նախօրոք ձայնագրված երաժշտության ուղեկցությամբ), որն ապահովում է կատարողների շարժումների և նվագակցման համաժամությունը։
Հնչյունավորված ֆիլմի ցուցադրումը պահանջում է կինոպրոյեկցիոն սարքի և մագնիտոֆոնի միաժամանակյա աշխատանք, որն իրականացվում է համաժամացնող կցուրդի միջոցով։
ԿԻՆՈՊՐՈՅԵԿՏՈՐ սիրողական, կիրառում են տանը նեղժապավեն սիրողական և արդյունաբերական եղանակով պատրաստված մուլտիպլիկացիոն ֆիլմեր ցուցադրելու համար։ Թողարկում են սիրողական կինոպրոյեկտորների մի շարք մոդելներ, որոնք տարբերվում են առաջաձգվող կադրի ձևաչափերով, հիմնական հանգույցների կառուցվածքով, հնչյունավորված ֆիլմերի ցուցադրման հնարավորությամբ։ Առավել տարածված են կադրի 3,55x4,7 մմ (սովորական ձևաչափեր) և 4,12x5,69 մմ («Ս տիպի» ժապավեն) չափերով 8 մմ-անոց կինոժապավենի վրա նկարահանված կամ կինոֆաբրիկաներում պատրաստված ֆիլմերի ցուցադրման Կ-ները։ Հազվադեպ կիրառվում են 7,42x10,05 մմ կադրի չափով 16 մմ-անոց ֆիլմերի ցուցադրման Կ-ները։ Կինոսիրողների շրջանում առավել տարածված են «Ս տիպի» կինոժապավենը և դրան համապատասխան կադրի չափերով Կ-ները։ Դա պայմանավորված է «Ս տիպի» կինոժապավենի կադրի մակերեսով, որը գրեթե 1,5 անգամ մեծ է մյուսների կադրի մակերեսից և որով հնարավոր է զգալիորեն մեծացնել պատկերի չափսը՝ առանց որակի վատացման։
Սիրողական բոլոր Կ-ներն ունեն լուսաօպտիկական համակարգ, ժապավենաձգիչ մեխանիզմ, օբտյուրատոր (սահափական), շարժաբեր, ձայնավերարտադրության բլոկ (հնչյունային Կ.)։ Նկ. 1-ում ցույց է տրված սիրողական նեղժապավեն Կ-ի տիպային սխեման։
Լուսաօպտիկական համակարգը բաղկացած է անդրադարձիչով լույսի աղբյուրից, լուսահավաքից (կոնդենսատոր) և առաջաձգական օբյեկտիվից։ Կ-ներում լույսի աղբյուրը հատուկ կինոպրոյեկցիոն շիկացման լամպերն են։
Լամպի ճառագայթած լուսահոսքի արդյունավետ օգտագործման համար կիրառում են հայելային անդրադարձիչներ։ Որոշ կինոպրոյեկցիոն լամպեր ունեն ներսարքավորված հայելային անդրադարձիչներ (այդպիսի լամպերը կոչվում են հայելային)։ Լուսահոսքի մեծ մասը դեպի Կ-ի կադրի լուսամուտը ուղղելու նպատակով տեղակայում են նաև 2 կամ 3 ոսպնյակավոր լուսահավաքներ։
Կ-ի օբյեկտիվն էկրանի վրա առաջացնում է կադրի լուսամատի դիմաց գտնվող կադրի խոշորացված պատկերը։ Օբյեկտիվի կիզակետային հեռավորությունից են կախված առաջաձգվող պատկերի չափերը։ Սիրողական Կ-ների մեծ մասում տեղադրված են անփոփոխ կիզակետային հեռավորությամբ առաջաձգող օբյեկտիվներ և, հետևաբար, էկրանի վրա պատկերի չափը կարելի է փոփոխել միայն Կ-ից մինչև էկրան ընկած հեռավորության փոփոխությամբ։ Ոչ նվազ կարևոր է օբյեկտիվի հարաբերական բացվածքը, որը որքան մեծ է, լուսահավաքի այնքան ավելի մեծ մասն է բաց թողնում օբյեկտիվը։ Լուսահավաքը և օբյեկտիվը հարկավոր է պարբերաբար մաքրել։ Չի կարելի մատները հպել ոսպնյակների մակերևույթին, որովհետև դրանք կեղտի և ճարպի հետքեր են թողնում։ Լուսահավաքի և օբյեկտիվի ոսպնյակների արտաքին մակերևույթը մաքրում են փափուկ, մաքուր և խավավոր գործվածքի (ֆլանել) լաթով։ Օբյեկտիվի վրայի ճարպաբծերը մաքրում են սպիրտով թեթևակի թրջած լաթով, ընդորում, լաթը չի կարելի սեղմել ոսպնյակի եզրերին, հակառակ դեպքում սպիրտը կթափանցի շրջանակի մեջ և կքայքայի ոսպնյակները սոսնձող նյութը։ Սպիրտով մաքրված ոսպնյակը հարկավոր է անմիջապես սրբել չոր լաթով։
Ժապավենաձգիչ մեխանիզմը բաղկացած է մատուցող պարկուճից (հենքակոճից), ձգող ատամնավոր թմբուկից, ֆիլմաճոպանից, ցատկամեխանիզմից (գրեյֆեր), պահող ատամնավոր թմբուկից և ընդունող պարկուճից (կոճից), ինչպես նաև ուղղորդող և պահող հոլովակներից (սխեմայի վրա ցույց չեն տրված)։ 8 մմ-անոց կինոժապավենով ֆիլմի ցուցադրման կադրերի հաճախությունը կազմում է 16-18 կադր/վ, 16 մմ-անոց ֆիլմերի համար՝ 16-24 կադր/վ։
Պատկերն էկրանին առաջաձգվում է անշարժ կինոժապավենից, որի մեկ կադրով տեղաշարժման պահին լուսահոսքը ընդհատվում է սահափականով՝ օբտյուրատորով։ Որպեսզի լուսավորվածության ընդհատումները հանդիսատեսին աննկատելի լինեն, անհրաժեշտ է լուսաճառագայթների փակումների հաճախությունը հասցնել վայրկյանում մինչև 48-50 անգամի։
Ժապավենաձգիչ մեխանիզմի վիճակով և աշխատանքով է պայմանավորված ֆիլմի ցուցադրման որակը և կինոժապավենի պահպանությունը։ Ցանկացած ուղղորդիչ հոլովակի պտույտի դադարումը կամ ֆիլմուղու վրա ոչ մեծ այրուքի գոյացումը կարող է հանգեցնել կադրի թրթռման, ծակոտման, կտրվածքի ու կինոժապավենի կտրման, էմուլսիոն շերտի վրա բծերի և քերծվածքների