Օբյեկտիվի լուծունակությունը բնութագրվում է 2 մոտ գտնվող կետերի անջատ պատկերներ ստեղծելու ունակությունը, այսինքն` որոշում է առարկայի մանրամասների վերարտադրման հստակության աստիճանը։ Կինոնկարահանման օբյեկտիվների մեծ մասի լածունակությունը լուսանկարչականից ավելի մեծ է։
Դիտոցը (դիտան՝ տեսադաշտ որոնող հարմարանք) նախատեսված է պատկերի սահմանները (կինոկադրը) որոշելու, առարկայի պատկերը կինոկադրում տեղաբաշխելու, որոշ կինոխցիկներում օբյեկտիվի կիզակետման համար։ Սիրողական կինոխցիկներում օգտագործում են պարալաքսային (սովորաբար հեռադիտակային) և ոչ պարալաքսային (հայելային և լուսաբաժանիչով դիտոցներ։ Հեռադիտակային դիտոցներում (նկ. 2,ա) դիտագիծը շեղված է նկարահանող օբյեկտիվի օպտիկական առանցքի նկատմամբ (այս շեղվածությունը կոչվում է պարալաքս)։ Պարալաքսի դեպքում դիտվող պատկերի և կինոկադրի սահմանները ներքևից և վերևից չեն համընկնում, ուստի մոտ գտնվող առարակաները այդպիսի դիտոցով կինոխցիկներով նկարելիս ճշտումը պետք է կատարել ըստ պարալաքսի։
Հայելային (նկ. 2,բ) և լուսաբաժանիչով (նկ. 2,գ) դիտոցները պարալաքս չունեն։ Առաջինի թերությունն այն է, որ նկարահանելիս օպերատորի աչքին է ընկնում օբտյուրատորով ընդհատվող լուսային հոսք, որը նկարահանման փոքր հաճախությունների դեպքում առաջացնում է պատկերի թրթռոց։
Առավել կատարյալ են լուսաբաժանիչով (օրինակ, կիսաթափանցիկ հայելային շերտով լուսաբաժանիչ պրիզմա) դիտոցները, քանի որ օբյեկտիվի լուսաբացվածքի փոփոխության դեպքում պատկերի պայծառությունը չի փոխվում։
Ժապավենաձգիչ մեխանիզմը սիրողական Կ. ա-ներում ունի հաղորդիչ և ընդունիչ ժապավենակոճեր (կամ կինոժապավենով պարկուճ), կադրի լուսամատով ֆիլմուղի, ուղղորդիչ հոլովակներ, ցատկի մեխանիզմ (նկ. 1) և հաղորդակ։ Նկարահանելիս չլուսակայված ժապավենը ժապավենակոճից անցնում է վերևի ուղղորդիչ հոլովակ, այնուհետև ֆիլմուղի։ Լուսակայված ժապավենը դուրս է գալիս ֆիլմուղուց, պարուրում ներքևի ուղղորդիչ հոլովակը և փաթաթվում տակի ընդունիչ ժապավենակոճին։ Ֆիլմուղում ժապավենը տեղաշարժվում է գրեյֆերային տեսակի ցատկի մեխանիզմով, որն ապահովում է ժապավենի ընդհատվող շարժումը` կադրերի փոփոխության որոշակի հաճախությամբ (կինոնկարահանման հաճախություն)։ Սիրողական կինոխցիկի մեծ մասի կինոնկարահանման հաճախությունը կարելի է փոփոխել ըստ ցանկության՝ 8-54 կադր/վ-ի սահմաններում։ Սովորաբար, նկարահանումը կատարվում է կինոպրոյեկցիայի նորմալ հաճախությամբ (տես Կինոպրոյեկտոր)։ 8 մմ-անոց ֆիլմերի համար այդ հաճախությունը 16 և 18 կադր/վ է, իսկ 16 մմ-անոց ֆիլմերինը՝ 16 և 24 կադր/վ։ Սիրողական կինոխցիկներում որպես հաղորդակ օգտագործում են լարովի զսպանակային մեխանիզմներ կամ հաստատուն հոսանքի էլեկտրաշարժիչներ։ Կինոնկարահանման հաճախությունը կառավարելու համար հաղորդակին կցում են պտտման հաճախության կառավարիչ։ Էլեկտրահաղորդակը սնուցվում է կինոխցիկի իրանում տեղադրված էլեկտրական տարրերից կամ մարտկոց կուտակիչներից։
Ֆիլմուղին ապահովում է կինոժապավենի խիստ ուղղահայաց դիրքը օբյեկտիվի օպտիկական առանցքի նկատմամբ։ Կադրի լուսամուտի (ուղղանկյուն բացվածք ֆիլմուղու առջևի պատին) չափն է. 3,55x4,7 (8 մմ-անոց ֆիլմի սովորական ձևաչափ), 4,12x5,69 մմ և 7,42x10,05 (16 մմ-անոց ֆիլմի համար)։ Ժապավենի հետ շփվելուց ֆիլմուղու ուղղորդիչ ակոսի վրա այրուք է առաջանում (էմուլսիոն շերտից քերված միկրոմասեր), որը մաքրում են ացետոնով կամ սպիրտով թրջած լաթով։
Ժամանակակից սիրողական Կ. ա-ների մեծ մասն ունի լուսակայաչափական հարմարանք, որն ավտոմատ կամ կիսաավտոմատ կերպով հաստատում է օբյեկտիվի լուսաբացվածքի անհրաժեշտ մեծությունը՝ ըստ նկարահանվող առարկայի պայծառության, կինոժապավենի լուսազգայունության և կինոնկարահանման հաճախության։ Լուսաէլեկտրական լուսակայացույցը լուսակայաչափական սարքի հիմնական մասն է և միացված է դիաֆրագմայի մեխանիզմին։ Սիրողական կինոխցիկներում լուսակայաչափական սարքով կարգավորվում է միայն դիաֆրագման, քանի որ նկարահանման հաճախությունը (հետևաբար, նաև համապատասխան պահաժամը) կամ հաստատուն է, կամ հաստատվում է նախօրոք և նկարահանման ընթացքում չի փոխվում։
Կ. ա-ներն ունեն նաև լուսակայված (կամ չլուսակայված) կինոժապավենի մետրաքանակի հաշվիչ, երբեմն նաև ժապավենը հետ փաթաթող մեխանիզմ։ Կինոխցիկի լրակազմում կարող են լինել նաև փոխովի ոչ կիզակետային գլխադիրներ, լուսազտիչներ, հովարներ (բլենդներ), անցումային օղակներ,