Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/404

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հատորսիչ ասեղով հանում 1-ին աջ հատը, փոխադրում լեզվակի տակ, 2-րդ հատը բռնում հատորսիչ ասեղի կեռիկով։ Այնուհետև կեռիկի վրայի հատով հյուսում են հատորսիչ ասեղի լեզվակի տակի հատը։ Նոր գոյացած հատը փոխադրում են հատորսիչ ասեղի լեզվակի տակ, կեռիկով բռնում հաջորդ հատը և այդպես շարունակում մինչև վերջ։ Հատերը թիթեղների տակից հանում են հերթականությամբ աջից ձախ (նկ. 7)։

Բացթողած հատերի հավաքումը։ Հյուսելու ժամանակ հատերը երբեմն ընկնում են ասեղներից։ Եթե դա անմիջապես նկատվել է, ապա անհրաժեշտ է ասեղն իջեցնել ներքևի ռելսի վրա, հատի բացթողումից գոյացած հանգուցահատն արձակել։ Հարևան հատերը հանում են թիթեղների տակից։ Հատորսիչ ասեղը (կեռիկը ներքև) գործվածքի երեսի կողմից մոտեցնում են բացթողած հատին։ Բռնում են հատը, անցկացնում լեզվակի տակ, ասեղը թեքում, լեզվակով անջատում մի հորիզոնական թել, ասեղն ուղղում, ապա ձգում են վերև, և հյուսում մեկ շարք։ Այնուհետև ասեղը կրկին թեքում են, ուղղում ներքև՝ նոր գոյացած հատը փոխադրելով լեզվակի տակ։ Այսպիսով, վերականգնվում է բացթողած հատի սյունակը։ Վերջին հատն անցկացնում են աշխատանքային ասեղի վրա (նկ. 8, ա, բ)։

Եթե բացթողած հատն անմիջապես չի նկատվել, ապա հատերի սյունակը կարելի է վերականգնել մաս-մաս, կամ էլ հյուսելը վերջացնելուց հետո՝ գործվածքի շիտակ երեսից։ Թելի ծայրն ամրացնելով հակառակ երեսին թելով ասեղը երեսի կողմ դուրս են բերում վերականգնված հատի միջով։ Հատից աջ և ձախ նկատվում են կիսահատեր (վերականգնված սյունակի սկզբում)։ Ասեղը երեսի կողմից խրում են աջ կիսահատի մեջ և հակառակ երեսից հանում ձախ կիսահատի միջով։ Ասեղը հակառակ երես դուրս են բերում վերականգնված հատի միջով (նկ. 9, ցույց է տրված հակառակ երեսից)։ Թելի ծայրը խնամքով ամրացնում են։

Մի քանի շարքերի արձակումը (առանց գործվածքը մեքենայից հանելու)։ Բարձրացնում են սայլակի շարժմանը հակադիր սեղմակը (օրինակ, եթե սայլակը շարժվում է դեպի աջ՝ բարձրացնում են ձախ սեղմակը), աշխատանքային ասեղների վրա թել գցում և մի շարք հյուսում դեպի աջ։ Բարձրացված սեղմակով շարք հյուսելու դեպքում բոլոր ասեղները հասնում են թիթեղների մակարդակին (բարձրությանը), և լեզվակները փակվում են, իսկ հատերը մնում են ասեղների կեռիկների վրա։ Աշխատանքային թելի ծայրը սկզբում ձգում են դեպի ներքև, այնուհետև վերև, արձակելով վերևի շարքի հանգույցները և ասեղների կեռիկների վրա հավաքելով հաջորդ շարքի հատերը։ Երբ անհրաժեշտ քանակությամբ շարքեր արձակված կլինեն, պետք է բոլոր ասեղները վերադարձնել աշխատանքային դիրք, իջեցնել սայլակի սեղմակը և շարունակել հյուսումը։ Եթե անհրաժեշտ է գործվածքը հանել, ապա հյուսումը շարունակելու համար աշխատանքային ասեղներին անցկացնում են վերևից 3-րդ շարքի հատերը՝ չարձակելով վերևի շարքերը, հակառակ դեպքում արատը նկատելի կլինի։ Դրանից հետո արձակում են վերևի շարքերը, ասեղները վերադարձնում աշխատանքային դիրքի և շարունակում հյուսումը։

Եթե անհրաժեշտ է գործվածքից մաս առանձնացնել, ապա պետք է հակառակ երեսից նշված շարքով գործվածքը երկտակել շարքի սկզբից և վերջից թելը կտրել ու դուրս քաշել՝ գործվածքը կբաժանվի։ Որպեսզի հատերը չարձակվեն, անհրաժեշտ է գործվածքը նախապես խոնավ շորով արդուկել:

Հորիզոնական և ուղղաձիգ գունավոր զոլեր: Լայնակի զոլերի համար անհրաժեշտ է մի գույնի թելով հյուսել որոշակի թվով շարքեր և թելն ամրացնել սկավառակին, որ հատերը չթուլանան։ Այնուհետև առաջին աշխատանքային ասեղին հագցնում են մյուս գույնի հատը և մեկ անգամ հյուսում ձեռքով, այնուհետև մեքենայով։ Եթե անհրաժեշտ է ստանալ գունավոր լայն զոլեր, ապա պետք է գործող թելը յուրաքանչյուր շարքից հետո փաթաթել մնացած գունավոր թելերին, դրանք սեղմելով գործվածքի եզրին (նկ. 10)։

Երկայնակի զոլեր ստանալու համար անհրաժեշտ է որոշակի քանակությամբ ասեղների վրայով անցկացնել հիմնական թելը։ Նախքան վերջինի վրայով անցկացնելը ասեղների արանքում այն փաթաթում են այլ գույնի թելով (նկ. 11)։ Երկու թելն էլ պահում են մի ձեռքով։ Մի քանի գունավոր զոլեր ստանալու համար յուրաքանչյուր հաջորդ գույնի թելը փաթաթում են նախորդին և այդպես շարունակում ամեն շարքում։

Ուղղաձիգ լայն զոլերը կարելի է հյուսել առանձին և հյուսելու ընթացքում յուրաքանչյուր հաջորդ զոլին միացնել արդեն պատրաստի զոլը։ Գործվածքի եզրերին լավ նկատվում են կարճ հատերը («հանգույցներ», նկ. 12, ա), որոնցով