Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/518

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սիրողական լուսանկարչության մեջ օգտագործվող լուսաթուղթը բնութագրվում է համեմատաբար ցածր լուսազգայունությամբ (1,4-11 միավոր), որպես կանոն, մեծ ցայտունակությամբ և լավ լուծունակությամբ (30-40 գիծ/ մմ)։ Լուսաթուղթ թողարկվում է սև-սպիտակ և գունավոր լուսանկարչության համար։

Սև-սպիտակ թուղթը (սև-սպիտակ լուսանկարներ ստանալու համար) տարբերում են ըստ տակդիրի տեսակի, լուսազգայուն շերտի բաղադրության, ստացվող պատկերի ցայտունության և այլ հատկանիշների։ Ըստ տակդիրի հաստության և խտության տարբերում են. սովորական (բարակ) լուսաթուղթ, կիսաստվարաթուղթ և ստվարաթուղթ, որոնք սպիտակ են կամ բաց դեղնավուն։ Ըստ լուսաշերտի մակերևույթի տեսքի լուսաթղթերը լինում են հարթ (փայլուն, առանձնահատուկ փայլուն, փայլատ, կիսափայլատ) և ոչ ողորկ մակերևույթով (ճնշատիպային, հատիկավոր, թավշային ևն)։

Գունավոր լուսաթուղթը նախատեսված է գունավոր լուսանկարների հպումային և պրոյեկցիոն տպման համար։ Թողարկում են «Ֆոտոցվետ-5» լուսաթուղթը՝ չքողարկված նեգատիվներից տպելու և «Ֆոտոցվետ–4»–ը՝ քողարկված նեգատիվներից տպելու համար։ Գունավոր լուսաթղթի լուսազգայունությունը միջին չափի է, ցայտունակության աստիճանը՝ նորմալ և ցայտուն, հիմքը՝ սպիտակ ստվարաթուղթ, մակերևույթը՝ փայլուն կամ ճնշատպված։ Լուսաթուղթը վաճառքի է հանվում անլուսանցիկ փաթեթվածքով, որի ներսում սև խիտ թղթի ծրարներում ամփոփվում է 6x9, 9x12, 9x14, 10x15, 13x18, 18x24, 24x30, 30x40 և 50x60 սմ չափի 20-50 կամ 100 թերթ։ Փաթեթվածքի վրա նշվում են լուսաթղթի տեսակը, չափը, մակերևույթի տեսքը, տակդիրի տեսակը, գույնը և խտությունը, ինչպես նաև պատրաստման թվականը և պահելու երաշխիքային ժամկետը։

Լուսաժապավենի մշակումը։ Լուսաժապավենի տեսակից և լուսազգայուն շերտի հատկություններից անկախ, քիմիալուսանկարչական մշակումը ներառնում է երևակումը, որի արդյունքում լուսաշերտում երևան է գալիս տեսանելի պատկերը և սևեռակումը, որն ամրակայում է այդ պատկերը և դիմացկուն դարձնում լույսի ներգործության նկատմամբ։ Լուսաժապավենը երևակվում և սևեռակվում է լուսանկարչական տակառիկում, որի ներսում տեղավորվում է պարուրավոր կոճը, դրա վրա փաթաթվում է մշակման ենթակա լուսաժապավենը։ Կափարիչի կենտրոնում կա ձագարաձև անցք մշակող լուծույթները տակառիկի մեջ լցնելու համար։ Թողարկվող լուսանկարչական տակառիկները նախատեսված են կա՛մ միայն 35 մմ, կա՛մ միայն 61,5 մմ լայնության լուսաժապավենների մշակման համար, թողարկվում են նաև համապիտանի տակառիկներ։

Լուսաժապավենը հարկավոր է պարկուճից հանել և կոճին փաթաթել բացարձակ մթության մեջ. տակառիկը փակելուց հետո մնացած բոլոր գործողությունները կարելի է կատարել լույսի տակ՝ չբացելով տակառիկը մինչև սևեռակման ավարտը։

Լուսաժապավենի մշակման լուծույթները պատրաստելիս ամենից հարմար է օգտվել ռեակտիվների պատրաստի հավաքածուներից, որոնք վաճառվում են փաթեթներով, ստվարաթղթե պարկուճներով (կշռաբաշխված) կամ էլ հաբերով (մամլած)։ Այդպիսի հավաքածուների փաթեթվածքի վրա նշվում է, թե տվյալ բաղադրությունը ինչ ծավալի լուծույթի համար է նախատեսված, ինչ տևողությամբ և որ ջերմաստիճանում է հարկավոր մշակել լուսաժապավենը։ Ինքնուրույնաբար լուծույթներ պատրաստելիս նյութերը լուծում են բաղադրատոմսում նշված կարգով։ Սկսնակ ֆոտոսիրողներին խորհուրդ է տրվում օգտվել մի տեսակի երևակիչից, օրինակ, նեգատիվային սև-սպիտակ լուսաժապավենի համար № 2 ստանդարտ երևակիչից.

մետոլ......................... 8 գ

հիդրոքինոն.................... 5 գ

նատրիումի անջուր սուլֆիտ.... 125 գ

անջուր սոդա................ 5,75 գ

կալիումի բրոմիդ.............. 2,5 գ

ջուր........................... 1 լ։

Միատիպ (օրինակ, մանրահատիկ) երևակիչների ճնշող մեծամասնությունը ներգործում է համարյա միատեսակ, և գլխավոր խնդիրն է վարժվել դրանցից մեկին, ուսումնասիրել նրա առանձնահատկությունները նկարահանման տարբեր պայմանների դեպքում լավ արդյունքներ ստանալու նպատակով։

Սևեռակիչներից կարելի է կիրառել ցանկացածը, սակայն ավելի լավ է օգտվել թթու սևեռակիչից, որի բաղադրության մեջ մտնում են.

նատրիումի բյուրեղական թիոսուլֆատ............. 200 գ

կալիումի անջուր մետաերկսուլֆատ................ 30 գ

քացախաթթու (30%-անոց)...................... 50 մլ

ջուր........................................... 1 լ։

Լուծույթների պատրաստման համար լավ է օգտագործել եռացրած ջուր։

Լուծույթները հարկավոր է պատրաստել օգտագործելուց 10-12 ժամ առաջ և պահել հերմետիկ խցաններով (կափարիչներով) մուգ ապակե շշերում (կամ բանկաներում), մութ տեղում։

Երևակված լուսաժապավենը խորհուրդ է տրվում չորացնել կախած վիճակում՝ ներքևի ծայրին ամրացնելով ոչ մեծ բեռ, օրինակ, սեղմակ՝ ոլորվելը կանխելու նպատակով։ Եթե լուսաժապավենի մշակման գործընթացում բոլոր գործողությունները ճիշտ են կատարվել, ապա լուսաժապավենի եզրերն ստացվում են թափանցիկ, իսկ պատկերն ունենում է հստակորեն նշմարվող մանրամասներ։

Գունավոր լուսաժապավենները, ինչպես նեգատիվային, այնպես էլ հակադարձելի, մշակման գործընթացի ու պայմանների բարդության պատճառով, խորհուրդ է տրվում (հատկապես սկսնակ ֆոտոսիրողներին) տալ երևակելու մասնագիտացված լուսանկարչական լաբորատորիաներում։

Լուսանկարների տպումը։ Լուսանկարները տպելիս հարկավոր է լուսաթուղթն ընտրել նեգատիվի պատկերի ցայտունությանը համապատասխան։ Եթե նեգատիվը շատ ցայտուն է (պատկերի մութ մանրամասները համարյա երևակված չեն, իսկ լուսավորները լրիվ թափանցիկ են), խորհուրդ է տրվում օգտագործել փափուկ լուսաթուղթ. մանրամասների լավ երևակմամբ ցայտուն նեգատիվի համար հարմար է կիսափափուկ լուսաթուղթը։ Նորմալ նեգատիվի պատկերը հարկավոր է տպել նորմալ լուսաթղթի վրա. եթե նեգատիվը փափուկ է (մանրամասները նշմարելի են, սակայն խտությունների միջակայքը բավարար չէ), հարկավոր է վերցնել ցայտուն լուսաթուղթ. առանձնահատուկ ցայտուն լուսաթուղթը խորհուրդ է տրվում կիրառել շատ խամրած (խտությունների խիստ փոքր միջակայքով), ինչպես նաև նրբագծավոր պատկեր