Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/402

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՀՅՈՒՍՈՒՄ ՄԵՔԵՆԱՅՈՎ, մեքենայով հյուսելիս օգտագործում են ցանկացած մանվածք. բրդե, բամբակե և սինթետիկ։ Հյուսքի անհավասարությունը նվազեցնելու համար մանվածքը կծկում են այնպես, որ թելը դուրս գա կծիկի կենտրոնից։ Թելի ծայրը տեղավորում են բացված տետրի մեջտեղում (նկ. 1, ա), այնուհետև վերջինը գլանաձև ոլորում։ Գլանիկը պտտում են ժամացույցի սլաքի հակառակ ուղղությամբ, իսկ թելը թեք գալարներով կծկում փողիկի հակառակ ուղղությամբ (նկ. 1, բ)։ Կծկելն ավարտելուց հետո գլանիկը, թելի ծայրի հետ միասին, հանում են պատրաստի կծիկի միջից (նկ. 1, գ)։

Թելի ծայրերը կապում (միացնում) են հանգույցներով, գերադասելի են խաչաձև (ծովային) կամ ոստայնանկային հանգույցները։ Կոպիտ հանգույցները կարող են կտրել թելը կամ փչացնել ասեղների լեզվակները։

Ծովային հանգույց։ Աջ ձեռքի թելի ծայրը խաչաձև դնում են ձախ ձեռքի թելի ծայրին։ Դեպի ձախ ուղղված կարճ ծայրը փաթաթում են ձախ թելի երկար ծայրին (նկ. 2, ա), այդ նույն ծայրը կապում են ձախ թելի կարճ ծայրին (նկ. 2, բ)։ Միասին բռնում են կարճ և երկար ծայրերը և ձգելով կապում հանգույց (նկ. 3, բ)։

Ոստայնանկային (ջուլհակային) հանգույց։ Աջ ձեռքի թելի ծայրը խաչաձև դնում են ձախ թելի ծայրին։ Դեպի աջ ուղղված թելը բռնում են աջ ձեռքով և ժամացույցի սլաքի ուղղությամբ փաթաթում ձախ ձեռքի բութ մատին (նկ. 3, ա)։ Այդ թելը վերևից անցկացնում են երկու կարճ ծայրերի միջով։ Դեպի աջ ուղղված թելի կարճ ծայրը աջ ձեռքի բութ մատով ծալում են առաջացած օղակի մեջ։ Այն պահելով ձախ ձեռքի բութ մատով, ձգում են հանգույցը, աջ ձեռքով քաշելով թելի աջ երկար ծայրը (նկ. 3, բ)։

Հատերի հավաքումը. 1-ին եղանակ։ Աշխատանքային դիրքի են բերում անհրաժեշտ թվով ասեղներ։ Սայլակը տեղաշարժում են ձախից աջ և հակառակը՝ ասեղների լեզվակները բացելու համար։ Աշխատանքի սկզբում սայլակը պետք է լինի մեքենայի ձախ մասում։ Թելն ամրացնում են մեքենայի իրանի ձախ սկավառակի շուրջը։ Այնուհետև աշխատանքային դիրքի բերված յուրաքանչյուր ասեղի վրա, ժամացույցի սլաքի հակառակ ուղղությամբ, փաթաթում են թելը, միաժամանակ կցելով հարևան ձախ թիթեղի քթիկին (նկ. 4, ա)։ Ասեղների կեռիկներին թելը չպիտի շատ ձիգ փաթաթել, սայլակի շարժման ժամանակ այն կարող է կտրվել։ Հատերը հավաքելուց հետո աշխատանքային ասեղների (հատերով) թիթեղները մյուսների համեմատությամբ պետք է թեթևակի դուրս ցցված լինեն։ Առանց թելն ասեղների վրայով անցկացնելու, ձախ ձեռքով սայլակը շարժում են դեպի աջ, գոյացած հատերը տեղափոխվում են ասեղների լեզվակների տակ կազմելով առաջին շարքը։ Այնուհետև աջ ձեռքով թելն անցկացնում են հարևան աջ թիթեղի քթիկի (կեռիկի) տակով, թելը բռնում ձախ ձեռքով և անցկացնում ասեղների վրայով (նկ. 4, բ)։ Աջ ձեռքով սայլակը շարժում են դեպի ասեղնակալիչի ձախ կողմը։ Ձախ ձեռքով թելն անցկացնում են հարևան ձախ թիթեղի քթիկի տակով, թելը բռնում աջ ձեռքով և անցկացնում ասեղների վրայով։ Ձախ ձեռքով սայլակը տեղաշարժում են դեպի ասեղնակալիչի աջ կողմը։ Այդ գործողությունները կրկնելով, ստանում են ուղիղ հյուսած գործվածք (ուղիղ հյուսք)։

Եթե հատերն ասեղներից ընկնելու (թափվելու) պատճառով 2-րդ շարքը չի ստացվում, ապա հատերը հավաքելուց առաջ պետք է խտության կարգավորիչը տեղակայել 8-10 թվանշանի վրա և հյուսել 2-3 շարք, և կրկին վերադառնալ հաշվարկային խտությանը։

2-րդ եղանակ։ Աշխատանքային դիրքի են բերում անհրաժեշտ թվով ասեղներ, այնուհետև յուրաքանչյուր 2–րդն իջեցնում են ներքևի ռելսի վրա (ներքևի ոչ աշխատանքային դրություն)։ Թելի ծայրին հանգույց են անում և հագցնում առաջին ձախ աշխատանքային ասեղին։ Աջ ձեռքով թելն անցկացնում են ասեղների վրայով և հյուսում մեկ շարք: Աշխատանքային դիրքի են բերում ներքևի ոչ աշխատանքային դիրքում հավաքված ասեղները և շարունակում հյուսել։ Այս եղանակը սովորաբար կիրառվում է, երբ հյուսումն սկսում են օժանդակ (բամբակե) թելով, վերջինը, հյուսելուց հետո, արձակում են և գործվածքի սկզբի հատերը մնում են բաց հետագա մշակման համար։

3-րդ եղանակ հատերի «հյուսաձև» հավաքում։ Սայլակը տեղակայում են աջ մասում։ Բանեցվող ասեղների կրունկները մոտեցնում են վերևի ռելսին։ Ձեռքով հատ են անում, հագցնում հատորսիչ ասեղի լեզվակի վրա և անցկացնում ձախ աշխատանքային ասեղի տակով։ Անհրաժեշտ է թելն ասեղների վրա պահել ազատ։ Հատորսիչ ասեղի կեռիկով ներքևից թել են վերցնում և անցկացնում 1-ին հատի միջով։ Հատորսիչ ասեղը պետք է ուղղված լինի դեպի հյուսողը (կեռիկը դեպի վեր)։ Գոյացած հատն անցկացնում են հաջորդ ասեղի տակով և այդպես շարունակ, մինչև աջ մասում մնա մեկ ասեղ, որին պետք է հագցնել հատորսիչ ասեղի հատը (նկ. 5)։ Հատերը ձեռքով անցկացնում են թիթեղների տակ (աջ ձեռքի բութ մատով սեղմում են թիթեղների