Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/520

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Որոշ խոշորացուցիչներում նախատեսված է առաջաձգող գլխիկը կանգնակի շուրջը 180°–ով պտտելու հնարավորություն պատկերը հատակի վրա առաջաձգելու համար (մեծ խոշորացումների դեպքում)։ Խոշորացուցիչների մեծ մասն ունի դուրսքաշովի դարակներ՝ շտկող լուսազտիչների տեղավորման համար, որոնք կիրառվում են գունավոր լուսատպման ժամանակ։

Լուսանկարչությամբ զբաղվողների համար թողարկվում են խոշորացուցիչների մի քանի մոդելներ։

Լուսաթղթերի քիմիալուսանկարչական մշակումը կատարվում է պլաստմասսայե կամ արծնապատ ուղղանկյունաձև տաշտակներում, վերջիններս ընտրվում են այնպես, որ մի քիչ մեծ լինեն օգտագործվող լուսաթղթի չափերից։ Տնային լուսանկարչական լաբորատորիայում անհրաժեշտ է ունենալ առնվազն 3 տաշտակ՝ լուսանկարների երևակման, միջանկյալ լվացման և սևեռակման համար։

Սև-սպիտակ լուսաթղթերի քիմիալուսանկարչական մշակման բոլոր գործողությունները կարող են կատարվել նարնջագույն կան դեղնականաչ լուսավորության դեպքում։ Այդպիսի լուսավորություն ստեղծում է լաբորատորային լապտերը, որում լույսի աղբյուր է ծառայում սովորական շիկացման լամպը (15 Վտ), իսկ պատուհանում տեղադրվում է լուսազտիչ։

Սկսնակ ֆոտոսիրողներին խորհուրդ է տրվում սև-սպիտակ լուսաթղթերը մշակել հետևյալ լուծույթներում։

Երևակող լուծույթ

մետոլ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․1 գ

հիդրոքինոն․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․5 գ

նատրիումի անջուր սուլֆիտ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․26 գ

անջուր սոդա․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․20 գ

կալիումի բրոմիդ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․1 գ

ջուր․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․1 լ

Դադարեցնող լուծույթ
(սև-սպիտակ լուսաթղթերի համար)

քացախաթթու (30%-անոց) ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․50 մլ

ջուր․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․1 լ

Սևեռակող լուծույթ

նատրիումի բյուրեղական թիոսուլֆատ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․250 գ

կալիումի մետաերկսուլֆիտ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․30 գ

ջուր․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․1 լ

Մշակման համար լուսաթղթի թերթն իջեցնում են տաշտակի մեջ այնպես, որ այն միանգամից ամբողջությամբ ծածկվի լուծույթով, այլապես լուսանկարի վրա կարող են բծեր առաջանալ։ Երևակման ընթացքում խորհուրդ է տրվում տաշտակը թեթևակի ճոճել։

Որպես կանոն, լուսաթղթի պատկերը լրիվ երևակվում է 1,5-2 րոպեում։ Լաբորատորային լուսավորության պայմաններում, դժվար չէ որոշել երևակման ավարտի պահը՝ պատկերի լուսավոր հատվածներում մանրամասները նշմարվում են հստակորեն, բավարար ցայտունությամբ, և նոր մանրամասներ երևան չեն գալիս։ Ընդ որում հարկավոր է հիշել, որ լաբորատորային լապտերի լույսի տակ պատկերներն ավելի մուգ են թվում, քան իրականում են։ Ուստի օգտակար է ձեռքի տակ ունենալ լավորակ մի լուսանկար՝ ստացվող պատկերների հետ համեմատելու համար։

Երևակված լուսապատկերները խորհուրդ է տրվում 1-1,5 րոպե ողողել թեթևակի թթվեցրած (քացախով) ջրում։ Այնուհետև լուսապատկերը տեղավորում են սևեռակող լուծույթի մեջ 10-15 րոպե, որից հետո այն վերջին անգամ լվանում են (ցանկալի է հոսող ջրով) 20-30 րոպե և չորացնում։ 1 լ երևակիչում կարելի է մշակել 9x12 սմ չափի 50-80 կամ էլ այլ չափի համարժեք քանակության (ըստ մակերեսի) լուսանկարներ։ 1 լ սևեռակիչում կարելի է մշակել 100-120 այդպիսի լուսանկար։ Մշակման տևողությունը կրճատելու կամ ուժը կորցրած սևեռակիչի, ինչպես նաև խնամքով չլվանալու դեպքում լուսանկարը մեկ ամիս հետո արդեն կարող է ծածկվել բծերով, սկսել գունաթափվել։

Լուսապատկերները կարելի է չորացնել՝ փռելով ցանկացած հարթ մակերևույթի վրա, սակայն կորացումից խուսափելու նպատակով ավելի լավ է գրտնակել սովորական կամ օրգանական ապակու վրա։ Գրտնակելուց առաջ ապակին հարկավոր է խնամքով լվանալ գոլ օճառաջրով, սրբել մինչև լավ չորանա, ապա սրբել գլիցերինով թրջած շորով, որպեսզի լուսապատկերները չկպչեն։ Թաց լուսապատկերները հարկավոր է դասավորել էմուլսային շերտով դեպի ապակին, ծածկել թերթով և գրտնակել ռետինե գլանիկով։ Չորացած լուսանկարները հեշտությամբ պոկվում են ապակուց։ Հատկապես խնամքով պետք է գրտնակել փայլուն թղթի վրա տպված լուսանկարները, որովհետև լուսաշերտի և ապակու մակերևույթի միջև մնացած օդի պղպջակները խանգարում են փայլի առաջացմանը,