Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/585

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ժամանակ, երկրորդը՝ առաջինից 20-25 օր հետո՝ պահպանելով տվյալ բույսերի համար սահմանված միջբուսային հեռավորությունը։ Նոսրացման հետ միաժամանակ կատարում են փխրեցում։

Բանջարեղենի սնուցումը (պարարտացումը բույսերի աճի և զարգացման ընթացքում). սնուցման ժամանակ պետք է տալ արագ ազդող հանքային պարարտանյութեր՝ ազոտական, ֆոսֆորական և կալիումական։ Փրերի թույլ զարգացումը, նրա բաց կանաչ գույնը վկայում են ազոտական սնուցման անբավարարություն, իսկ փրերի բուռն աճը, մուգ կանաչ գույնը՝ ազոտի ավելցուկի մասին։ Առաջին դեպքում պետք է ուժեղացնել ազոտական սնուցումը, երկրորդում՝ ֆոսֆոր-կալիումականը։ Սնուցումը պետք է տալ հեղուկ վիճակում, լուծելով պարարտանյութը ջրում՝ 1 դույլ ջրին մինչև 30 գ նիտրոֆոսկա կամ 10-20 գ ամոնիակային բորակ, 30 գ կալիումի քլորիդ, 20-30 գ սուպերֆոսֆատ։ Սնուցման լավ միջոց է թռչնաղբը։ 4-5 դույլ ջրի մեջ լցնում են 1- 1,5 դույլ թռչնաղբ։ Սնուցման ժամանակ խառնուրդը պետք է ջրով նոսրացնել 10 անգամ։

Կիրառում են նաև չոր սնուցում, հատկապես խոնավ, անձրևոտ եղանակին (1 մ²–ի՝ 2-3 գ ազոտական կամ կալիումական և 4-6 գ ֆոսֆորական պարարտանյութ)։ Օգտակար է օրգանական և հանքային սնուցումների հերթագայումը, ինչպես նաև միկրոպարարտանյութերի լուծույթով արտարմատային սնուցումը։ Արտարմատային սնուցումը տերևների խոնավացումն է պարարտանյութերի լուծույթով (բույսը պարարտանյութը ստանում է տերևների միջոցով)։ Պետք է հիշել, որ բույսերի ավելորդ սնուցումը պարարտանյութերի խիտ լուծույթով կարող է վնասել կամ ոչնչացնել բերքը։

Բանջարանոցի ջրումը, ավազային և ավազակավային հողերում (չորային պայմաններում) 1 մ² ջրելու նորման է 2-3 օրը մեկ 10-12 լ ջուր, իսկ կավավազային բուսահողերում՝ 20-30 լ 5 օրը մեկ։ Սովորաբար բանջարային բույսերը ջրում են ցնցուղներով կամ փողրակներով՝ ջուրը բաց թողնելով ակոսների մեջ։ Ոռոգման ջուրը պետք է թափանցի հողի մեջ արմատների հիմնական զանգվածի տարածման խորությամբ, 15-20 սմ-ից ոչ պակաս։

Տես նաև առանձին բանջարային բույսերի մասին հոդվածները։

ԲԵՏՈՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ, բնակելի տներ կառուցելիս կամ նորոգելիս, հողամասեր բարեկարգելիս լայնորեն կիրառում են բետոն։ Սովորական բետոնն ստանում են ցեմենտի, ջրի և տարբեր լցանյութերի (ավազ, կոպիճ, խիճ, ճալաքար ևն) խառնուրդից, որը որոշակի ժամանակաընթացքում հասունանում և քարանում է։ Սովորական բետոնը լավ դիմանում է մեծ ծանրությունների, բայց վատ՝ պրկմանը, օգտագործվում է կառույցների հիմքերը և պատամիջյան տարածությունները լցնելու համար։ Տարբեր կոնստրուկցիաներում (հեծան, բարավոր, սանդուղք, ծածկ ևն) բետոնին առավել ամրություն տալու համար օգտագործում են նաև պողպատե կամ երկաթե ամրաններ։ Այսպիսի բետոնը կոչվում է երկաթբետոն։

Բետոնի խառնուրդները լինում են տարբեր համակազմվածքի (ջրիկ, պինդ ևն), որով պայմանավորված է դրանց շարժունակությունը, այսինքն սեփական ծանրության կամ մեխանիկական ուժերի ազդեցությամբ հոսունության ունակությունը։ Ըստ շարժունության աստիճանի լինում է կոշտ (պինդ), պլաստիկ և ջրիկ բետոնի խառնուրդներ։ Կոշտ բետոնի խառնուրդը հասունացման ընթացքում թանձրացնում և տոփանում են։ Գործածվում է հիմքեր, առանց ամրանի կամ նոսր տեղադրված ամրաններով հաստ պատեր և հատակ պատրաստելու ժամանակ։ Պլաստիկ բետոնի խառնուրդը կաղապարների մեջ լցնում են ձեռքով։ Գործածվում է հեծան, սյուն, միջին խտությամբ տեղադրված ամրաններով բարավոր պատրաստելիս։ Ջրիկ բետոնի խառնուրդը հեշտությամբ լցվում է կաղապարը և գրեթե թանձրացում չի պահանջում, կիրառվում է բարակ պատեր, փոքր հատվածք ունեցող հեծաններ և ամրաններով հագեցած կառուցվածքներ պատրաստելիս։ Բետոնի խառնուրդների շարժունությունը որոշում են մետաղե կոնով (նկ. 1)՝ նստեցման եղանակով։

Ոտքերով կոնը սեղմում են հարթակին և երեք նվագով լցնում բետոնի խառնուրդով, իսկ յուրաքանչյուր բաժին խառնում ձողով (20 անգամից ոչ պակաս)։ Կոնը լցվելուց հետո, բետոնի խառնուրդը եզրերից հավասար կտրում են, իսկ կոնը դանդաղորեն բարձրացնում։ Բետոնի խառնուրդի նստվածքի և կոնի բարձրությունների տարբերությունը (սմ-երով) բետոնի խառնուրդի պնդության թիվն է։ Կոշտ խառնուրդներում նստվածքի բարձրությունը 0-2, պլաստիկում՝ 4-13, ջրիկում՝ 14-22 սմ է։

Բետոնների ամրությունը բնորոշվում է դրանց տեսակով։

Բետոնի խառնուրդի պատրաստումը սկսում են լցանյութի ընտրությամբ՝ վերցնելով տարբեր մեծության կոպիճ, խիճ, ճալաքար, ավազ։ Բարձրորակ բետոն ստանալու համար լցանյութերը պետք է մաքրել հողից և կավի խառնուրդից։ Անհրաժեշտության դեպքում ավազը լվանում են վաքերում։

Ցեմենտի նվազագույն ծախսի դեպքում բետոնի որակը կախված է խառնուրդում ավազի և կոպիճի հարաբերակցությունից, լավ հարաբերակցությունն ըստ զանգվածի՝ 30-45 % ավազ և 55-70 % կոպիճ։ Կոպիճի չափերը չպետք է գերազանցեն կառուցվածքի