կովբոյական վերնաշապիկի հետ։ Հագուստը չպետք է կաշկանդի շարժումները։ Անհրաժեշտ են նաև բրդե վերնազգեստ և 2 զույգ գուլպա, ցուրտ եղանակին՝ գլխանոցով մարզաբաճկոն, տաք ներքնահագուստ, թաթմաններ, շոգ եղանակին՝ կարճատաբատ, լողազգեստ, անթև շապիկ։ Պարտադիր են նաև լրացուցիչ սպիտակեղենն ու գուլպան, գլխարկը, լայն անձրևանոցը, սրբիչը, թաշկինակները, ցածրակրունկ ամուր կոշիկը (գարնանը և աշնանը՝ ռետինե երկարաճիտ կոշիկ)։ Հարմար է տարողունակ գրպաններով, լայն ձգափոկերով ցանկացած ուսապարկը, որի տակ պետք է կարել լրացուցիչ միջադիր և անջրանցիկ պոլիէթիլենային ներդիր։
Կարևոր է ուսապարկի մեջ իրերը ճիշտ տեղավորելը։ Թիկունքի մոտ պետք է դասավորել փափուկ իրերը, այնպես, որ նրանք հավասարաչափ հպվեն կռնակին և շարժվելիս չխանգարեն։ Ծանր առարկաները՝ պահածոները, սննդամթերքը, դնում են ուսապարկի հատակին։ Իրերով հատկապես խիտ պետք է լցնել ուսապարկի ներքևի անկյունները։ Մանր առարկաները նախապես պետք է դասավորել տոպրակների կամ ծրարների մեջ։ Սուր և կտրող առարկաները՝ դանակները, ասեղները, պետք է դնել պատյանների մեջ։ Ուսապարկին չի կարելի կապել դույլ կամ կոշիկ, ծանրաբեռնել նրա հետևի գրպանները ծանր առարկաներով։ Հարմարավետ է փչովի ներքնակով, սավանով թեթև ննջապարկը։ Կարելի է սահմանափակվել բրդե վերմակով կամ ծածկոցով, իսկ ներքնակի փոխարեն օգտագործել փրփրապլաստ կարպետ։
Ամանեղենից անհրաժեշտ են տափաշիշ և կաթսայիկ, թաս, գավաթ (գերադասելի է թեթև պոլիէթիլենե գավաթը), գդալ, ծալովի դանակ։
Երեխաներին արշավների տանելիս անհրաժեշտ է ուսապարկի մեջ դրվող մանկական աթոռակ կամ հատուկ բազկաթոռ (ուսապարկի նման ամրացվում է մեջքին)։ Դահուկային արշավների ժամանակ գործածում են մանկական դահուկների վրա դրված սահնակ։
Հարմարավետ են թեթև, ծալվող վրանները (2-4 մարդու համար), որոնց տանիքը վատ եղանակին կարելի է ծածկել պոլիէթիլենե թաղանթով։ Փայտերն ու ցցօղակները վերցվում են նախապես։ Վրանի փոխարեն կարելի է օգտագործել ինքնաշեն վրանածածկ՝ բրեզենտե թեթև կտորից կամ ռետինապատ կապրոնից։
Խոհանոցի պարագաներն են՝ 2-3 դույլ կամ կաթսա, տապակներ, շերեփներ, ամանների ծածկոց, խարույկի մոտ աշխատելու համար բրեզենտե թաթմաններ, մոմլաթ՝ ինքնաշեն «սեղանի» համար։
Եթե զբոսաշրջիկներն իրենց հետ չեն վերցնում դյուրատար գազօջախ, ապա կերակուր պատրաստելիս խարույկի համար անհրաժեշտ է ունենալ բարակ ճոպանիկ (կաթսան կախելու համար), բարձակ, կեռիկ և շղթայիկ՝ կրակի վրա կաթսայի բարձրությունը կարգավորելու համար։ Ամեն խումբ պետք է ունենա պատյանում պահվող 1-2 կացին։
Յուրաքանչյուր զբոսաշրջիկ պետք է ունենա կողմնացույց, արևի ակնոց, անհատական բժշկական փաթեթ, միջատներից, արևայրուքից պաշտպանվելու քսուքներ, գրպանի լապտեր, օրագիր՝ գրանցումների համար։ Դրամը և փաստաթղթերը պետք է պահել պոլիէթիլենե ծրարում, լուցկին փաթաթել անջրանցիկ նյութով
Սննդամթերքը։ Միօրյա արշավի մասնակցելիս պետք է վերցնել բուտերբրոդներ, պաքսիմատ, միրգ, բանջարեղեն, մրգահյութ, քաղցր թեյ կամ սուրճ։
Բազմօրյա արշավի համար նախապես պետք է կազմել մեկ մարդու միջին օրաբաժինը՝ ելնելով բերվող աղյուսակի սննդամթերքի քանակից (գ-ներով).
հաց (սև, սպիտակ) ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ 400-500
պաքսիմատ (չոր հաց) ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ 250-300
ձավարեղեն (և մակարոն) ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ 180-200
արգանակի խտանյութ, չոր միրգ ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ 30-50
պահածոյամիս, երշիկեղեն ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ 100-150
կարագ 40-50 կաթ (չոր, խտացրած)․․․․․․․․․․50-80
պանիր․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․30-40
շաքար-քաղցրավենի․․․․․․․․․․120-150
աղ, թեյ, սուրճ, չիր ևն։
Բազմօրյա արշավների ժամանակ զբոսաշրջիկները օրական 3 անգամ պետք է տաք սնունդ ընդունեն։ Քայլելու ընթացքում խմել չի կարելի։ Խորհուրդ է տրվում միայն ողողել բերանը, իսկ ծարավը կարելի է հագեցնել միայն նախաճաշի, ճաշի և ընթրիքի ընթացքում։