Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/373

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շիտակ երեսով դնում են հագուստի շիտակ երեսին, եզրերը հավասարեցնում, թերակարում և ներքևի եզրը թակալում 0,7 սմ լայնության կարով (նկ. 5, ա)։ Հիմնական և լրացուցիչ կտորների եզրերը մեջտեղի նշագծով ծալում են դեպի հակառակ երեսը, թերակարում և արդուկում (նկ. 5, բ)։ Անջատված շղթայի երկու մասերը հակառակ երեսով դնում են լրացուցիչ կտորի վրա (նկ. 5, գ) վերևի եզրից 1,5 սմ ներքև, ապա երկարությամբ թերակարում՝ շղթայի ատամները հավասարեցնելով կտորի ծալագծին։ Լրացուցիչ կտորն ու շղթան ծալում են դեպի շրջոնքի կողմը, ծալագծերը հավասարեցնում (նկ. 5, դ), թերակարում և թակալում (նկ. 5, ե)։ Ճարմանդը (նկ. 6) լինում է մետաղե, պլաստմասսայե, ինչպես նաև կաշվե և գործվածքե վրաքաշով։ Գոտու ծայրից 4 սմ պետք է նախատեսել ճարմանդի համար (նկ. 6, ա)։ Վերջինս անցկացնելուց հետո գոտու ծայրն անհրաժեշտ է ամրակարել ձեռքով կամ մեքենայով (նկ. 6, բ)։

Սեղմակոճակները (նկ. 7) չպոկվելու համար ամրացնում են մի քանի շերտ գործվածքին։ Բրդե գործվածքին սեղմակոճակ խփելիս տակից անհրաժեշտ է բամբակե կտորից միջադիր դնել։ Կոճակների տեղերը որոշելու համար պետք է կոճկվող դետալները հակառակ երեսով դնել իրար վրա և առաջամասը կիսող գծի երկարությամբ քորոցներ խրել։ Կոճակների տեղերը որոշելուց հետո այդ նշումները քորոցների օգնությամբ հարկավոր է անցկացնել մյուս կեսի վրա (նկ. 7, ա, բ)։

Հիմնական կոճակները պետք է գտնվեն կրծքի, գոտկատեղի և կոնքի գծերի վրա, իսկ միջանկյալները հավասարաչափ բաշխվեն դրանց միջև։

Կոճկելատեղի (բացվածքի) մշակում։

Մեկ կտորով բացվածքի մշակում (նկ. 8)։ Հիմնական դետալը պետք է կտրել ըստ նշագծի (նկ. 8, ա) և բացել այնպես, որ կտրված եզրերը գտնվեն գրեթե ուղիղ գծի վրա (նկ. 8, բ)։ Զոլակը պետք է թերակարել կտրված եզրի երկարությամբ, ապա թակալել (նկ. 8, գ)։ Կտորի ազատ եզրը հարկավոր է ծալել դեպի շրջոնքի կողմը, թերակարել և կարագծին մոտ թակալել (նկ. 8, դ)։ Բացվածքի ներքևի մասը պետք է ամրակարել (նկ. 8, ե)։

Թևքի կտրվածքի մշակում (նկ 9)։ Կտրվածքի երկայնքով պետք է կցակարել հիմնական գործվածքից կտրած շեղ (հիմնաթելի նկատմամբ 45° անկյունով) զոլակ, վերևի մասում այն ամրակարել շրջոնքի կողմից, որից հետո կարել թեզանիքը։

Շղթայի օգնությամբ կտրվածքի մշակում (նկ. 10)։ Վզի կտրվածքը մշակում են նույն սկզբունքով, ինչ երկու զոլակով երիզված մերակը։ Շղթան դնում են երիզված ճեղքի տակ այնպես, որ ատամները դասավորվեն շրջանակի առանցքի գծով (նկ. 10, ա) և թերակարում։ Որպեսզի շղթան չվնասի շրջանակի ներքևի ծայրը, մետաղե ամրակը պետք է 0,1-0,2 սմ չհասնի շրջանակի ծայրի զույգ թակալակարերին։ Շղթան միաճյուղ թաթիկի օգնությամբ շիտակ երեսից թակալում են շրջանակի նշագծերով (նկ. 10, բ)։