Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/39

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էլեկտրոնային մեխանիզմները կարող են տեղավորվել 0,25-1,5 սմ² մակերեսով 0,1-0,2 մմ հաստությամբ թիթեղիկի վրա։

Գեներատորի ստեղծած էլեկտրական տատանումները (ազդանշանները) համապատասխան կերպափոխումից հետո իմպուլսների ձևով մուտք են գործում թվացույց, որով հաշվառվում է ժամանակը։ Էլեկտրոնային Ժ-ներում թվացույցը մի ցուցատախտակ է, որի վրա էլեկտրական իմպուլսների ազդեցությամբ լուսավորվում են ժամանակը ցույց տվող թվանշանները։ Լուսավորվող թվացույցները պատրաստվում են փոքրաչափ շիկացման լամպերից, լյումինեսցենտային լամպերից և լուսաճառագայթիչ դիոդներից, նման թվացույցները շատ էներգիա են օգտագործում և այդ պատճառով էլ կիրառվում են գլխավորապես ցանցից կամ ավտոմեքենաների կուտակիչներից հոսանք ստացող Ժ-ներում և զգալիորեն ավելի հազվադեպ ձեռքի Ժ-ներում։ Թվացույցների մեկ այլ տեսակ է հեղուկ բյուրեղայինը, որոնցում թվանշանների մուգ պատկերները կարծես հայտնվում են լուսավոր մակերեսի վրա։ Հեղուկ բյուրեղներով թվացույցները թվանշանների պատկերման պայծառությամբ զգալիորեն զիջում են լուսավորվող տարրերով թվացույցներին, բայց, ի տարբերություն վերջինների, շատ քիչ էներգիա են օգտագործում։ Դա էլ նպաստում է դրանց ավելի լայն կիրառությանը ձեռքի Ժ-ներում, որտեղ էներգիայի աղբյուր են քիչ էներգատար փոքրաչափ տարրերը։

Ձեռքի էլեկտրոնային Ժ-ների մեծ մասը ժամանակից բացի, ցույց են տալիս ամսաթիվը, շաբաթվա օրը, ամիսը, տարեթիվը։ Թողարկվում են նաև վայրկյանաչափի և (կամ) ժամակարգավորիչի դեր կատարող ձեռքի Ժ-ներ։

Էլեկտրոնամեխանիկական ժամացույցները արտաքնապես նման են սովորական մեխանիկական Ժ-ների։ Դրանց մեծ մասը պատի կամ սեղանի, ավելի հազվադեպ ձեռքի Ժ-ներ են, որոնք հիմնականում սնվում են «373», «Կրոնա» տեսակի գալվանական տարրերից և 1,5 Վ Էլշուով փոքրաչափ մարտկոցներից։ Ժամանակը հաշվարկվում է (ինչպես և մեխանիկական Ժ-ներում) թվացույցի վրա սլաքների գրաված դիրքով։ Այդպիսի Ժ-ները, էլեկտրոնային բլոկից բացի, ունեն նաև համաժամ կամ քայլային էլեկտրաշարժիչ և անվային համակարգ, որոնց միջոցով էլեկտրոնային բլոկում կազմավորված էլեկտրական ազդանշանները կերպափոխվում են սլաքների անընդհատ կամ ընդհատուն շարժման։

Էլեկտրոնամեխանիկական Ժ-ների աշխատանքի ճշգրտությունը օրական ± 30 վայրկյան է։ Առավել կատարելագործված են քվարցային գեներատորով և փոքրաչափ քայլային էլեկտրաշարժիչով սարքավորված էլեկտրոնամեխանիկական Ժ-ները, որոնք ունեն օրական ± 2 վայրկյանի ճշգրտություն։ Թողարկվում են ձեռքի էլեկտրոնամեխանիկական քվարցային այնպիսի Ժ-ներ, որոնք, ունենալով էլեկտրոնային Ժ-ների բոլոր առավելությունները, պահպանում են նաև ժամանակի հաշվարկի սովորական սլաքային համակարգը։

Սեղանի էլեկտրոնային և էլեկտրոնամեխանիկական Ժ-ների մեծ մասն ունի ձայնային ազդանշանի հարմարանք և կարող է կատարել զարթուցիչի դեր։ Երբեմն էլեկտրոնային Ժ-ներն ունենում են ներսարված ռադիոընդունիչ, որը կարող է նշված ժամին միանալ զարթուցիչի նման, կամ էլ օգտագործվել իբրև սովորական շարժական ռադիոընդունիչ։

Էլեկտրոնային և էլեկտրոնամեխանիկական Ժ-ների աշխատանքի երաշխավորված ժամկետը 1-1,5 տարի է։

ԺԱՆԳԱԶԵՐԾՈՒՄ, ժանգի հեռացման համար օգտագործում են թթուներ պարունակող հատուկ նյութեր՝ փոշիներ, մածուկներ, հեղուկներ։ Փոշիների և մածուկների բաղադրության մեջ կան հղկանյութեր և լվացանյութեր, որոնք մաքրում են ոչ միայն ժանգը, այլև մակերևույթի աղտոտվածքը։ Ժ-ման համար թողարկվող որոշ միջոցներ նաև սանիտարահիգիենիկ սարքավորանքի հականեխիչներ են։

Խորհուրդ է տրվում հազվադեպ օգտագործվող մետաղե իրերը պատել պաշտպանական շերտով, օրինակ, տեխնիկական վազելինով կամ պարաֆինի ու նավթի խառնուրդով (30 գ քերած պարաֆին 0,1 լ նավթին)։ Խառնուրդը տաքացնել չի կարելի։ Որպեսզի պարաֆինը լրիվ լուծվի, այն պետք է 3-4 օր պահել նավթի մեջ փակ ամանում։

ԻՈՆԱՐԱՐ, ճիշտը՝ աերոիոնարար, բնակելի շինություններում բացասական աերոիոններով (գազի էլեկտրականապես լիցքավորված մոլեկուլներով) օդի արհեստական հագեցման սարք։ Բացասական աերոիոնները խթանիչ և բուժիչ ներգործություն են ունենում մարդու օրգանիզմի վրա. բարձրացնում են աշխատունակությունը, թեթևացնում որոշ հիվանդությունների բուժման ընթացքը, նվազեցնում օրգանիզմի թթվածնային անբավարարությունը ևն։ Բացասական աերոիոնները կիրառում են, օրինակ, սիրտանոթային համակարգի խանգարումների որոշ տեսակների, շնչառական ուղիների և այլ օրգանների հիվանդությունների բուժման ժամանակ։ Այդպիսի աերոիոնները շատ-շատ են լեռնոտ տեղանքի օդում, անտառներում, ծովափին, ջրվեժների և լեռնային գետերի մոտակայքում, հատկապես ամպրոպից հետո, մինչդեռ քաղաքների մթնոլորտում և, ամենից առաջ, բնակելի շինություններում դրանք չափազանց քիչ են։

Ի. սովորաբար աշխատեցնում են գիշերները. այդ ընթացքում սենյակում անպայման պետք է օդանցքը բաց պահել։ Սարքը շրջապատի համար վտանգ չի ներկայացնում, սակայն էլեկտրական հոսանքի տհաճ «խայթոցներից» խուսափելու նպատակով խորհուրդ չի տրվում ձեռք տալ միացված Ի-ի ճառագայթիչին կամ իրանին։ Օդը կարելի է բացասական աերոիոններով հագեցնել նաև այնպիսի աերոիոնարարով (օրինակ, «Աինա» տեսակի), որը միաժամանակ և՛ Ի. է, և՛ էլեկտրաջերմաօդափոխիչ։

ԼԱԶԵՐԱՅԻՆ ՆՎԱԳԱՐԿԻՉ, կոմպակտ սկավառակը նվագարկելու սարք։ Լ. ն-ի հիմնական հանգույցներն են. սկավառակի տեղադրման հարմարանքը, օպտիկամեխանիկական բլոկը, ավտոմատ կարգավորման համակարգը, ձայնի թվանշանային ազդանշանների կոդավերծանման սարքը, կառավարման և ցուցանշման համակարգը, ցածր հաճախության նախնական ուժեղարարը։ Սկավառակի տեղադրման հարմարանքը նախատեսված է կոմպակտ սկավառակը Լ. ն-ի մեջ ավտոմատ կերպով մտցնելու և սկավառակը պտտող շարժիչի հատուկ տափօղակի վրա տեղադրելու համար։

Օպտիկամեխանիկական բլոկն ապահովում է կոմպակտ սկավառակի պտտումը, լազերային ձայնահանի շարժումը շառավղով և ձայնի վերարտադրումը։