Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/460

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անբավարար է ներկված, ապա պետք է թողնել, որ լուծույթը մի փոքր հովանա, ավելացնել 3/4 բաժակ քացախ, և թույլ եռքով ներկել ևս 30 րոպե։ Ներկված իրը հովացնում են լուծույթում՝ չդադարեցնելով խառնելը, ապա հանում են, թողնում ջրքամվի և պարզաջրում։

Մեկ կարժը 3-4 գույնով ներկելը։ Կարժը մի քանի գույնով (գույների աստիճանական անցումով) ներկելու համար կարժը թույլ փաթաթում են բաց գույնի թղթե թելով։

Ներկելուց առաջ կարժը մասամբ թրջում են, մոտավորապես 1/3 կամ 1/4 մասը։ Կարժը կախում են բաքի վրա դրված ձողից այնպես, որ թաց մասն ընկղմվի լուծույթի մեջ։ Մի մասը ներկելուց հետո թրջում են հակառակ ծայրը և նույն եղանակով ներկում այլ գույնով։ Կարժը չորացնում և այնպես են փաթաթում, որ ներկված մասերը լինեն մեջտեղում, չներկվածները՝ ծայրերում։ Այսպիսով, մեկ կարժը ներկվում է 4 գույնով՝ հաշված սկզբնականը։

Բնական մետաքսե և կիսամետաքսե իրեր և գործվածքներ։ 1 լ տաք ջրում լուծում են կերակրի աղը (1 ճաշի գդալ 1 փաթեթ ներկանյութի հաշվով), խառնելով լցնում ներկալուծույթի մեջ, ընկղմում ներկվող իրը և աստիճանաբար տաքացնում մինչև եռալը։ Ներկում են թույլ եռքով, 30-45 րոպե, այնուհետև իրը 30 րոպե թողնում են հովացող ներկալուծույթի մեջ՝ չդադարեցնելով խառնելը։ Ներկված իրը հանում են, թողնում ջրքամվի և պարզաջրում։ Այս եղանակով բնական մետաքսե և կիսամետաքսե իրեր ներկելու համար, հատուկ ներկանյութերից բացի, օգտագործում են նաև բամբակե գործվածքների համար նախատեսված որոշ ներկանյութեր։ Այդ տեսակի իրերը և գործվածքները կապույտ և մուգ կապույտ գույնով կարելի է ներկել բրդի համար նախատեսված ներկանյութերով՝ բրդի ներկման եղանակով։

Կիսաբրդե գործվածքներ և իրեր ներկում են համապիտանի և բամբակե գործվածքների համար նախատեսված ներկանյութերով, բնական մետաքսի ներկման եղանակով՝ ավելացնելով 1 կրկնակի քանակության աղ։

Ցածր ջերմաստիճանում լավ են ներկվում բուսական թելքերը, իսկ բարձր ջերմաստիճանում (հատկապես եռացնելիս)՝ բուրդը, ուստի Ն-ման վերջում, եռացնելիս պետք է գործվածքի նմուշը հանել ներկալուծույթից, չորացնել արդուկով և ստուգել բրդե և բամբակե թելերի ներկվածքի որակը։ Եթե բրդե թելն ավելի բաց գույնի է, քան բամբակե թելը, ապա Ն. պետք է շարունակել այնքան ժամանակ, մինչև իրը ներկվի հավասարաչափ։ Եթե երկարատև եռման (45 րոպեից մինչև 1 ժամ) դեպքում էլ դա չի հաջողվում, ապա պետք է ավելացնել 1/2 բաժակ քաղախաթթվային էսենցիա և Ն. շարունակել ևս 15 րոպե (այս դեպքում պարտադիր չէ իրը ներկալուծույթի մեջ թողնել հովանալու)։ Եթե բրդե թելերը բամբակե թելերից մուգ են ներկվել, ապա պետք է Ն. դադարեցնել և իրը հովացող լուծույթում պահել մինչև հավասարաչափ ներկվածք ստանալը։ Հակառակ դեպքում պետք է ավելացնել ներկանյութ և 65-70 °C–ում Ն. շարունակել ևս 30 րոպե։

Ներկված գործվածքների և իրերի մշակումը։ Ներկված իրը պարզաջրում են գոլ ջրով, ջուրը փոխում այնքան, մինչև պարզի։ Այնուհետև իրը պարզաջրում են սառը ջրով։ Բնական մետաքսե իրերը պետք է պարզաջրել սառը ջրով՝ ավելացնելով քացախ (5 լ ջրին 1 ճաշի գդալ քացախաթթվային էսենցիա կամ 1/4 լ քացախ)։ Պարզաջրած իրը քամում և չորացնում են։ Բրդե, մետաքսե և տրիկոտաժե իրերը չի կարելի կախել. ավելի լավ է դրանք փաթաթել սրբիչի կամ սավանի մեջ և մի քանի անգամ քամել, այնուհետև փռել, հարդարել և չորացնել։ Թեթև իրերը կարելի է չորացնել կախիչի վրա։ Խորհուրդ չի տրվում ներկված իրերը կախել ջեռուցիչ սարքերի մոտ և արևի տակ։

Վատ ներկվելու պատճառները և դրանց վերացման եղանակները։ Տնային պայմաններում ներկելու դեպքում հաճախ ներկվածքը ստացվում է ոչ հավասարաչափ, բծերով, ոչ դիմացկուն, որը, հիմնականում, ներկանյութի ոչ ճիշտ ընտրության, ներկման կանոնների խախտման հետևանք է։

Անհավասարաչափ ներկվածքը գլխավորապես վատ խառնելու, ներկալուծույթի փոքր ծավալի, Ն-ման ընթացքում իրի ջրի երես բարձրանալու, սկզբնական ներկվածքի անհավասարաչափ խունացման, կեղտաբծերի առկայության և կեղտոտ ամանների օգտագործման արդյունք է։

Բամբակե և վիսկոզե գործվածքների ներկվածքը կարող է հավասարաչափ դառնալ դրանք օճառաջրում 30-40 րոպե տաքացնելով, անհրաժեշտության դեպքում նաև կրկնակի Ն-ով։ Բրդե իրերի ներկվածքը հավասարաչափ է դառնում դրանք անուշադրի սպիրտի լուծույթում (5 լ ջրին՝ 50 գ) 30 րոպե տաքացնելու (40-50 °C) դեպքում։ Եթե ներկելուց հետո իրը գունաթափվում է, պետք է այն նորից պարզաջրել կամ լվանալ ներկանյութի ավելցուկը հեռացնելու համար։

ՇՈԳԵՄՇԱԿՈՒՄ ԳՈՐԾՎԱԾՔԻ, ազատ (չձգված) գործվածքի շոգեհարում, գործվածքի վերջնամշակում գործարանային պայմաններում։ Շոգեմշակման ընթացքում գործվածքի փայլը մեղմանում է, և գործվածքը մտնում է։ Կարելի է գործվածքը շոգեմշակման ենթարկել նաև տանը. այն պետք է խոնավացնել, փաթաթել թաց սավանի մեջ և թողնել մի քանի ժամ, այնուհետև խոնավ գործվածքը հակառակ երեսից արդուկել ըստ երկայնական թելի։

ՇՐՋԱԶԳԵՍՏԻ համար գործվածք ընտրելիս, հաշվի են առնում կնոջ կազմվածքը, տարիքը, նորաձևության պահանջները։

Անջրանցիկ գործվածքից մարզական ոճի Շ. (նկ. 1), ուղիղ ձևվածքի, առաջամասում կոճկվող փոքր ծալովի օձիքով։ Կոճկվածքը զոլակով է՝ հավասարաչափ բաշխված կոճակներով։

Գործվածքի ծախսը. 2 մ 20 սմ՝ 150 սմ լայնքի դեպքում։ Չափսը՝ 164-112-120։

Մետաքսե գործվածքից Շ. (նկ. 2), ուղիղ ձևվածքի, ներկարված թևքերով (ուսաբարձիկներով), առաջամասի մի կողմից ուսակարից մինչև կոնքագիծը հասնող թակալած դարսերով։

Գործվածքի ծախսը. 4 մ 06 սմ՝ 90 սմ լայնքի դեպքում։ Չափսը՝ 158-96-104։

Բրդե գործվածքից Շ. (նկ. 3), գոտկամասում կտրված։ Ծալովի օձիքը բաղկացած է 2 մասից։ Կոճկվում է հետևից։ Կրծքամասը և թիկնամասը դրվագակտորի տակից թեթևակի փոթավորված են։ Գոտկատեղից ներքև Շ. ուղիղ է, 2 կարով։

Գործվածքի ծախսը. 3 մ 55 սմ՝ 90 սմ լայնքի դեպքում։ Չափսը՝ 164-92-100։

Վելվետից Շ. (նկ. 4), ուղիղ ձևվածքի, «անգլիական» օձիքով, երկշար կոճկվածքով։ Առաջամասում և վրադիր