Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/367

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հաշվին, որին ձևելու ժամանակ ավելացնում են 2-2,5 սմ (նկ. 12)։

Վզատակի հորիզոնական ծալքեր։ Այս թերությունը վերացնելու համար քանդում են օձիքը, ուսակարերը և կտրում ուսի կարաբաժնի ավելցուկը (նկ, 13)։

Մինչև ներքև կոճկվող կամ իրար վրա եկող մասերով զգեստներում կարող են հանդիպել 2 կարգի թերություններ. աջ և ձախ մասերը չափից ավելի հեռացած կամ վրա եկած են։ Առաջին թերության պատճառն այն է, որ աջ և ձախ կեսերն ավելի երկար են, քան թիկնամասը։ Այս թերությունը վերացնելու համար ուսակարերը քանդում են, վզատակի և ուսի կարաբաժնի ավելցուկը կտրում (նկ. 14)։ Եթե առաջամասի կեսերը չափից ավելի են վրա գալիս, ապա բաց են թողնում վզատակի և ուսի կարաբաժինները (նկ. 15)։

Առաջին չափափորձումից առաջ թևքը կարիք չկա ամրացնել, քանի որ թերությունները վերացնելիս այն, միևնույն է, հարկ կլինի քանդել։ Առաջամասը և թիկնամասը շտկելուց հետո քորոցներով ամրացնում են թևքը (այնպես, որ փոթեր չառաջանան)։ Սովորաբար թևքի ուսագլուխը համընկնում է ուսակարի հետ, իսկ թևքի կարը կողքի կարից 1,5 սմ դեպի առաջամաս է գալիս։ Բարձիկները կարում են նախքան թևքը թևքատեղին ամրացնելը։

Տաբատի հնարավոր թերությունները և դրանց վերացումը։ Հորիզոնական ծալքեր կոճկելատեղի մասում։ Այս թերությունը վկայում է տաբատի ոչ բավարար լայնության մասին։ Շտկելու համար հետնամասը լայնացնում են քայլքի գծի հաշվին և վերին մասը ձևում այնպես, որ կողքի գծի թեքությունն ավելանա (նկ. 16, ա)։

Մեջտեղի գծի հորիզոնական ծալքեր։ Այս թերությունը վկայում է հետնամասի սխալ վերին կտրվածքի մասին։ Շտկելու համար վերաձևում են տաբատի վերին մասը՝ մեծացնելով կողքի կարի և քայլքի գծի կորությունը (նկ. 16, բ)։

Քայլքի գծի վերին մասի հորիզոնական ծալքեր։ Այս թերությունը վերացնելու համար բաց են թողնում քայլքի գծի կարաբաժինը և ուղղում կողքի գիծը (նկ. 16, գ)։

Կիսաշրջազգեստի հնարավոր թերություններ:

Չափափորձման ժամանակ պետք է ուշադրություն դարձնել կողքի կարերին, սեղմոնների և ծալքերի ուղղությանը, որից հետո ստուգել գրպանների, կափույրների, ծալքերի կարերի երկարությունը ևն։

Դետալների ճշտումը առաջին չափափորձումից հետո։ Առաջին չափափորձումից հետո թերությունները վերացնում են, ապա նորից չափափորձում և քորոցներով կամ օճառով նշում գրպանների, կափույրների, նախշերի տեղերը, ծալքերի կարերի երկարությունը, որոշում զգեստի երկարությունը և տեղը քորոցներով ամրացնում։ Այնուհետև զգեստը փռում են սեղանին, յուրաքանչյուր դետալի շիտակ երեսից քորոցների տեղերում գտնվող թելով թերակար անում, որը պետք է երևա նաև հակառակերեսին: Քորոցները հանում են, կարերը քանդում, զույգ դետալները երեսի կողմով դնում իրար վրա, քորոցներով ամրացնում և, թերակարերին համապատասխան, ձևաքանոնի միջոցով շտկում բոլոր անճշտությունները։ Վերը նշված եղանակով նշագծերն անցկացնում են զույգ դետալների վրա և կարում զգեստը՝ հաջորդաբար մշակելով յուրաքանչյուր դետալը։

Ուսակարը թերակարելիս սեղմոնը կարի մեջ չեն առնում, որպեսզի չափափորձումից հետո հնարավոր լինի թակալակարել սեղմոնները առանց ուսակարը քանդելու։

Ուսակարերը, կողքի և այլ կարերն անում են միացման կարով։ Կարված եզրը մշակում են մեքենայով կամ ձեռքով։ Գոյություն ունի եզրերի մշակման մի քանի եղանակ։ Առավել տարածված է մեքենայով մշակումը. կտրված եզրը դետալի շիտակ երեսի վրա և գործվածքի գույնի մետաքսե թելով թակալակարում։ Որոշ մեքենաներ ունեն մաքրակարի հատուկ հարմարանք (նկ. 17)։ Ժակետների, կիսաշրջազգեստների, վերարկուների և հաստ գործվածքներից կարված այլ հանդերձների կարերը մշակում են եզրաքուղով։ Կտրված եզրը մշակում են