Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/514

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լիցքավորվում են պարկուճներում ամփոփված կոճային լուսաժապավենով։ Լիցքավորման այսպիսի եղանակը, մի քանի պարկուճների առկայության դեպքում, թույլ է տալիս սովորական պայմաններում արագ վերալիցքավորել լուսանկարչական ապարատը՝ չվախենալով արդեն նկարահանված կամ դեռ չլուսակայված ժապավենի լույս տեսնելուց։ Գոյություն ունեն մի քանի տեսակի պարկուճներ, որոնց կառուցվածքն ու չափերը կախված են կիրառվող լուսաժապավենի տեսակից ու լուսանկարչական ապարատի կառուցվածքից։ Բոլոր փոքրաչափ և կիսաչափ լուսանկարչական ապարատները նախատեսված են ստանդարտ պարկուճների օգտագործման համար, որոնցում տեղավորվում է 35 մմ լայնության 1,65 մ լուսաժապավեն, ինչը ապահովում է 24x36 մմ չափի 36 կամ 18x24 մմ չափի 72 կադրի նկարահանումը։ Ըստ լուսանկարչական ապարատի պարկուճային մասի կառուցվածքի, դրանում օգտագործվում են կամ 2 միատեսակ պարկուճներ (որոնցից մեկը՝ մատուցողը, պարունակում է ժապավենի չլուսակայված մասը, իսկ մյուսը՝ ընդունողը, արդեն նկարահանված մասը), կամ մեկ պարկուճ (մատուցող) և ընդունող կոճ (նկարահանումից հետո լուսաժապավենը կոճից հետ են փաթաթում պարկուճի մեջ)։

Մատուցող պարկուճից դեպի ընդունողը (կամ դեպի ընդունող կոճը) ժապավենը ձգվում է փոխադրիչ մեխանիզմով, որը գործի է դրվում ձեռքով, լուսափականակը քաշելու հետ միաժամանակ, կամ էլ ավտոմատորեն՝ զսպանակային կամ էլեկտրական շարժաբերով, լուսափականակի գործարկումից անմիջապես հետո։ Այսպիսով բացառվում է միևնույն կադրի վրա երկու անգամ նկարելու հնարավորությունը։ Լուսաժապավենի տեղափոխումը վերահսկվում է կամ կադրերի հաշվիչով, որը բլոկավորված է լուսափականակը քաշելու մեխանիզմի հետ և ավտոմատ կերպով հաշվում է նկարահանված կադրերի թիվը, կամ էլ լուսապաշտպան թղթի վրա (61,5 մմ լայնության չծակատված լուսաժապավենների) նշված թվանշաններով, որոնք երևում են լուսախցիկի հետևի պատին եղած հատուկ պատուհանից։

Կան լուսանկարչական ապարատների տասնյակ մոդելներ, որոնք տարբերվում են կադրի չափով, օբյեկտիվներով, կիզակետման եղանակով, փականակի տեսակով, օժանդակ հարմարանքների առկայությամբ, ավտոմատացման աստիճանով ևն։ Յուրաքանչյուր լուսանկարչական ապարատ ունի իր անվանումը, որին հաճախ ավելացվում են թվանշաններ և (կամ) տառեր, որոնք ցույց են տալիս այդ մոդելի որևէ բնութագրական առանձնահատկությունը։ Լուսանկարչական ապարատը օպտիկամեխանիկական բարդ սարք է, որին պետք է խնամքով վերաբերվել՝ մաքուր պահել, պահպանել ցնցումներից և ջերմաստիճանի կտրուկ տատանումներից, հետևել, որպեսզի ապարատի ներսը փոշի, կեղտ, խոնավություն չանցնի։ Լուսանկարչական ապարատը հարկավոր է պահել փակ պատյանի մեջ։ Նկարահանումների միջակայքում օբյեկտիվը լավ կլինի փակել կափարիչով, իսկ լոաափականակն ու ինքնաթողքը այդ ընթացքում պետք է գտնվեն իջեցված վիճակում։ Ապարատը հարկավոր է պարբերաբար մաքրել, բայց ոչ մի դեպքում չի կարելի յուղել նրա մեխանիզմները։ Խորհուրդ չի տրվում առանց անհրաժեշտության հանել օբյեկտիվը լուսանկարչական ապարատից (բացի այն դեպքերից, երբ նկարահանման ժամանակ օգտագործվում են փոխովի օբյեկտիվներ)։ Չի կարելի ձեռքով դիպչել ոսպնյակների և հայելիների մակերևույթին, որովհետև պատվածքը կարող է վնասվել։ Լուսանկարչական ապարատի արտաքին և ներքին մակերևույթներից փոշին, մազմզուկները հարկավոր է հեռացնել փափուկ վրձնի կամ ռետինե տանձիկի օգնությամբ։ Անհրաժեշտության դեպքում ոսպնյակների մակերևույթները կարելի է սրբել միայն սպիրտով կամ եթերով թեթևակի թրջած ֆլանելի մաքուր լաթով կամ բամբակի խծուծով։ Ձմռանը, ցուրտ եղանակին, խորհուրդ է տրվում լուսանկարչական ապարատը պահել վերնահագուստի տակ և հանել միայն նկարահանման ժամանակ։

Խորհուրդ չի տրվում ինքնուրույն քանդել ապարատը։ Նրա մեխանիզմների մաքրումը, նորոգումն ու կարգավորումը պետք է կատարեն միայն որակյալ մասնագետները՝ նորոգման մասնագիտացված արհեստանոցներում։ Լուսանկարչական ապարատների մեծ մասի ծառայության երաշխիքային ժամկետը 18 ամիս է։

Լուսանկարչական պիտույքներ։ Հաճախ լուսանկարչական ապարատի կառուցվածքը թույլ չի տալիս ստանալ ցանկալի լուսանկարը կամ նկարահանել առկա պայմաններում։ Լուսանկարչական սարքավորման հնարավորություններն ընդլայնելու նպատակով կիրառում են օժանդակ տարբեր սարքեր ու հարմարանքներ, որոնք միասին կոչվում են լուսանկարչական պիտույքներ։