Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/455

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Աղջկա կիսավարտիք (նկ. 6). կոնքի կիսաշրջագիծը՝ 36 սմ։

Աղջկա գիշերանոց (նկ. 7). երկարությունը՝ 100 սմ, վզի կիսաշրջագիծը՝ 14 սմ, կրծքի կիսաշրջագիծը՝ 32 սմ։

ՄԱՆՎԱԾՔ, գործարանային Մ. թողարկում ես կարժերով կամ կծիկներով։ Պիտակի վրա նշվում է արտադրող գործարանի անվանումը, թելքի բնույթը, Մ-ի հաստությունը կամ մետրական համարը, կարժի թելի երկարությունը, զանգվածը ևն։

Մ-ի մետրական համարը բնութագրում է թելի հաստությունը և հավասար է 1 գ, Մ-ի երկարությանը՝ մետրերով։ Մ-ի համարը կարժի թելի երկարության (մետրերով) և կարժի զանգվածի (գրամներով) հարաբերությունն է։ Որքան Մ. բարակ է, այնքան ցածր է համարը։ Եթե Մ. բաղկացած է մի քանի թելից, ապա համարն արտահայտվում է կոտորակային թվով, օրինակ, № 32/2։ Կոտորակի հայտարարը ցույց է տալիս միասին ոլորած թելերի թիվը, իսկ համարիչը՝ առանձին թելի համարը։ Հյուսելիս հաճախ հարկ է լինում ոլորել մի քանի գործարանային թել։ Այդ դեպքում ստացված թելի համարն անվանում են գումարային։ Օրինակ, երկու թելերի միացման դեպքում № 10/2 գումարային համարը կլինի 10/2:2=2,5։

Նախկինում կարժերի պիտակների վրա նշում էին միայն Մ-ի համարը, այնուհետև սկսեցին նշել նաև հաստությունը «տեքս» համակարգի միավորով, որը թվապես հավասար է 1 կմ երկարության Մ-ի զանգվածին (գրամներով)։ Թելի հաստության չափման «տեքս» միավորը գրամ/կիլոմետրն է (գ/կմ)։ Սի քանի թելերից ոլորված Մ-ի հաստությունը որոշվում է դրանց արտադրյալով։ Բազմապատկիչներից մեկն արտահայտում է մի բաղադրիչ թելի հաստությունը, իսկ մյուսը՝ ոլորված թելերի թիվը, օրինակ, 100x2։ Ներկայումս պիտակների վրա նշում են միայն թելի հաստությունը (գծային խտությունը) «տեքս» համակարգում։

«Տեքս» համակարգի միավորներով արտահայտված Մ-ի հաստությունը որոշելու համար բերվում է այդ համակարգում Մ-ի հաստության և մետրական չափի հարաբերությունն առավել տարածված Մ-ների համար։

T= 31 տեքս x 2 - № 32/2

T = 42 տեքս x 2 - № 24/2

T = 64 տեքս x 2 - № 16/2

T = 100 տեքս x 2 - № 10/2

T = 110 տեքս x 3 - № 9/3

T = 165 տեքս x 2 - № 6/2

Բրդե Մ-ի համար գործածվում է կոնդիցիոն զանգված հասկացությունը։ Դա բրդե Մ-ի կարժի զանգվածն է նորմալ (կոնդիցիոն), այսինքն՝ օդի ջերմաստիճանի և խոնավության որոշակի արժեքների պայմաններում։ Այդ հասկացությունը գործածվում է, քանի որ բուրդը լավ կլանում է խոնավությունը և հեշտությամբ փոխանցում այն շրջակա միջավայրին (արտաքին պայմանների փոփոխության դեպքում)։ Խոնավության կլանման դեպքում բրդի զանգվածը մեծանում է, իսկ տացքի դեպքում՝ փոքրանում։ Տանը կշռված բրդե Մ-ի կարժի զանգվածը կարող է տարբերվել կարժի պիտակի վրա նշվածից, քանի որ սենյակի օդի ջերմաստիճանը և խոնավությունը տարբերվում են օդի բնականոն ջերմաստիճանից և խոնավությունից։

Որևէ իր հյուսելու համար Մ-ի մի քանի կարժ գնելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաև խմբաքանակի համարին, քանի որ նույն գույնի տարբեր խմբաքանակների կարժերը կարող են երանգով իրարից տարբերվել։

ՄԵՐԱԿՆԵՐ, տարբերում են դնովի, շրջակարված, քուղե, օդային և երիզված Մ.։ Բոլոր տեսակի Մ-ի (զարդագեղ Մ-ից բացի) երկարությունը հավասար է կոճակի տրամագծի և հաստության (մոտավորապես 0,3 սմ) գումարին։ Առաջին հերթին անհրաժեշտ է որոշել Մ-ի հեռավորությունը լանջեզրից կամ առաջամասը կիսող գծից, ապա շիտակ երեսի վրա նշել Մ-ի տեղը (նկ. 1)։

Դնովի Մ . (նկ. 2) հիմնականում կանանց ներքնազգեստի համար են։ Գործվածքից կտրած 2,5-3 սմ լայնության երկայնական զոլակը երկտակում են, կտրած եզրերը ներս ծալում և թերակարում, ապա երկու կողմից թակալում (եզրից 0,1 սմ դեպի ներս)։ Զոլակը բաժանում են անհրաժեշտ թվով Մ-ի։ Կրկնակի (կոճակի տրամագծի կրկնակի երկարության) Մ. ստանալու համար անկյունն ամրացնում են ձեռքով կամ մեքենայով։ Մ. թերակարում են հագուստի հակառակ երեսից, վրայից դնում զոլակակտորը, թերակարում և թակալում (եզրից 0,7 սմ դեպի ներս)։ Զոլակը շուռ են տալիս շիտակ երեսի վրա և մեկ կամ երկու անգամ թակալում։

Շրջակարված Մ . (նկ. 3) կանացի, տղամարդկանց և մանկական ներքնազգեստների, տղամարդկանց վերնաշապիկների համար են։ Մ. շրջակարում են ձեռքով (օղակարով) կամ հատուկ հարմարանք ունեցող մեքենայով։ Ձեռքով շրջակարելիս Մ-ի բացվածքը պահում են ցուցամատի վրա, ճեղքի շրջագծով թել են դնում և ամրացնում օղակարով (ասեղն առնում են թելի օղակի մեջ կամ գործվածքի միջով անցկացնելուց հետո ասեղով բռնում թելի օղակը)՝ հավասար, խիտ կութերով։

Մ-ի ծայրերն ամրակարում են հետևյալ կերպ. ճեղքին ուղղահայաց 2-3 կութ են անում (ըստ Մ-ի լայնության), ապա դրանք շրջակարում խիտ կութերով։

Մ. կարում են նաև գործվածքից պատրաստված քուղից (նկ. 4)։ 2,5-3 սմ լայնության (կախված գործվածքի հաստությունից) զոլակը երկտակում են (շիտակ երեսը դեպի ներս) և թակալում՝ ծալատեղից 0,3-0,5 սմ թողնելով: