվելուց) հետո 12 օր չպիտի շփվի առողջ երեխաների հետ, հաճախի նախադպրոցական մանկական հիմնարկներ և 1-2-րդ դասարաններ։ Նույն սահմանափակումները տարածվում են նաև հիվանդի հետ շփված չհիվանդացած երեխաների վրա (հոսպիտալացումից 7 օր և չհոսպիտալացումից 17 օր հետո)։ Տես նաև Մանկական վարակիչ հիվանդություններ, Հակահամաճարակային միջոցառումներ։

ՔՈՒՆ, զբաղեցնում է մարդու կյանքի տևողության մեկ երրորդական մասը։ Ք. միայն հանգիստ չէ, այդ ընթացքում գլխուղեղի մի շարք համակարգեր ակտիվորեն գործում են։ Տարբերում են Ք-ի երկու տեսակ. հանգիստ, դանդաղ Ք. առանց երազատեսության, և ակտիվ, արագ Ք.՝ երազատեսությամբ։ Դանդաղ Ք. սովորաբար զբաղեցնում է գիշերային Ք-ի ընդհանուր տևողության 75-80 %-ը, արագը՝ 20-25 %-ը։ Ընդհատումներով Ք., նույնիսկ բնականոն ընդհանուր տևողության պայմաններում, հանգստի զգացողություն չի առաջացնում և կարող է Ք-ի խանգարումների, գրգռվածության, աշխատունակության իջեցման պատճառ դառնալ։ Երազատեսությունը նկատվում է հիմնականում Ք-ի արագ փուլից արթնանալու ժամանակ (80-90 %) կամ նրա ավարտից հետո մի քանի րոպեի ընթացքում, քանի որ երազներն արագ մոռացվում են, սովորաբար, եթե Ք. չի ընդհատվում, դրանք ջնջվում են հիշողությունից։

Մարդու բնականոն Ք-ի տևողությունը հիմնականում կախված է տարիքից։ Նորածին երեխան օրվա մեջ արթուն է լինում 2-3 ժամ, 6 ամսականից մինչև 3 տարեկանը պետք է քնի 14 ժամից ոչ պակաս։ 4-5 տարեկանում երեխաները պետք է քնեն օրական 13 ժամ, 6 տարեկանում՝ 12, 7 տարեկանում՝ 11, 8-10 տարեկանում՝ 10,5-11, 11-12 տարեկանում՝ 8,5-8 ժամ։ Հասուն մարդը պետք է քնի օրական 6-7 ժամից ոչ պակաս։ Տարեցների Ք. կրճատվում է մինչև 5-7 ժամ։

Ք-ի պակասությունն օրգանիզմն ավելի վատ է տանում, քան սննդինը։ Հասուն մարդու Ք-ի տևողությունը պայմանավորված է օրգանիզմի առանձնահատկություններով (նյարդային համակարգ, նյութափոխանակություն), աշխատանքի պայմաններով ևն։ Կարևոր նշանակություն ունի Ք-ի խորությունը։ Խորը, կարճատև Ք. կարող է համարժեք լինել երկարատև մակերեսային Ք-ին։ Առանձին մարդիկ, նույնիսկ երկարատև քնելիս, չեն հանգստանում, եթե Ք. բավականաչափ խորը չէ։

Ք-ի բավարար տևողության չափանիշ է լրիվ հանգստի զգացողությունը։

Ոչ լիարժեք, մակերեսային, անհանգիստ Ք. հաճախ կապված է լարված մտավոր գործունեության, հուզումների, երեխաների Ք-ի խանգարումները՝ քնելուց անմիջապես առաջ դասերը պատրաստելու հետ։ Նման գործողությունները հարկավոր է ընդհատել քնելուց 1,5-2 ժամ առաջ և զբաղվել սովորական, ավելի լավ է թեթև ֆիզիկական աշխատանքով։ Ք-ի պարբերական անբավարարությունը, որը դրսևորվում է քնկոտությամբ, աշխատունակության իջեցմամբ, կարող է նպաստել տարբեր հիվանդությունների առաջացմանը, իսկ Ք-ի հաճախակի խանգարումն իր հերթին՝ հիվանդության ախտանշան հանդիսանալ։ Հետևաբար, Ք-ի խանգարումն սկսվելիս հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ։

Բնականոն Ք. կարող է խանգարվել ներքին օրգաններից եկող գրգիռներից։ Լիքը ստամոքսը հաճախ անհանգիստ Ք-ի և մղձավանջային երազների պատճառ կարող է դառնալ։ Ուստի հարկավոր է քնելուց առաջ կուշտ չուտել, շատ հեղուկներ (հատկապես թունդ թեյ կամ սուրճ) չխմել և չծխել (հատկապես անկողնում)։

Անհրաժեշտ է հոգալ ննջասենյակի օդի մաքրության մասին։ Քնելուց առաջ լավ օդափոխել, իսկ եթե կլիմայական պայմանները թույլ են տալիս, գիշերն օդանցքը կամ վերնափեղկը բաց թողնել, աստիճանաբար կոփել օրգանիզմը, քանի որ զով սենյակում քնելը հանգիստ է։ Ննջարանում ջերմաստիճանը չպետք է գերազանցի 18°C–ից։ Ննջարանը կամ քնելու համար հատկացրած սենյակը պետք է մաքուր և հնարավորին չափ լուսավոր ու արևոտ լինի։ Լրիվ հանգիստը և երկարատև թարմացուցիչ Ք. հնարավոր է միայն հարմարավետ անկողնում։ Խորհուրդ է տրվում գիշերը հագնել շնչառությունն ու շարժումները չդժվարացնող սպիտակեղեն, գլուխը չի կարելի թաքցնել բարձի տակ։

Ցանկալի է պահպանել Ք-ի որոշակի ռեժիմ, պառկել քնելու և աթնանալ նույն ժամերին։ Գիշերային հերթափոխում աշխատողները պետք է մշակեն երկու ռեժիմ (գիշերային և ցերեկային) և ջանան չխախտել դրանք։ Հատկապես վտանգավոր է լարված աշխատանքի շրջանում անբավարար Ք. (օրինակ, քննություններից առաջ), քանի որ հատկապես այդ ժամանակ նյարդային համակարգն առավել լիարժեք հանգստի կարիք ունի։

Անբավարար Ք. առաջացնում է խանգարումներ, որոնք կարող են աննկատ մնալ, բայց անխուսափելիորեն վատացնել նյարդային համակարգի վիճակը։

Ֆիզիկական աշխատանքը (հատկապես բաց օդում), առավոտյան լիցքային վարժությունները, սառը ջրով շփումները, ֆիզկուլտուրայով և սպորտով զբաղվելը, զբոսանքներն ամրապնդում են նյարդային համակարգը և նպաստում հանգիստ ու խորը Ք-ին։ Նշված միջոցները նպաստում են անքնության