Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/433

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հավելահատերից մեկը շիտակ հյուսել, իսկ մյուսը՝ թարս։

Տեղափոխված հատեր (ոլորահյուսք) (նկ. 11)։ Ոլորահյուսք ստանալու համար շյուղից մեկ կամ մի քանի հատ անցկացնում են լրացուցիչ շյուղի վրա, այնուհետև հյուսում հաջորդ հատը կամ հատերի խումբը, որից հետո լրացուցիչ շյուղի հատը կամ հատերը։ Եթե ըստ նախշի լրացուցիչ շյուղի հատերը պետք է տակով անցնեն, ապա լրացուցիչ շյուղը թողնում են գործվածքի հետևի կողմում, իսկ եթե այդ հատերը պետք է վրայով անցնեն, ապա լրացուցիչ շյուղը թողնում են գործվածքի առջևում։

Պարուրող հատեր։ Աջ շյուղը մտցնում են 3-րդ և 4-րդ հատերի արանքը (նույն շարքում կամ մի քանի շարք ներքև) և երկար հատ վերցնում (նկ. 12)։ Այս հատերը հյուսում են առանձին կամ մեկ այլ հատի հետ նույն կամ հաջորդ շարքում։

Ձգած կամ հանած հատեր (նկ. 13)։ Ձախ շյուղից չհյուսած հատ են վերցնում աշխատաթելը՝ թողնելով գործվածքի առջևից կամ հետևից (ըստ նախշի)։ Հաջորդ շարքում հանած հատը կամ հյուսում են, կամ էլ իրար հաջորդող մի քանի շարքում վերցնում առանց հյուսելու։ Ամեն անգամ շիտակ շարքում նույն հատը հանելով, իսկ թարսում թարս հյուսելով կարելի է ստանալ ուղղաձիգ ծալք։

Հանած հատ հավելահատով (նկ. 14)։ Շյուղով հավելահատ և չհյուսած հատ են վերցնում։ Եթե մի քանի շարքում ամեն անգամ նույն հատերն են չհյուսած վերցնում, ապա յուրաքանչյուր հատ հանելուց առաջ նոր հավելահատ են վերցնում։ Հանած հատերը հյուսելիս պետք է հետևել, որ շյուղն անցնի բոլոր հատերի միջով (նկ. 14, ա)։

Երկարացված կամ պարուրված հատեր։ Աջ շյուղը մտցնում են հատի մեջ (շիտակ՝ նկ. 15 կամ թարս՝ նկ. 15, ա) և, շյուղի ծայրը պտտելով ժամացույցի սլաքի ուղղությամբ, թելով պարույրներ անում։ Հաջորդ շարքը հյուսելիս հատերը հյուսում են, իսկ պարույրները շյուղից գցում։ Կարելի է նաև պարույրները գցել, իսկ հատն առանց հյուսելու վերցնել մյուս շյուղի վրա։

Վերջին շարքի հատերի ամրացումը կատարվում է երկու եղանակով.

ա. «հատը հատին» ամրացնելու հաճար եզրի հատը հանում են, իսկ հաջորդը հյուսում ըստ նախշի։ Աջ շյուղի վրա կլինի 2 հատ։ Առաջին հատը ձգում են ձախ շյուղի ծայրով և դրա միջով աջ շյուղով անցկացնում երկրորդ (ձախ) հատը։ Այնուհետև հյուսում են հաջորդ հատը և նույն կերպ անցկացնում նոր հատի միջով ևն։ Այսպիսով փակում են բոլոր հատերը (նկ. 16), թելը կտրում և դուրս քաշում վերջին հատի միջով։

բ. Երկու հատ հյուսում են միասին։ Ստացված հատը տեղափոխում են ձախ շյուղի վրա և նորից 2 հատ միասին հյուսում և այսպես շարունակ, մինչև վերջին հատը։ Մերակը լինում է հորիզոնական և ուղղաձիգ։

Հորիզոնական մերակ (նկ. 17) ստանալու համար տվյալ շարքում առանց աշխատաթելի մի քանի հատ փակում են (ըստ կոճակի տրամագծի), այնուհետև