Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/574

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

են սղոցվածք տաշվածքի խորության վրա։ Նախապես կացնով գերանը կոպտատաշում են։

Փայտանյութը սղոցում են թելերի լայնակի և երկայնակի ուղղությամբ։ Երկայնակի սղոցելիս գերանն ամրացնում են դազգահին կամ հատուկ տակդիրներին պտուտակամամուլով կամ այլ եղանակով, երբեմն մեխերով։ Հետո նշաններ են դնում և անցկացնում համատարած (անընդհատ) գծեր սղոցաղուրի ենթադրվող տեղում։ Սղոցման ժամանակ սղոցաղուրի տարված գիծը պետք է մնա սղոցից ձախ (եթե սղոցում են աջ ձեռքով)։ Երկայնակի սղոցման համար ավելի լավ է փայտանյութն ամրացնել, բայց կարելի է օգտագործել իշոտնուկ։ Սղոցվող նյութը (տախտակ, չորսու, գերան) ազատ դնում են 45-60°–ի տակ միացած իշոտնուկի հենակների միջև, որտեղ այն ինքնասեպվում է։

Քառորդանների փորակահանումը արվում է լուսամուտների և դռների շրջանակներում ագույցներ սարքելու համար։ Դրա համար գերանը դնում են տակդիրի վրա, ամրացնում և երկու գլխանիստերում նշում են փորակահանման եզրերը, այնուհետև կավճապատ քուղով (կամ չորսուի) մակերևույթի վրա գծերի միջև անում են քերթ (ծրատ), որից հետո հարկավոր խորությամբ ըստ գծերի կացնով հատում են փորվածք, ստանում քառորդան։ Անհրաժեշտության դեպքում փորվածքի կողմերը (քառորդանները) մաքրում են դուրով կամ ռանդում։

Ուղղանկյուն բացվածք փորակահանելիս գերանի գլխանիստը նշում են, ինչպես քառորդանների փորակահանման ժամանակ։ Բացվածքի լայնությունը հաճախ պետք է հավասար լինի գերանի բարակ ծայրի տրամագծի 1/6-ին, իսկ խորությունը 1/4-ին։ Նշելով գերանի գլխանիստերը՝ տանում են գծեր գերանի մակերևույթի վրա։ Գծերի միջև կացնի ծայրով թելիկներին երկայնակի ուղղությամբ անում են քերթ, հետո գծերով աստիճանաբար կոտրատում են փայտանյութը, հետո մաքրում դուրով։

Կցանում կոչվում է շինարարական կոնստրուկցիաների տարրերի (սյուների, կանգնակների և այլն) երկարացումը նույնատիպ կամ նման տարրերով, ուղղագիծ, իսկ հաստացումը տարրերի երկարացումը հորիզոնական ուղղությամբ։ Կցանումը կատարում են ծայրիծայր կամ մակադրակով և հեղույսով։ Ծայրիծայր կցանման դեպքում կոնստրուկցիաների տարրերի ծայրերը կտրում են այնպես, որ կտրվածքի հարթությունը լինի փոխուղղահայաց տարրի առանցքին։ Գլխանիստերի կենտրոնում գչիրով շաղափում են անցքեր, որտեղ դնում են ցցաձող, որը 2 գլխանիստերում շաղափված անցքերից 20-30 մմ-ով պետք է կարճ լինի և կիպ մտնի դրանց մեջ։ Ցցաձողի հաստությունը վերցվում է միացվող տարրերի տրամագծի 1/5-1/3-ին (երկայնակի չափ) հավասար։

Մակադրակներով և հեղույսներով կցանման համար միացվող տարրերի ծայրերը հղկում են 2 հակառակ կողմերից գերանի կամ չորսուի տրամագծի 1/5-1/6 մասով, որ մակադրակները լինեն հարթ մակերևույթների վրա։ Մակադրակները երկարությամբ պետք է հավասար լինեն կցանվող տարրերի գլխանիստերի 4 տրամագծերին, լայնությամբ՝ 2/3-ին, իսկ հաստությամբ՝ 1/3-1/4-ին: Մակադրակներն ամրացնում են ամրացվող հեղույսներով կամ անուրներով։ Կցանել և հաստացնել սյուները և հեծանները կարելի է նաև կիսափայտ մակադրակով ուղիղ կամ շեղ անկյան տակ (նկ. 2) սղոցելով և հարմարեցնելով հաստացվող տարրերի գլխանիստերը։