Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/44

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մաքրությամբ, վարագույրների լուսանցիկությամբ, պատերի և առաստաղի գույնով։ Սենյակների բնական Լ. ուժեղացնելու նպատակով խորհուրդ է տրվում պատերը և առաստաղը հարդարելիս ընտրել բաց գույն (տես Բնակարանի հարդարում)։ Ցերեկվա ժամերին անբավարար բնական Լ-յան դեպքում խորհուրդ է տրվում օգտագործել լյումինեսցենտային լամպեր, որոնց լույսի սպեկտրային կազմը մոտ է բնականին։ Չափից ավելի պայծառ բնական Լ. մեղմացնելու նպատակով խորհուրդ է տրվում կիրառել վարագույրներ և սինթետիկ անդրադարձնող թաղանթ։

Բնական Լ-յան դեպքում գրասեղանը ցանկալի է տեղավորել այնպես, որ լուսամուտը լինի ձախ կողմից։ Լուսամուտի տակ նպատակահարմար է դնել հարդարանքի հայելավոր սեղան, այդ դեպքում դեմքը լավ է լուսավորվում բոլոր կողմերից։ Էլեկտրական լամպերով ստեղծվող արհեստական Լ. կարելի է փոփոխել լուսատուների թվի, դիրքի փոփոխմամբ, ինչպես նաև լուսային հոսքի ուժի և ուղղության կարգավորումով։ Ճիշտ Լ-յան դեպքում առարկաները, պատերն ու առաստաղը պետք է բավարար և հավասարաչափ լուսավորվեն, բացառվեն լուսաստվերային կտրուկ անցումները, լուսավորվող առարկաների անցանկալի փայլը։ Տարբերում են արհեստական լուսավորման երկու հիմնական տեսակներ՝ ընդհանուր և տեղային։

Ընդհանուր լուսավորման դեպքում կարելի է զբաղվել տեսողության մեծ լարում չպահանջող աշխատանքով։ Ընդհանուր լուսավորման այն լուսատուները, որոնց արձակած լույսն ուղղված է դեպի առաստաղ կամ հավասարապես ցրվում է սենյակում, ստեղծում են մեղմ Լ. և առավել հաճախ օգտագործվում են ննջասենյակներում։ Դեպի ներքև ուղղված լուսային հոսք ստեղծող լուսատուներն օգտագործվում են այն դեպքերում, երբ դրանք ընդհանուր լուսավորման միակ աղբյուրը չեն։ Այդ լուսատուները կիրառում են սենյակի որևէ մասի (օրինակ, հանգստի գոտու) լուսավորման համար։ Ընդհանուր Լ. բավարար է, եթե 1 մ² մակերեսին ընկնում է շիկացման լամպի 15-ից մինչև 25 Վտ հզորություն։ Հաճախ հարկ է լինում սենյակում ունենալ նաև տեղային լուսավորման աղբյուրներ՝ հատուկ լուսատուներ (սեղանի, պատի, հատակադիր), որոնք տեղակայվում են գրասեղանի, բազկաթոռի, հարդարանքի սեղանի մոտակայքում։ Գծագրելիս լուսատուն կարելի է ամրացնել գծագրատախտակին, պատին կամ էլ կախել առաստաղից։ Գծագրական թղթի թերթի բավարար լուսավորման համար անհրաժեշտ է 80–100 սմ հեռավորության վրա գտնվող 150 Վտ հզորության շիկացման լամպով լուսատու։ Երկարատև ընթերցանության ժամանակ խորհուրդ է տրվում օգտվել 60 Վտ հզորության շիկացման լամպով լուսատուից։

Բնակարանում լույսի աղբյուրներ տեղադրելիս անհրաժեշտ է ելնել տվյալ սենյակի կամ օժանդակ տարածության առանձնահատկություններից, շահագործման հարմարավետությունից և առողջապահական նորմերից։

ԽԱՎԱՐԱՍԵՐՆԵՐ, տներում հանդիպում են Խ-ի 2 տեսակ՝ շիկակարմիր (ուտիճներ) և սև։ Խ. ակտիվ են միայն գիշերը, իսկ ցերեկը թաքնվում են հատակի ու պատերի, խոհանոցի սեղանի ճեղքերում, շրիշակների, սալիկների, ջեռուցման և ջրատար խողովակների տակ և այլուր։ Խ. սնվում են սննդամթերքով և կենցաղային զանազան թափոններով, բամբակով, մետաքսով, բրդով, թղթով։ Նրանք աղտոտում են մթերքը, միաժամանակ կարող են փոխանցել որդերի ձվերը և մի շարք վարակիչ հիվանդությունների (դիզենտերիա, որովայնային տիֆ, պոլիոմիելիտ ևն) հարուցիչներ։

Խ-ի դեմ պայքարելու համար անհրաժեշտ է լավ փակել բոլոր ճեղքերն ու անցքերը, որտեղ նրանք կարող են բնադրել, ամեն օր թափել սննդի մնացորդները, փակ պահել սննդամթերքը։

Խ-ին ոչնչացնելու համար վաճառվում են մի շարք քիմիական պատրաստուկներ։ Բնակելի, հասարակական և օժանդակ շինություններում Խ. ոչնչացնելու համար թողարկվում են նաև խայծով հատուկ թակարդներ։ Տուփում դրված է պատրաստի ստվարաթղթե 5 «տնակ», պարկուճ՝ մածուցիկ զանգվածով և մածկաթիակ։ «Տնակի» մեջ տեղավորում են խայծը և սեղմում կպչուն զանգվածը։

Տարածված են նաև սննդային խայծեր՝ թունավորված բորաքսով կամ բորաթթվով։ Բորաքսին պետք է խառնել հավասար քանակով ալյուր և շաքարավազ։ Կարելի է նաև բորաթթվի լուծույթ պատրաստել. 1 մաս բորաթթու և 7 մաս ջուր։ Խայծերը պետք է տեղադրել լվացարանի տակ, աղբի դույլի մոտ, խոհանոցի անկյուններում։ 3 օրից հետո խայծերը պետք է թափել։

Միջատասպան նյութեք գործածելիս պետք է զգույշ լինել և առաջնորդվել բացատրագրով։ Նախապես ծածկել կամ բնակարանից հանել սննդամթերքը, ամանեղենը, ակվարիումը, թռչուններին և տնային կենդանիներին։ Քիթը և բերանը փակել բամբակաթանզիֆային կապով կամ 4 տակ ծալած թանզիֆով։ Խայծերը տեղադրել միջատների շատ կուտակումների տեղերում՝ շրիշակների, որմնախորշերի, կահույքի, պատերի ճեղքերում, խողովակների մուտքի և ելքի տեղերում, մարտկոցների հետնամասերում, խոնավ տեղերում ևն։ Դուստը կարելի է փոշեցրել ռետինե տանձիկի կամ հատուկ սրվակի օգնությամբ, իսկ հեղուկ միջոցները քսել խոզանակով, վրձնով, փոշեցիրով ևն։ Աշխատանքը վերջացնելուց հետո անհրաժեշտ է երեսը և ձեռքերը լավ լվանալ օճառով, իսկ բնակարանն օդափոխել։ Պատրաստուկները պետք է պահել սննդամթերքից հեռու և երեխաների ու տնային կենդանիների համար անհասանելի տեղերում։ Խորհուրդ է տրվում 7-10 օր հետո բնակարանը նորից միջատազերծել։ Տես նաև Միջատազերծում, Դուստ:

ԽՈՀԱՆՈՑ, կերակուր եփելուց բացի, Խ-ում կարելի է արդուկ ու կար անել, տնտեսական մանր աշխատանքներ կատարել։ Ըստ Խ-ի օգտագործման բնույթի և կահավորանքի տարբերում են աշխատանքային Խ., Խ-ճաշասենյակ, որոշ բնակելի շենքերում Խ-խորշ։

Աշխատանքային Խ. հիմնականում նախատեսված է կերակուր եփելու և տնտեսական աշխատանքների համար։

Խ-ճաշասենյակում դրվում է ճաշասեղանը։

Խ-ում կատարվող աշխատանքներից ամենակարևորը և ամենաաշխատատարը կերակուր եփելը և ճաշից հետո հավաքել-լվանալն է։ Կերակուր եփելը տնտեսուհուց պահանջում է օրական միջին հաշվով 4 ժամ, որի ընթացքում նա Խ-ում քայլում է մի քանի կիլոմետր։ Պետք է հաշվի առնել նաև Խ-ում աշխատելու անբարենպաստ պայմանները, բարձր ջերմաստիճանը և խոնավությունը, գոլորշին, օդի բաղադրության