Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/575

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գերանների (չորսու) սերտակցումը կատարվում է սովորաբար ուղիղ (կամ շեղ) միացքով կամ ձգովի սեպի հետ ուղիղ միացքով։ Որպեսզի սերտակցվող մասերն աշխատեն ձգումով, հատում են ուղիղ միացք։ Այս դեպքում սերտակցվող մասերի ծայրերը պետք է հատվեն միանման, իսկ գլխանիստերը ճշգրտորեն սղոցված։ Հատելով միացքը՝ սերտակցվող չորսուներից մեկի գլխանիստի բարձրությունը բաժանում են 5 հավասար մասերի և տանում են 4 գիծ։ Գերանաճակատ չորսուի երկայնքով չափում են 2 հատված չորսուի հաստության 1,25 կամ 1,5 չափով և տանում են 2 խազ առաջին և երկրորդ սղոցվածքի համար։ Ըստ առաջին և երկրորդ խազերի չորսուի հաստության 3/5-ով սղոցվածք են անում։ Հետո գերանաճակատը կոտրում են մինչև 2-րդ սղոցվածքը չորսուի հաստության 2/5-ով և մաքրում են սղոցվածքի միջև մնացած փայտանյութը։ Ստացված մակերևույթը մանրակրկիտ մաքրում են, չորսուները դնում մեկը մյուսի վրա, կտրվածքները լրիվ համապատասխանեցնում են և ամրացնում հեղույսներով։ Գերանները նույն ձևով նախապատրաստում են թեք միացքով սերտակցման համար, բայց միացքի շփվող մակերևույթը սերտակցվող գերանների մակերևույթին զուգահեռ չեն կատարվում, այլ որոշ անկյան տակ։ Հաճախ թեք միացք կիրառվում է գերանների, երբեմն նաև չորսուների սերտակցման համար։ Գերանների կամ չորսուների լայնակի T-աձև միացման ժամանակ կիրառում են ծիծեռնատուտ կամ կիսածիծեռնատուտ միացում։ Դրա համար միացվող գերանաճակատից չափում են գերանի տրամագծին հավասար հեռավորություն և սղոցվածք են անում գերանի կեսի չափով, հետո փայտը կոտրում են և մակերևույթը մաքրում դուրով։ Այդ մակերևույթին գերանաճակատի եզրերից դեպի սղոցվածքը տանում են 2 թեք գիծ, սղոցվածքի հարթությունում գծերը պետք է հարթության եզրից հեռանան գերանի տրամագծի 1/5-1/6-ի չափով։ Այդ գծերը փայտանյութը հարթեցնում են այնպես, որ նոր մակերևույթները լինեն սկզբում արվածին փոխուղղահայաց։ Այդպես նախապատրաստված գերանաճակատը դնում են հիմնական գերանին (չորսու), նշագծում են, որով հետո անում են 2 թեք կիսագերան սղոցվածք և զատում դրանց միջև եղած փայտանյութը։

Եթե բոլոր գործընթացները կատարվել են ճշգրտորեն, ապա միացվող գերանները կիպ կպնում են իրար՝ ապահովելով ամուր միացում։ Անհրաժեշտության դեպքում միացման տեղը կարելի է լրացուցիչ ամրացնել հեղույսով։

Կիսածիծեռնատուտի միացումը կատարվում է նույն ձևով, միայն թեք հարթությունն արվում է միացվող գերանի մի կողմից, համապատասխանաբար հիմնական գերանի վրա մի սղոցվածքն արվում է ուղիղ։

Բների թործումը (փորումը) և շաղափումը (գայլիկոնումը)։ Որոշելով բների պահանջվող չափերը՝ դրանք դրոշմվում են մշակվող մասի վրա։ Հաշվի առնելով փայտի չորանվազումը՝ բները պետք է անել ներդրվող բութակի երկարությունից 15-20 մմ-ով խոր։ Թործման ժամանակ դուրը պետք է պահել խիստ ուղղաձիգ, թելիկներին լայնակի, երեսակը բնի ներսը։ Դուրը խորացնելով 10-15 մմ՝ հանում են, դնում բնի մեջտեղը 40-45° անկյան տակ և հատում են փայտանյութի մի մասը։ Նույնը կրկնում են բնի մյուս կողմի համար, մինչև ստացվի պահանջվող խորությունը։ Ապա բնի պատերը և հատակը մաքրում են դուրով։ Եթե բութակը գլանաձև է, ավելի լավ է բունը շաղափել։ Երբեմն ուղղանկյուն բներ սարքելիս սկզբում շաղափում են անցքերը (օրինակ, ապագա բների անկյուններով), հետո դրանց վրայի փայտանյութը մաքրում են դուրով և ձևավորում պատերը։

Փայտանյութի մշակման համար կիրառում են տարբեր սղոցներ, կացիններ, ռանդաներ, դուրեր, շաղափներ, գչիրներ և այլ գործիքներ։

Սղոցները լինում են երկբռնակ, միաբռնակ (ձեռնասղոց), աղեղասղոց՝ խառը սղոցման համար։ Երկբռնակ սղոցները և ձեռնասղոցները սովորաբար օգտագործում են լայնակի սղոցման համար, աղեղասղոցները՝ լայնակի և երկայնակի, խառը սղոցներով սղոցում են ոչ միայն փայտանյութի թելիկների երկայնքով և լայնքով, այլ ցանկացած անկյան տակ։ Որքան մանր են ատամները, այնքան մաքուր է սղոցվածքը։

Կացինները լինում են կլորացված կամ ուղիղ սայրով։ Կացինը պետք է ամուր հագած լինի կացնակոթին։

Ռանդաները (խարաբուզ) լինում են զոլաղ (կոպտառանդա), մաքուր ռանդող և մեծառանդա. վերջինս ռանդում է առավել մաքուր և ճիշտ։ 2 բռնակներով ռանդայով կարելի է ռանդել երկուսով։