Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/676

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մարդկանց հաղորդակցել ջրի մաքրագործող ու կենարար զորությանը։

ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ (տոնացույցում «Առաջավորաց պահք»), այս տոնը մեծ ժողովրդականություն ուներ հայերի մեջ՝ հատկապես երիտասարդության շրջանում։ Այն նշելու հաստատուն օր չուներ, քանի որ ժամանակային կապի մեջ էր Մեծ պասի և Զատիկի օրերի տեղափոխությունների հետ՝ Սբ Սարգսի տոնով սկսվում է Բարեկենդանը, որին անմիջականորեն հաջորդող Մեծ պասի 49-օրյա զսպվածության շրջանը ավարտվում է Զատիկով։ Այսպիսով, անուղղակիորեն կապվելով 35-օրյա շարժականություն ունեցող Զատիկի հետ, Սբ Սարգսի տոնը նույնպես շարժվում է 35 օրերի ընթացքում, նշվելով հունվարի 18-ից մինչև փետրվարի 23-ը ընկնող այն շաբաթ օրը, որը տվյալ տարվա Զատիկի տոնից առաջ էր ուղիղ 63 օր։ Ինչպես և անունից է հետևում, այն նվիրված է ժողովրդի շատ սիրած Սբ Սարգսին, որի անվան և պաշտամունքի շուրջ հայոց մեջ բազմաթիվ ավանդազրույցներ են պահպանվել։

Տոնը նշվում էր գլխավորապես ընտանեկան նեղ շրջանակով, և սկսվում էր, փաստորեն, երկուշաբթի օրը պասով։ Այս պասի առանձնահատկությունն այն էր, որ կենդանական մթերքներից զատ չէին ուտում նաև աղանձ ու փոխինձ, ինչպես նաև սրանցից պատրաստված խորտիկներ։ Սբ Սարգսի պասի օրերին արգելվում էին ոչ միայն ուտելիքներ, այլև աշխատանքի որոշ տեսակներ, մարմնի խնամք։ Այսպես, այդ օրերին արգելվում էր լվացք անել, ճախարակ մանել, գործ ունենալ բրդի, մազի հետ, գլուխ լվանալ, օճառ գործածել։ Ժողովրդական պատկերացումներով այդ ամենը բացատրվում էր նրանով, որ Սբ Սարգիսը այդ օրերին շրջում է սարերում և հիշյալ արգելքները խախտելու դեպքում նա՝ Սբ Սարգիսը, կենթարկվի զանազան վտանգների։

Պասը բացում էին ուրբաթ երեկոյան մեղրաջրով, դոշաբով կամ պարզ շաքարաջրով շաղախած փոխինձով։ Երիտասարդներն աղի բլիթ էին ուտում քնելուց առաջ՝ գիշերվա երազում իրենց ապագա հարսնացուին կամ փեսացուին տեսնելու հույսով, տանտիրուհիներն էլ սկուտեղի վրա հարթեցրած փոխինձ էին դնում պատուհանի գոգին։ Վստահ էին, որ այդ գիշեր Սբ Սարգիսն իր ձիով պիտի այցելի մարդկանց տները և որպես իր այցելության նշան ձիու պայտի հետքը թողնի փոխինձի վրա։ Սբ Սարգսի անարգել մուտքն ապահովելու համար շատերն այդ գիշեր տան դուռը բաց էին թողնում։

Առավոտյան գուշակությունները շարունակվում էին։ Սբ Սարգիսը համարվում էր սիրահարներին օժանդակող, և ողջ երիտասարդությունը սիրով ու հավատով հետևում էր նրա տոնի անհրաժեշտ արգելքներին ու ծեսերին։

ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋ, այս տոնը ժողովրդի մեջ հայտնի է Տերընդեզ, Տըրընդեզ, Տերինտազ, Տերընտաս, Դառդառանջ, Տանտառեջ, Դոռոնջ, Դոնտառունչ, Տոռոնչ-Տոռոնչ, Տենդառաջ, Դրնդեզ անուններով։

Տոնի պաշտոնական՝ Տեառնընդառաջ անունը բացատրվում է Քրիստոսի կենսագրության այն իրողությամբ, ըստ որի, երբ Փրկչի ծնողները նրա ծննդյան 40-րդ օրը նրան տաճար տարան, այստեղ ընդառաջ եկավ Տիրոջ գալստյանն սպասող և խոր ծերության հասած Սիմոն ծերունին, որտեղից էլ առաջացավ Տեառնընդառաջ՝ Տիրոջն ընդառաջ անունը։ Տոնական հանդիսությունները, սակայն, ունեն հնագույն ավանդույթներ և առնչվում են կրակի մաքրագործող զորության հանդեպ վաղնջական պատկերացումների հետ։ Նշվում է փետրվարի 14-ին։

Տոնակատարությունը հիմնականում ուղեկցվում էր խարույկներ վառելով և նրա շուրջ ծիսակատարումներով։ Խարույկի համար անհրաժեշտ փայտը (անտառազուրկ վայրերում՝ ծղոտը) կուտակելը նշանված կամ նորապսակ երիտասարդների պարտքն էր։ Ամենամեծ խարույկը համայնքի ընդհանուր բարեկեցությունը ապահովելու և տարվա առատ բերքի հնարավոր ուղղությունը գուշակելա նպատակն ուներ։ Ենթադրվում էր, որ այդ խարույկի ծուխը ուղղվում էր դեպի բերքառատություն խոստացող դաշտերը։ Առհասարակ տարածված էր այն պատկերացումը, որ «Տերընդեզի կրակն իր հետ բերում է օդի բարեխառնություն, հունձքի առատություն, արտերի բերրիություն և ամուսինների օրհնություն», ինչ վկայվում է նաև խարույկի շուրջ երգվող երգերով։

Օրինակ ՝

Տերընդեզ՝ դարմանը կես,
Առ հաց ու կես, ելիր գեղես,
Տերընդեզ, մխի (ծխի) դին (կողմը) տես,
Մէ փութ ցանես՝ հարյուր քաղես։

Կամ՝

Տերընդեզ, դարման ու կես,
Առնիմ մանգաղ՝ էլնիմ խոտի դեզ,
Տերընդեզ՝ ուչխուր վառէ,
Օր ազատվեն օձէ, չարէ։

Համայնքային խնդիրներից հետո գալիս էր ընտանեկան և անձնական հարցերը լուծելու ժամանակը։ Խարույկներ էին վառվում բակերում, հատկապես նորապսակներ ունեցող ընտանիքների բակերում։ Խարույկի շուրջ մի-մի հավ գրկած կանգնում էին երեխաները, որպեսզի կրակի ուժով զորացած հավերը մեծ պասի ընթացքում շատ ձու ածեն։ Խարույկի շուրջ պտտվում էին նորապսակները, իսկ երիտասարդները, ամուլ և նոր ծննդաբերած կանայք, թռչում էին կրակի վրայով։ Ենթադրվում էր, որ կրակը կպտղավորի ամուլներին, իսկ մյուսներին կազատի հնարավոր չարիքներից, մասնավորապես օձի, կարիճի խայթոցից, կայծակնահարության հնարավորությունից։ Այդ խարույկի կրակով նորոգում էին օջախը, կրակից մնացած փայտիկները գցում գոմն ու հավաբունը, մոխիրը հավաքում և գործածում հիվանդությունների դեմ, ապականված ամանեղեն մաքրելու նպատակով և այլն։

Տոնահանդեսի շարունակությունն էին կազմում մարող խարույկների շուրջ կատարվող խմբապարերն ու տոնական ընթրիքը։

ԲԱՐԵԿԵՆԴԱՆ, բարեկենդանը մեր ժողովրդի սիրված և սպասվող տոներից մեկն էր։ Այն ընկալվում էր որպես ամենաազգային և երջանկաբեր տոն։ Բարեկենդանի օրերը ժողովրդի երգերում համարվում էին «Հայոց ազգի օրեր» և տևում էին երկու շաբաթ, անմիջականորեն հաջորդելով Սբ Սարգսին և ավարտվելով Մեծ պասով։ Այդ օրերը հագեցած էին լինում ուրախությամբ, պարերով, խաղերով, կերուխումերով, զվարճահանդեսներով, թատերախաղերով, փոխայցելություններով, հրապարակային խնջույքներով և այլն։ Տոնական այդ մթնոլորտում հասարակական, ընտանեկան, տարիքային փոխհարաբերությունների ընդունված նորմերը գլխիվայր էին շուռ գալիս և ամենուր տիրում էր մարդկանց պահվածքի ազատություն։