Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/588

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հարաբերական խոնավության պայմաններում։ Անհրաժեշտ խոնավություն ապահովելու համար բետոնը ծածկում են թեփով, ավազով, խսիրով և ցողում ջրով, առաջին 3 օրը օրական 3-5, հաջորդ օրերին՝ 2-3 անգամ։ Մեծ մակերեսներ (հրապարակ, ճանապարհ, հատակ, ծածկ) ջրով ցողելու փոխարեն ծածկում են պաշտպանիչ պոլիմերային թաղանթով։ Բետոնը խոնավ է մնում 14-28 օր։ Բետոնն արագ ամրանալու համար կիրառում են հավելանյութեր՝ կալցիումի քլոր, աղաթթու ևն։ Կաղապարամածը հանում են զգուշությամբ և խնամքով ու դրա նյութերը պահում հետագա աշխատանքների համար։ Կողմնային մակերևույթների կաղապարը շոգ եղանակին քանդում են բետոնը լցնելուց 34, իսկ պատերի, սյուների, պարզունակների և բարավորների հիմնակմախքները՝ մոտավորապես 8-17 օր հետո։ Կաղապարամածը քանդում են հատվածներով, մանեկադարձակներով և փոքրիկ լինդերով։

Կաղապարամածը քանդելուց հետո բետոնի մակերեսին եղած ճեղքերն ու դատարկությունները մաքրում են պողպատե խոզանակով, լվանում ջրով, լցնում ցեմենտի լուծույթի ծեփակով (1 մաս ցեմենտ և 2 մաս ավազ) և հարթում փայտե կիսահարթիչով, իսկ մակահոսուկներն ու ելուստները ջարդում հատիչով։

Ամուր գրունտի դեպքում բետոնե հիմքերը կարելի է պատրաստել առանց կաղապարամածի, որի դերը կատարում են հիմքի համար փորված խրամուղիների պատերը։ Ժապավենային հիմքերի համար փայտե կաղապարամած սարքում են հետևյալ հաջորդականությամբ. յուրաքանչյուր 40-60 սմ-ի վրա ամրացված գրունտում տեղադրում են զոլակ-կանգնակներ, դրանք ամրացնում գրունտում խրած ցցերով։ Յուրաքանչյուր 2-3 մ-ի վրա կանգնակներն ամրացնում են նեցուկներով (նկ. 6)։ Կաղապարամածի 4–5 սմ հաստությամբ տախտակները մեխում են կանգնակ-զոլակներին և ամրացնում դրանք ներքին ու արտաքին պահանգներով։ Կանգնակ-զոլակները վերևի հատվածներում շաղկապում են։

Հիմքերը բետոնում են 0,2-0,3 մ հաստության հորիզոնական շերտով, այն դնովի ուղղահայաց վահան-սահմանափակիչներով բաժանում 2-3 մ երկարության հատվածների։ Բետոնի ծախսը պակասեցնելու համար նպատակահարմար է դրա մեջ լցնել անհարթ մակերեսով, հիմքի լայնության 1/3-ից ոչ ավելի չափերով քարեր։ Բետոնը թանձրացնում են նեղ տոփանի օգնությամբ։

Մինչև 0,15 մ լայնության պատերը բետոնում են հետևյալ հաջորդականությամբ (նկ. 7), հիմքի կամ բետոնահիմքի վրա ամրացնում են ուղղորդիչ տախտակներ, դրանց վրա միմյանցից 0,5-0,8 մ հեռավորության վրա տեղադրում են կաղապարամածի հիմնակմախքի կանգնակները։ Հետո ամբողջ պատի բարձրությամբ, 30x30 սմ չափի վանդակների ձևով տեղադրում և կանգնակներին ամրացնում են ամրանը։ 2,5 մ-ից ավելի բարձրության պատերի համար ամրանն ամրացնելու կանգնակները պատրաստում են ջրմուղի խողովակներից կամ մետաղե անկյունակներից։ Պատի կաղապարամածը սարքում են տախտակներից կամ 0,5x0,8 մ չափի հանովի վահաններից։ Պատի մի կողմից կաղապարամածի վահանները ցանկալի է տեղադրել ամբողջ բարձրությամբ, իսկ մյուս կողմից հանովի վահանները կարելի է տեղադրել ներքևից, և պատը բետոնելու ընթացքում աստիճանաբար բարձրացնել վեր։ Կաղապարամածի վահանների միջև (անկյուններով) տեղադրում են պահանգներ։ Վահանակներն ամրացվում են մետաղալարե առձգիչներով կամ առձգիչ հեղույսներով։ Դրանք բետոնից հետագայում հեշտությամբ հանելու համար յուղում են։ Բետոնը լցնում են 20 սմ բարձրության շերտով, թանձրացնում խառնելով։ Առաստաղի մոտ հատվածում բետոնը լցնում են բահի կամ ծեփակի օգնությամբ, ապա փայտե հարթիչով մակերեսը խնամքով հարթում։

Հարթակի և ճանապարհների համար օգտագործում են կոշտ բետոնի խառնուրդներ։ Ավտոճանապարհների բետոնի ներքևի մասը ամրանավորում են 5-10 մմ տրամագծով երկաթաձողերի ցանցով։ Բետոնալցումից առաջ տեղադրում են հատակի կամ ճանապարհի արտաքին չափերին համապատասխան երկայնական տախտակներ (նկ. 8)։ Այնուհետև 2-3 մ հեռավորությամբ տեղադրում են լայնական տախտակները, որոնք ամրացվում են գրունտում խրած ցցերով։

Երկայնական կամ լայնական տախտակների վերին մակերեսները պետք է գտնվեն հատակի կամ ճանապարհի մակարդակին հավասար։ Բետոնի խառնուրդը լցնում են շերտերով, որոնք բետոնում են մեկումեջ։

Միջանկյալ շերտերը բետոնում են հարակից շերտերի բետոնը չորանալուց