Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/515

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դրանք են, մասնավորապես, փոխովի դիտանները, հանովի հեռաչափը, պարկուճները, բլենդները, լուսազտիչները, հավելադիր ոսպնյակները, ակնապանակները, երկարացնող օղակները, թողքի ճոպանիկները, կալանները, խոշորացույցները, լուսաբռնկիչները, լուսակայացույցները։

Լուսապաշտպան բլենդները խոչընդոտում են կողմնակի, պատկերի առաջացմանը չմասնակցող լուսային ճառագայթների թափանցմանը լուսանկարչական ապարատի օբյեկտիվ և կանխում պատկերի վրա լուսափայլքի առաջացումը։ Բլենդները, որոնք ունեն հատած կոնի կամ քառանիստ հատած բուրգի տեսք, պատրաստում են պլաստմասսայից, ռետինից, հազվադեպ՝ մետաղից, սևացրած փայլատ ներքին մակերևույթով, և հագցվում կամ պտուտակվում են լուսանկարչական ապարատի օբյեկտիվին։

Լուսազտիչը գունավոր ապակուց կլոր թիթեղ է հատուկ շրջանակի մեջ, որով հեշտությամբ ամրացվում է լուսանկարչական ապարատի օբյեկտիվի առջևի մասում։ Լուսազտիչն ազատ անցկացնում է որոշ լուսային ճառագայթներ, իսկ մյուսները պահում է լրիվ կամ մասնակիորեն՝ նկատելիորեն թուլացնելով դրանց ներգործությունը ժապավենի լուսազգայուն շերտի վրա։ Լուսազտիչը մասնակիորեն կլանում է լույսը, ուստի նկարահանման ժամանակ լուսաքանակը հարկավոր է ավելացնել այնքան անգամ, որքան լուսազտիչի պատիկությունն է։

Հավելադիր ոսպնյակները կիրառվում են մոտիկից նկարահանելիս պատկերի մասշտաբը խոշորացնելու համար։ Ամրացնում են լուսանկարչական ապարատի օբյեկտիվի առջևի մասին պարուրակավոր կամ զսպանակող շրջանակի օգնությամբ։

Ակնապանակը տեղակայվում է հայելապատ լուսանկարչական ապարատների դիտանի օկուլյարի վրա՝ աչքը կողմնակի լույսից պաշտպանելու համար, ինչը նկարահանման օբյեկտիվի կիզակետման համար ապահովում է լավագույն պայմաններ։

Երկարացնող օղակները տարբեր լայնության մետաղե օղակներ են, որոնք տեղավորվում են օբյեկտիվի շրջանակի և լուսանկարչական ապարատի իրանի միջև շրջանակի երկարությունն ավելացնելու, հետևաբար և մակրոնկարահանման ժամանակ պատկերի մասշտաբը 1:10-ից մինչև 1:1 սահմաններում փոփոխելու նպատակով։ Թողարկվում է 7, 14 և 28 մմ լայնության 3 օղակից բաղկացած լրակազմ. այդ օղակները տարբեր համակցություններով միացնելիս ապահովում են օբյեկտիվի շրջանակի «երկարացում» 7, 14, 21, 28, 35, 42 և 49 մմ-ով։

Թողքի ճոպանիկը (լուսանկարչական ճոպանիկ) ճկուն մետաղական թաղանթով բարակ պողպատե ճոպան է (150 մմ և ավելի երկարության), որն ամրացվում է լուսանկարչական ապարատի թողքի կոճակի բնում լոաափականակի թողքի համար, երբ թողքի կոճակի անմիջական սեղմումը մատով դժվար է կամ ըստ նկարահանման պայմանների անցանկալի (օրինակ, կալանի օգնությամբ մեծ պահաժամերով նկարահանելիս լուսանկարչական ապարատը չշարժելու համար)։

Կալանը նկարահանման ժամանակ լուսանկարչական ապարատի դիրքը սևեռակայելու հարմարանք է։ Օգտագործվում է 1/30 վ-ից ավելի պահաժամերով կամ ինքնաթողքով նկարահանելիս։ Արտադրվում են 10 տեսակից ավելի կալաններ, այդ թվում կալան-պտուտակամամուլ, կալան-տակդիր, կալան-հենոց, ծալովի եռոտանի կալան ևն, ինչպես նաև կալանային գլխիկներ, որոնք կիրառվում են լուսանկարչական ապարատը պահանջված դիրքում կալանի վրա սևեռակայելու կամ համայնապատկերի նկարահանման համար։ Լուսանկարչական ապարատը կալանին ամրացվում է միացնող պտուտակով, որի համար ապարատի իրանի հիմքում կա պարուրակավոր բուն։

Լուսակայացույցներ։ Որակյալ լուսանկար ստանալու կարևորագույն պայմանը ճիշտ լուսաքանակի որոշումն է նկարահանման տվյալ լուսային պայմանների և օգտագործվող լուսանկարչական նյութերի տվյալ լուսազգայունության դեպքում։ Այսպես, անբավարար լուսակայման (թերապահման) դեպքում պատկերը սև-սպիտակ նեգատիվի վրա ստացվում է շատ բաց, լուսավոր հատվածներում վատ են երևում նկարահանման օբյեկտի մանրամասները. ավելցուկային լուսակայման (գերապահման) դեպքում պատկերը դառնում է չափազանց մուգ, և բոլոր մանրամասներն անհետանում են ստվերներում։ Լուսաքանակի որոշման սխալներն ավելի մեծ չափով են երևան գալիս հակադարձելի գունավոր լուսաժապավենով նկարահանելիս, նույնիսկ աննշան գերապահման դեպքում գունավոր պատկերում փաստորեն կորչում է դեղինը և գերակշռում է կապույտը, թերապահված լուսանկարներում գերակշռում են դեղինը և ծիրանագույնը, իսկ կապույտը նկատելիորեն թուլանում է։ Գունավոր լուսաժապավենով (ինչպես նեգատիվային, այնպես էլ հակադարձելի) նկարահանելիս հարկավոր է հիշել, որ լուսաքանակի որոշման սխալները չեն կարող շտկվել լուսաժապավենի լաբորատորային մշակման ընթացքում։

Ճիշտ լուսաքանակի, հետևաբար և լուսակայման պարամետրերի (պահաժամի ու դիաֆրագմայի արժեքների) որոշման համար օգտվում են հատուկ աղյուսակներից կամ սարքերից, որոնք կոչվում են լուսակայացույցներ։

Պարզագույն աղյուսակային լուսակայացույցները միմյանց միացված ստվարաթղթե սկավառակների ձևով պատրաստված աղյուսակների (մինչև 5-6) համախումբ են, որոնցում հաշվի են առնվում պահաժամի տևողության վրա ազդող տարբեր գործոններ՝ նկարահանվող սյուժեն, աշխարհագրական լայնությունը, նկարահանման ժամանակը, լուսաժապավենի զգայունությունը, դիաֆրագմային թվի արժեքը, լուսազտիչի պատիկությունը։ Համադրելով բոլոր այս գործոնները՝ ընտրում են դրա ինչ-որ համակցություն և ըստ այդմ որոշում տվյալ դեպքում պահանջվող պահաժամի արժեքը։ Քանի որ բավականին դժվար է ճիշտ գնահատել նկարահանման պայմանները և համադրել դրանք ադյուսակային տվյալների հետ, ուստի աղյուսակային լուսակայացույցները խիստ մոտավոր արդյունք են տալիս։

Ավելի ճշգրիտ պահաժամը կարելի է որոշել օպտիկական լուսակայացույցով, որը հիմնված է նկարահանման օբյեկտի պայծառության դիտողական գնահատման վրա, օրինակ, աստիճանավոր լուսաչափական սեպի օգնությամբ, որը բաղկացած է տարբեր օպտիկական խտության մի քանի հատվածից (աստիճանից)։ Յուրաքանչյուր աստիճան նշանակվում է թվանշանով (դիաֆրագմային թվով). 2, 2,8, 4, 5,6, 8, 11, 16։ Նկարահանման օբյեկտից անդրադարձած լուսային ճառագայթները, անցնելով լուսաչափական սեպով, լուսավորում են թվանշանների ոչ ամբողջ