Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/47

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կամ էլ հարդարանքը լինի չեզոք՝ բնական փայտի կազմվածքը նմանակող թաղանթից (տես նաև Լինօլեում և Երեսպատում սալիկներով):

Խ-ի ընդհանուր գունային լուծումը կախված է առաջին հերթին դրա կողմնորոշումից։ Հյուսիսային, հյուսիս-արևելյան և հյուսիս-արևմտյան կողմնորոշման դեպքում նախընտրելի են ջերմ գույներ (փղոսկրի, բաց կիտրոնագույն), հարավային, հարավ-արևելյան և հարավ-արևմտյան կողմնորոշման դեպքում՝ սառը գույներ (բաց մոխրագույն, կապույտի հետ զուգակցված սպիտակ ևն)։

Հատակի գույնը կարող է լինել ավելի հագեցած, քան պատերինը, որոնց համար, որպես կանոն, ընտրում են քիչ հագեցած գույներ (40 %-ից ոչ ավելի) անդրադարձման մեծ գործակցով (40-50 %): Պատերի բաց երանգները նպաստում են Խ-ի չափերի տեսողական ընդարձակմանը և բարենպաստ պայմաններ ստեղծում լույսի բաշխման և լուսավորության համար։

Խ-ի կահույքը լինում է շարժական (ճաշասեղան, աթոռներ) և անշարժ (հատակադիր և կախովի պահարաններ, սալօջախ, լվացակոնք, սառնարան, օդամաքրիչ ևն)։

Հատակադիր պահարաններն ըստ նշանակության և կառուցվածքի լինում են աշխատանքային սեղան-պահարաններ, լվացարանատակի պահարան, սառնարանի տակդիր-պահարան, տնտեսային բարձր պահարան ևն։ Պատի պահարանները ներառում են ամանեղենի և նպարեղենի, ամանների չորացման, ինչպես նաև անտրեսոլային (սակավ օգտագործվող իրերի համար) պահարաններ։

Կահավորանքի առանձին տարրերի և Խ-ի կահույքի չափերը պետք է համապատասխանեն ոչ միայն աշխատանքների բնույթին, այլև տնտեսուհու հասակին։ Միջահասակ կանանց համար (158–160 սմ) սեղան-պահարանի առավել հարմար բարձրությունը 85 սմ է, աշխատանքային հարթակների լայնությունը 60 սմ։ Կանգնած աշխատելը հեշտացնելու համար հատակադիր պահարանների 10 սմ բարձրության պատվանդանը առջևի և հետևի մասում պետք է 5-ական սմ խորը լինի։

Պատի պահարանների խորությունը չպետք է գերազանցի 30 սմ։ Աշխատանքային մակերեսի և պատին ամրացվող ցանկացած տարրի (պահարան, լուսամփոփ) ստորին եզրի միջև հեռավորությունը պետք է լինի առնվազն 45 սմ։ Խորհուրդ է տրվում պատի պահարանի վերևի դարակը տեղակայել հատակից ոչ ավելի, քան 190 սմ բարձրությամբ։ Խոհանոցային սարքավորանքի գերադասելի բարձրությունը 210 սմ է, ավելի բարձր կարելի է տեղակայել սակավ գործածվող իրերի պահարանները։ 85 սմ բարձրության հատակադիր սեղան-պահարանների երեսները նախատեսված են մթերքի նախապատրաստման և մշակման, սառը ուտեստներ պատրաստելու համար։ Սեղան-պահարանի ներքևի բաժանմունքում պահում են խոշոր ամանեղենը, խոհանոցային մեքենաներն ու սարքերը, սեղանի սպիտակեղենը և սպասքը։ Սեղան-պահարաններն ունեն գզրոցներ, մթերք կտրատելու տախտակներ, անկյունային սեղան-պահարանները՝ ուղղաձիգ առանցքի շուրջը պտտվող դարակներ։ Նստած աշխատելու համար նախատեսված է դուրսքաշովի տախտակ հատակից 65 սմ բարձր։

Դնովի կամ ներկառուցված լվացակոնքի տեղակայման համար նախատեսվում է լվացարանատակի պահարան, որի դռան ներսի կողմից կարելի է ամրացնել աղբարկղը, պատերին լվացամիջոցներ, սպունգ, խոզանակ պահելու ցանցավոր դարակներ։

210 կամ 240 սմ բարձրության պահարանը նախատեսված է պահածոներ և չոր մթերք, խոհանոցային մեքենաներ և սարքեր պահելու համար։

Շահագործման հարմարության համար ժամանակակից հատակադիր պահարանների պատվանդանային շրջանակը փոխարինված է գնդային հենարաններ ունեցող հարմարանքով, որն ամրացված է հետևի ոտքերին։ Պահարանի առջևի մասը բարձրացնելով՝ այն կարելի է հեշտությամբ տեղափոխել հետևի գնդային հենարանների շնորհիվ։

Պատի պահարաններն ունեն հատուկ ամաններ սորուն մթերքի և համեմունքների համար։ Լվացարանի վերևում ամրացվող պատի պահարանը նախատեսված է ամաններ չորացնելու համար, ունի պլաստիկապատված մետաղալարից պատրաստված դարակներ, հենակալներ և բաժակակալներ։

Տես նաև Օդամաքրիչ։

ԽՈՐԴԵՆԻ, խորդենազգիների ընտանիքի թփեր, կիսաթփեր և խոտաբույսեր։ Մշակության մեջ հայտնի են Խ-ի բազմաթիվ հիբրիդային ձևեր, որոնք կազմում են 4 մեծ խումբ։

Խոշորածաղիկ (արքայական) Խ., ծաղիկները (2-3) խոշոր են, սպիտակից մինչև վարդակարմիր և համարյա սև երանգով կամ խայտաբղետ։ Տերևները սուր թիաձև են, ծալքավոր, մանր ատամնաեզր։

Բաղեղատերև Խ. առաջացել է վահանաձևից, կան նաև բազմաթիվ մշակովի ձևեր։ Երկար ծաղկակրի վրա ծաղիկները պարզ են, լիաթերթ և կիսալիաթերթ՝ հավաքված հովանոց ծաղկաբույլում։ Բնորոշ առանձնահատկություն է սողացող կամ մագլցող ցողունը։ Խորհուրդ է տրվում աճեցնել որպես կանթեղային բույսեր, զարդարել պատշգամբները։

Հոտավետ Խ-ու տերևները պարունակում են եթերայուղեր, որոնցով պայմանավորված է դրանց յուրահատուկ հոտը։ Տերևները բաց կանաչ են, խիստ կտրտված, ծաղիկները փոքր են, սպիտակից մանուշակագույն երանգներով։ ՀՀ-ում Խ. մշակվում է Արմավիրի մարզի Նոր Կեսարիա գյուղի «Խորդենի» եթերայուղային տնտեսություն-գործարանում։

Նշված բոլոր Խ-ները տարվա մեջ ծաղկում են 7-10 ամիս։ Շնորհիվ սուկուլենտ տերևների, լավ են հարմարվում չորային պայմաններին, բայց որպեսզի բույսը առատ ծաղկի, անհրաժեշտ է արևի լավ լուսավորություն և սնուցում (պարարտանյութերով)։ Ձմռանը Խ. պետք է պահել չոր և զով տեղում (10-12 °C)։ Հողախառնուրդը 3 մաս ճմահող, 1 մաս գոմաղբ, 0,5 մաս ավազ։ Գարնանը Խ. տեղափոխելուց հետո պետք է լավ էտել, այնպես, որ խոշորածաղիկ