Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/591

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բողբոջը տերևի հետ։ Ամռանը, ցողունների լրիվ զարգացման շրջանում, դրանց միջին մասից սար դանակով կամ սրիչով պետք է կտրել 8-10 մմ երկարության վահանիկ անութային բողբոջով և տերևով։ Կարելի է օգտագործել հանգույցների տեղում կիսաճեղքված ցողունի կտորներ (2-3 սմ երկարության)։ Սննդարար հողով լցված արկղերում տնկելիս (վերևում ավազի 2 սմ շերտով) վահանիկը պետք է տեղադրել ուղղահայաց՝ տերևանութային բողբոջը 1,5 սմ խորացնելով հողի մեջ, խոշոր տերևները կտրել 1/3-ով։ Տնկած բույսերը ցողել տաք ջրով, արկղերը ծածկել ապակիով և տեղադրել 25-28 °C ջերմաստիճան ունեցող շինությունում։ Ավազը մշտապես պետք է խոնավ լինի։ Աշնանը տերևային կտրոններից առաջանում են մեկ ցողուն ունեցող բույսեր։ Ձմռանը արկղերը դնել սառը ջերմոցում՝ վերևից ծածկելով տերևներով կամ որևէ տաքացնող ծածկույթով։ Հաջորդ տարվա գարնանը արմատակալած կտրոնները կարելի է տնկել բաց գրունտում։

Գարնանային աճման ընձյուղներով բազմացման դեպքում պետք է վերցնել շատ խտացած թփերի աճման ընձյուղները՝ զգուշորեն կտրելով անմիջապես հիմքից (մի փոքր կտորով)։ Լավ արմատակալման համար ընձյուղները տնկել տաք ջերմոցում (բաց գրունտում ուշ են արմատակալում)։

Ամռան-աշնան տերևանութային ընձյուղներով բազմացնում են նախորդի պես՝ օգտագործելով տերևանութային ընձյուղները։

Արմատային կտրոններով բազմացումը կատարում են վաղ գարնանը։ Անհրաժեշտ է բաժանել այն թփերը, որոնցից կարելի է վերցնել արմատների 1/3-ը, որոնք առողջ են ու երկար և փայտացած չեն։ Դրանք կտրել անմիջապես կոճղարմատի հիմքից, բաժանել 3-5 սմ երկարության կտորների և թեքությամբ տնկել սննդարար հողով լցված բացովի արկղերում։ Վերջիններս տեղավորել 10-15 °C ջերմաստիճան ունեցող շինությունում, 10-15 օր հետո տեղափոխել 18-25 °C ջերմաստիճան ունեցող այլ տեղ և պահել ստվերում։ Ծիլերի առաջացումից հետո բույսերն աստիճանաբար վարժեցնել լույսին, իսկ հետո տնկել բաց գրունտում։ Ոչ բոլոր արմատային կտրոններն են տալիս ծիլեր, որոնք իրենց հերթին զարգանում են անհավասար։ Ուստի բույսերը թաց գրունտում պետք է տնկել ընտրողաբար, ծիլերի աճմանը զուգընթաց։ Բազմացման այս եղանակն առանձնապես արժեքավոր է, երբ բույսերն ախտահարված են ցողունային նեմատոդով, իսկ սորտն անհրաժեշտ է պահպանել։

Հիվանդությունները. տերևների բծավորության (սեպտորիոզ) դեպքում տերևների մակերևույթի վրա առաջանում են մուգ գորշավուն կետիկներ և կլորավուն կամ անկանոն ձևի բծեր, որոնք հետագայում մեծանում են, դեղնում և դրանց շուրջը գոյանում է գորշ կարմրավուն երիզ։ Հիվանդության զարգացմանը զուգընթաց բծերը ձուլվում են միմյանց հետ։ Տերևի ախտահարված հյուսվածքը մահանում է, չորանում ու թափվում։

Պայքարի միջոցները. ախտահարված տերևներով ցողունները կտրել և այրել։ Հիվանդ բույսերը, շրջակայքի հողը և մոտակա բույսերը մշակել պղինձ պարունակող պատրաստուկներով։ Հիվանդության կանխարգելման համար աշնանը պետք է ցողունները կտրել հիմքից և այրել, իսկ վաղ գարնանը բույսերը և շուրջը եղած հողը սրսկել պղինձ պարունակող պատրաստուկներով։ Շատ հաճախ Բ. ախտահարվում է ալրացողով։ Հիվանդությունը տարեցտարի կրկնվում է, և եթե միջոցներ ձեռք չառնվեն բույսերը մահանում են։

Պայքարի միջոցները. ախտահարված թփերն ամռանը մի քանի անգամ սրսկել լվացքի սոդայի լուծույթով (1 %-անոց) կամ պղինձ պարունակող պատրաստուկներով։

Ժանգը ախտահարում է տերևները։ Ուժեղ ախտահարման և պայքարի միջոցների բացակայության դեպքում բույսերի վերգետնյա մասերը մահանում են, թփերը թոշնում և աստիճանաբար չորանում։ Պայքարի միջոցները նույնն են, ինչ այլ բույսերինը։

Ֆոմոզը ախտահարում է ցողունը և տերևները, որոնց վրա գոյանում են գորշ, թույլ արտահայտված բազմաթիվ սև կետիկներով բծեր։ Տերևները ոլորվում են, չորանում, ցողունի հյուսվածքները ճաքճքում են, բույսերը լավ չեն աճում, վատ են ծաղկում։ Հիվանդությանը նպաստում են ցողունի մեխանիկական վնասվածքները, օդի ավելցուկային խոնավությունը, խոր տնկումը։ Պայքարի միջոցները նույնն են, ինչ այլ սնկային հիվանդությունների դեպքում։

Վերտիցիլյոզային թառամում. տերևները դեղնում են և թառամում, առանձին ընձյուղները և բույսերը մահանում են։

Պայքարի միջոցները. հիվանդ բույսերի ոչնչացում, հողի փոխում կամ ֆորմալինով (250 մլ 40 %-անոց ֆորմալինի լուծույթը 10 լ ջրում, տնկաբույսերի 1 մ²–ի վրա) ախտահանում։

Գանգրոտությունը հարուցում է մեռուկացման վիրուսը։ Տերևներն ուժեղ ձևափոխվում են, պատվում դեղին, անկանոն ձևի բծերով։ Ցողունները թուլանում են և դառնում բեկուն, միջհանգուցային հեռավորությունները կարճանում են, որը բույսերին տալիս է գաճաճ թփակալած տեսք։

Պայքարի միջոցները. հիվանդ բույսերի, հարուցիչների փոխանցողների՝ լվիճների ոչնչացում։

Ցողունային նեմատոդ. հիվանդ բույսերն աճման ու զարգացման մեջ հետ են մնում, ցողունները հաստանում են, կարճանում, տերևներն ու ցողունները ձևափոխվում են և այլն։

Պայքարի միջոցները. հիվանդ բույսերի ոչնչացում, բույսերի հաջորդափոխում (թավշածաղիկ աճեցնել), պայքար մոլախոտերի դեմ, բազմացումը կատարել առողջ կտրոններով, տնկելուց առաջ թփերը 30 րոպե թրջել 15 °C ջերմաստիճանից ոչ ցածր հետերոֆոսի լուծույթում (0,2 %-անոց)։

Ցողունի ճաքճքում (ոչ վարակիչ). ցողունի ստորին մասում առաջանում են երկայնական ճաքեր։ Հիմնականում դիտվում է խոնավ տարիներին ուժեղ աճման շրջանում (ներքին և արտաքին հյուսվածքների անհավասար աճ), որը կապված է հողում ազոտական պարարտանյութերի ավելցուկի և կրի անբավարարության հետ, ինչպես նաև տնկած բույսերի խտացման դեպքում։

Տերևների չորացում և թափում (ոչ վարակիչ). տերևները չորանում են ու թափվում, ցողունի վերին մասում մնում են քիչ քանակությամբ տերևներ։ Այդ ֆիզիոլոգիական երևույթը դիտվում է խոնավության անբավարարության և արմատային ոչ ճիշտ սնուցումների (տաք, չոր եղանակին ցերեկը ցողելու) դեպքում։

Վնասատուները. պարտեզային Բ-ների վրա հարձակվում են սովորական ականջմտուկը, թքափրփրացիկադները և