Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/670

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՔՐՔՈՒՄ, զաֆրան, հիրիկազգիների ընտանիքի բազմամյա պալարասոխուկավոր բույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 80 տեսակ։ ՀՀ գրեթե բոլոր գոտիների լեռնային մարգագետիններում, տափաստաններում, քարքարոտ լեռնալանջերին աճում է Ք-ի 3 տեսակ՝ գարնանային, Ադամի, հրաշալի։ Վերջին 2-ը գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։ Ք. կարելի է օգտագործել ալպյան բլրակներում, սիզամարգերում և ծաղկագեղազարդիչ այլ ձևավորումներում։

Բարձրությունը՝ 5-40 սմ։ Ծաղիկները խոշոր են, մեկական կամ 2-5 հատ դուրս են գափս անմիջապես պալարասոխուկից։ Պարտեզային ձևերն ունեն ամենաբազմազան գունավորում՝ սպիտակ, դեղին, նարնջագույն, մանուշակագույն և այլն։ Տեսակների մեծ մասը ծաղկում է ամենավաղ գարնանը, բայց կան նաև աշնանը ծաղկողներ (աշնանային, հրաշալի)։ Տերևները նեղ են, զարգանում են ծաղկումից հետո։

Ք. կարելի է տնկել հողամասի ցանկացած մասում։ Հողը պետք է լինի թեթև, փուխր, սննդարար։ Բույսը զգայուն է օրգանական և հանքային պարարտանյութերի նկատմամբ։ Հատուկ խնամք չի պահանջում։ Միևնույն տեղում կարող է աճել 4-5 տարի։ Սոխուկները հողից պետք է հանել տերևները դեղնելուց հետո և պահել 16-18 °C ջերմաստիճանի պայմաններում։

Աշնանը ծաղկող Ք. խորհուրդ է տրվում տնկել ամռանը, գարնանը ծաղկողը՝ օգոստոսի վերջին։ Խոշոր պալարասոխուկները տնկում են 8-10 սմ խորությամբ, սնուցման մակերեսը՝ 7x7 սմ։ Ձմռանը բույսերը պետք է ծածկել տերևներով, բուսահողով, տորֆով։ Ք. բազմացնում են սերմերով կամ պալարասոխուկ-սոխիկներով։ Սերմերը պետք է ցանել աշնանը, բույսը ծաղկում է 3-4-րդ տարում։

Ք. ախտահարվում է սնկային հիվանդություններով՝ ժանգով և պալարասոխուկների փտումով։

Պայքարի միջոցները նույնն են, ինչ մյուս բույսերինը։

Վնասատուներից են լվիճները և արմատային սոխային տիզը։

Պայքարի միջոցները նույնն են, ինչ մյուս բույսերինը։ Պալարասոխուկները կարող են կրծոտել կրծողները, որոնց դեմ պայքարելու համար տեղադրում են թունավոր խայծեր։ Որպես կրծողներին վախեցնող միջոց կարելի է օգտագործել գեղային շնալեզվի (պորտնուկի) թարմ կամ չորացած ճյուղեր։