Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/508

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շերտում առաջանում է լուսանկարվող օբյեկտի աչքով անտեսանելի պատկերը (թաքնապատկերը)։ Լուսային էներգիայի այն քանակը (լուսավորության քանակը), որն անհրաժեշտ է հաղորդել լուսազգայուն շերտին թաքնապատկեր առաջացնելու համար, կոչվում է լուսաքանակ, իսկ լուսաժապավենի վրա լույսի ազդեցության գործընթացը՝ լուսակայում։

Լուսակայված լուսաժապավենի քիմիալուսանկարչական մշակման ժամանակ նրա լուսազգայուն շերտը ենթարկվում է քիմիապես ակտիվ նյութերի ներգործությանը, որի հետևանքով թաքնապատկերը հայտածվում և փոխարկվում է տեսանելի սև-սպիտակ կամ գունավոր նեգատիվ կամ պոզիտիվ պատկերի, որն արդեն կայուն է լույսի ազդեցությանը։

Լուսատպման ժամանակ նեգատիվ պատկերը խոշորացուցիչի միջոցով խոշորացնելով կամ առանց խոշորացման փոխանցվում է լուսանկարչական թղթին կամ լուսաժապավենին, որոնց վրա, քիմիալուսանկարչական մշակումից հետո, ստացվում է լուսանկարը կամ թափանցապատկերը։

Լ-յամբ զբաղվելը խորհուրդ է տրվում սկսել լուսանկարչական ապարատներին, պիտույքներին, նյութերին ու դրանց մշակման եղանակներին ծանոթանալուց հետո։

Լուսանկարչական ապարատ։ Օպտիկամեխանիկական սարք է, որի հիմնական կառուցվածքային տարրերն են. անլուսանցիկ խցիկը (լուսանկարչական խցիկ), նկարահանման օբյեկտիվը, դիտանը, որի օգնությամբ որոշվում են լուսանկարվող պատկերի սահմանները, պահաժամը կարգավորող լուսանկարչական փականակը, պարկուճը, որտեղ տեղավորվում է լուսաժապավենը։ Լուսանկարչական տարբեր ապարատներում այս տարրերը կառուցվածքորեն տարբեր են, սակայն դրանց դերը միշտ նույնն է։ Ուստի, սկզբունքորեն իմանալով դրանց կազմությունն ու օգտագործման կանոնները, կարելի է արագ վարժվել ցանկացած լուսանկարչական ապարատի, առավել ևս, որ ամեն մի ապարատի հետ տրվում է շահագործման մանրամասն հրահանգ։

Անլուսանցիկ խցիկը մի տուփ է, որի առջևի պատին կա անցք օբյեկտիվի տեղակայման համար, իսկ հակառակ պատին՝ կադրի շրջանակ, որի հետևում տեղավորվում է լուսաժապավենը։ Խցիկը պաշտպանում է լուսաժապավենը կողմնակի լուսային ճառագայթների ազդեցությունից։ Անլուսանցիկ խցիկը կառուցվածքային մի հիմնատարր է, կրող իրան, որի վրա և որի ներսում հավաքակցվում են լուսանկարչական ապարատի հանգույցներն ու մեխանիզմները։ Լուսաժապավենով լիցքավորելու համար բոլոր լուսանկարչական խցիկներն ունեն հանովի կամ բացվող հետևի պատ։ Լուսաժապավենի լույս տեսնելը կամ լուսային փայլքի առաջացումը կանխելու համար խցիկի ներքին մակերևույթները սև են։

Լուսանկարչական ապարատի կադրերի շրջանակը որոշում է պատկերման դաշտի չափերը (կադրի չափերը) լուսաժապավենի վրա։ Ըստ կադրի չափերի, լուսանկարչական ապարատները լինում են. լայնաչափ (կադրի չափը 9x12 սմ և ավելի), միջին չափի (4,5x6, 6x6, 5x7 և 6x9 սմ), փոքրաչափ (24x24, 28x28, 24x32 և 24x36 մմ), կիսաչափ (18x24 մմ) և մանրաչափ (14x20, 13x17 և 10x14 մմ)։

Նկարահանման օբյեկտիվը ստեղծում է նկարվող օբյեկտի լուսային պատկերը լուսանկարչական լուսազգայուն շերտի մակերևույթի վրա։ Օբյեկտիվը մետաղե կամ պլաստմասսայե շրջանակի մեջ տեղադրված մի քանի (մինչև 10 և ավելի) ոսպնյակներից բաղկացած օպտիկական մի համակարգ է, որի ներսում տեղավորվում է նաև դիաֆրագմայի մեխանիզմը, իսկ երբեմն և լուսանկարչական փականակը։ Շրջանակն ապահովում է ոսպնյակների ճշգրիտ փոխդասավորությունը և պաշտպանում դրանք մեխանիկական վնասվածքներից։ Օբյեկտիվը լուսանկարչական ապարատի իրանին ամրացվում է շրջանակի վրա արված պարուրակային կամ բայոնետային (սվինային) միացքով։

Նկարահանման օբյեկտիվները տարբերվում են ոսպնյակների թվով, օպտիկական համակարգի տեսակով։ Առավել տարածված օբյեկտիվներից են անաստիգմատները, որոնք տալիս են բարձրորակ օպտիկական պատկեր։ Պարզագույն անաստիգմատը՝ տրիպլետը, բաղկացած է 3 ոսպնյակից, նշանակվում է «Տ» տառով։ Ավելի բարդ անաստիգմատները բաղկացած են 4 և ավելի ոսպնյակներից։

Օբյեկտիվի հիմնական բնութագրերն են կիզակետային հեռավորությունը, անկյունային դաշտը, հարաբերական բացվածքը, լուծունակությունը։

Կիզակետային հեռավորությունը (նշանակվում է f տառով) որոշում է պատկերի մասշտաբը, այսինքն պատկերի չափը լուսանկարվող օբյեկտի չափերի համեմատ. որքան մեծ է կիզակետային հեռավորությունը, այնքան խոշոր է պատկերը (օբյեկտի անփոփոխ հեռավորության դեպքում)։ Արդի լուսանկարչական օբյեկտիվներն ունեն 8-ից մինչև 2000 մմ կիզակետային հեռավորություն։ Սովորաբար կիզակետային հեռավորությունը յուրաքանչյուր օբյեկտիվի համար հաստատուն մեծություն է և նշվում է օբյեկտիվի շրջանակի վրա միլիմետրերով կամ սանտիմետրերով։

Կիզակետային հեռավորությունից և կադրի չափերից կախված, լուսանկարչական օբյեկտիվները բաժանվում են 3 խմբի, նորմալ օբյեկտիվներ, որոնց կիզակետային հեռավորությունը մոտավորապես հավասար է կադրի անկյունագծի երկարությանը, կարճակիզակետ օբյեկտիվներ՝ կադրի անկյունագծից փոքր կիզակետային հեռավորությամբ, երկարակիզակետ օբյեկտիվներ՝ կադրի անկյունագիծն ավելի քան 1,5 անգամ գերազանցող կիզակետային հեռավորությամբ։ Նորմալ օբյեկտիվները, որպես կանոն, օգտագործվում են իբրև հիմնական «հաստիքային» օբյեկտիվներ։

Կարճակիզակետ և երկարակիզակետ օբյեկտիվներն ամենից հաճախ կիրառվում են որպես փոխովի օբյեկտիվներ լուսանկարչական այնպիսի ապարատներում, որոնցում կարելի է հիմնական օբյեկտիվի փոխարեն տեղակայել այլ կիզակետային հեռավորությամբ օբյեկտիվ. դրանք թույլ են տալիս նկարահանել ամենատարբեր պայմաններում և ընդլայնում են նկարի հորինվածքային լուծումներ ընտրելու հնարավորությունները։

Մեծ լուծունակությամբ կարճակիզակետ օբյեկտիվներն առավել հարմար են այն դեպքերում, երբ մինչև նկարահանման օբյեկտը եղած սահմանափակ հեռավորությունից պահանջվում է ստանալ ընդհանուր պլանի նկար, օրինակ, ճարտարապետական համակառույցներ, բնապատկերներ լուսանկարելիս, փոքր չափերի սենյակներում նկարահանելիս ևն։ Կարճակիզակետ օբյեկտիվները, որպես կանոն, ապահովում են