Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/593

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կարելի է ամրացնել շարվածքի կարերի միջով անցկացրած մետաղալարով։ Բ-ների երեսակողմի մակերևույթը թույլ է տաքանում և հիմնական ու երեսպատող նյութերը գործնականում չեն ընդարձակվում, ուստի սովորական խեցասալը ցեմենտաշաղախի վրա բավականաչափ ամուր է պահվում։ Բ-ների մակերևույթը կարելի է նաև սվաղել, լրիվ կամ միայն կարերն ու առանձին աղյուսները ներկել ջրալույծ ներկերով։

Բոլոր տեսակի Բ-ները բաղկացած են կրակարանից և ուղիղ ծխնելույզից (նկ. 2)։ Բ. շարում են (հատկապես աղյուսից) վառարանի պես։ Բ-ու առանձնահատկությունը ներսում ծնկաձև ծռած գազային շեմքն է (ելուստ, հովար, ատամ), որը արգելակում է ծխնելույզից կայծերի ցայտումը, կանխում շինությունում ծուխ և մուր տարածման պատճառ օդահոսքերի անկումը, անձրևի և ձյան ջրերի հոսքը դեպի կրակարան, կուտակում մուրը իր մակերեսին։ Գազային շեմքը լինում է հարթ և վաքաձև, նրա ելուստը կառուցում են առջևի պատի ուղղությամբ։ Հաճախ վրան տեղադրում են թավա, իսկ դիմացը հերմետիկ դռնակով մաքրիչ (նկ. 2-ում ցույց է տրված կետագծով)։ Գազային շեմքի և ծխնելույզի լայնությունները (նկ. 2) հավասար են կամ առաջինը երկրորդից 10-20 մմ լայն է, որի շնորհիվ կանխվում է ծխնելույզից մրի թափանցումը։

Քարշը Բ-ներում շատ թույլ է։ Որպեսզի գազերը հեշտ դուրս գան ծխնելույզով, որոշ Բ-ների վրա կառուցում են թասակներ կամ հորաններ, որոնցում հավաքվում է ծուխը և աստիճանաբար դուրս գալիս ծխնելույզով։

Բ-ու կառուցման ժամանակ անհրաժեշտ է հիշել, որ որքան ուղիղ և հարթ են կրակարանի ներքին պատերը, այնքան շատ ջերմություն է հաղորդվում շինություն, Բ-ու ջերմատվությունը ավելացնելու համար ներքին, հետևի և կողմնային պատերը երեսպատում են ողորկված բրոնզե կամ ժանգակայուն պողպատե թերթերով։ Որոշ դեպքերում դրանք լինում են հանովի՝ մրից մաքրելու համար։

Բ-ները շինությունում տեղադրում են պատի մոտ, անկյունում։ Պետք է սարքել հիմնական ծխնելույզ և ծխանցքի չափերը թողնել 130x250 մմ (եթե ծխնելույզը հատուկ շարված է Բ-ու համար)։ Քարշը բարելավելու համար ծխնելույզներին դնում են խողովակագլխանոցներ, ծխանավեղարներ, որոնք կանխում են անձրևի և ձյան թափանցումն ու քամու մուտքը ծխնելույզ։

Բ-ներ կառուցելիս պետք է խստորեն պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները։ Հատակի վրա Բ. կառուցելիս նախ պետք է սարքել աղյուսե եռաշարք բարձիկ կամ հարթակ (210 մմ բարձրությամբ)։ Առաջին աղյուսաշարքը շարում են տանիքի պողպատաթերթի կամ թիթեղի վրա։ Պողպատաթերթը տեղադրում են թերթավոր ասբեստի վրա։ Աղյուսի փոխարեն կարելի է օգտագործել բետոնասալ։ Դրանք կարելի է հատակի մակերևույթից բարձրացնել 15-20 սմ, դնել ոտիկների (աղյուսե կամ բետոնե սյուներ) վրա։ Կրակարանի առաջ անպայման պետք է դնել տանիքի պողպատից հնոցաշեմքի թերթ՝ ծածկելով այն թաղիքե կամ ասբեստե թերթով։

Աղյուսե, քարե Բ-ներ կառուցելիս անհրաժեշտ է ծածկել կրակարանները բարավորով, թաղով, կամարով ևն։ Չպետք է գործածել պողպատե հեծաններ (շերտավոր կամ պրոֆիլային պողպատից), որոնք տաքանալիս ընդարձակվում են և ձևախախտում շարվածքը։ Հարմար են թուջե հեծանները (օրինակ, տարբեր երկարության կրակակալի ցանցերը)։ Որպեսզի հեծանները ավելի քիչ տաքանան և ընդարձակվեն, դրանք պետք է պատել մի քանի շերտ թերթավոր ասբեստով, վրայից ամրակապել պղնձամետաղալարով։ Կարելի է օգտագործել հրակայուն բետոնե հեծաններ։

Վառելանյութի լավ այրվելու համար Բ-ներում գործածում են զամբյուղիկ (կասկարա) կամ թողնում կրակակալի ցանցով սնդու (ակ)։ Ցանկալի է օգտագործել թուջե, պողպատե (կլոր կամ շերտավոր) կասկարաներ։ Պողպատի շերտիկները տեղաբաշխում են միմյանցից 10-25 մմ հեռավորությամբ, 50 մմ-ից ոչ պակաս բարձրության ոտիկների վրա, որպեսզի օդը բոլոր կողմերից հասնի վառելանյութին։ Կասկարան արագ տաքանալուց պաշտպանելու համար վրան հաճախ դնում են թուջե կրակակալի ցանց։ Հաճախ կրակարանում թողնում են սնդու և վրան դնում կրակակալի ցանց։ Սնդուի մեջ տեղավորում են պողպատե թավա, ուր հավաքվում են կրակարանից թափվող մոխիրը և մանր ածուխները։

ԳԱԶԱՐ (աճեցումը), ՀՀ գրեթե բոլոր մարզերում մշակման առավել վաղահաս սորտերից է Նանտյանը։ Համեղ է, ունի շատ փոքր միջուկ, վարդակը փոքր է, տերևները՝ մանր, բաց կանաչ, նուրբ թավոտ։ Արմատապտուղը երկար գլանաձև է՝ բութ ծայրով և մանր ոսպնյակներով, միջին զանգվածը՝ 80-120 գ։ Հասունանում է 100-105 օրում։ Օգտագործվում են թարմ և պահածոյած։ Ձմռան պահունակությունը ցածր է։ Լավագույն սորտ է նաև ձմեռնամուտի ցանքերի համար։ Միջահաս սորտերից ՀՀ բոլոր մարզերում մշակվում է համեղ և բարձր բերքատու Շանտենեն։ Վարդակը միջին մեծության է, տերևները՝ խոշոր։ Արմատապտուղը երկար կոնաձև է, սուր ծայրով, հարթ մակերեսով, միջին զանգվածը՝ 100-200 գ։ Հասունանում