Jump to content

Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/683

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էին անում, սեղանի պատրաստություն տեսնում, երիտասարդները մի խմբում խաղում էին լախտի, ըմբշամարտ, գոտեմարտ ևն, մեկ այլ խմբում՝ պարում... Կեսօրին խմբերով նստում էին խնջույքի, որի կերակրատեսակների մեջ աչքի էր ընկնում գաթան, հալվան, կաթնասերը, մատաղի միսը և, իհարկե, մեծ քանակությամբ մրգեր ու հատկապես խաղող։ Սկսվում էր մթերքների տողանցը մի խմբից մյուսին, ուղարկվում էին մատաղի միս, կաթնամթերք, մրգեր, բայց անհրաժեշտաբար՝ խաղող։ Հատկապես խնամիները խիստ պարտավորված էին միմյանց պատվել նոր պտուղներով և նորապսակ հարսը կամ նշանված աղջիկը ամուսնու կամ փեսացուի ազգականներից մեծաթիվ սկուտեղներ էր ստանում՝ մրգերով ու որևէ նվերով ծանրաբեռնված։

Առհասարակ այս տոնը լիաբուռն, անկաշկանդ ուրախության դրսևորումն էր նվազագույն պարտավորություններով։

ԽԱՉՎԵՐԱՑ, սեպտեմբերի 14-ին հաջորդող կիրակի օրը մեր ժողովուրդը նշում է քրիստոնեական տոնացույցում Խաչվերաց, ժողովրդական՝ Սըբխեչ կամ Ուլնոց անուններով հայտնի տոնը։ Խաչվերացի տոնը նվիրված է Քրիստոսի խաչի գերեդարձին։ Հայտնի է, որ Պարսկաստանի Խոսրով Բ Փարուիզ թագավորը 610-ին հարձակվում է Բյուզանդիայի վրա, 614-ին գրավում Երուսաղեմը և ավարի առնում Քրիստոսի խաչափայտը։ Բյուզանդիայի Հերակլոս կայսրը (610-641) խաչափայտը ազատագրելու համար հարձակվում է Պարսկաստանի վրա։ Բյուզանդական բանակի մի մասն էին կազմում նաև Հայաստանի հունական բաժնի գնդերը՝ զորավար Մժեժ Գնունու ղեկավարությամբ։ Կայսրը նվաճում է Պարսկաստանը և պարսիկներին ստիպում խաղաղության դաշն կնքել։ Դաշինքի հիմնական կետերից մեկը խաչափայտի վերադարձն էր։ Հերակլոս կայսրը, խաչափայտն առնելով, նախ տանում է Կ.Պոլիս և այնտեղից փոխադրում Երուսաղեմ։ Փոխադրության ժամանակ, որն անցնում էր նաև Հայաստանի տարածքով, տեղի են ունենում մեծ հանդիսություններ։ Այդ դեպքի հիշատակը հավերժացնելու համար հաստատվում է Խաչվերացի տոն (սեպտեմբերի 14) քրիստոնյա բոլոր եկեղեցիների համար։ Հայոց եկեղեցին Խաչվերացը տոնակատարում է սեպտեմբերի 14-17-ի ընթացքում հանդիպող կիրակի օրը։ Բուն տոնի հիմքում ընկած է Խաչի գյուտի պատմությունը և այդ գյուտի առթիվ՝ ցնծության ու գոհունակության արտահայտությունը։ Ժողովրդական արարողակարգում արտահայտվում է հանգուցյալների վերաբերյալ մեր ժողովրդի պատկերացումների մի մասը, երբ տնտեսական տարին ավարտած, բերքը հավաքած մարդիկ այդ բերքից ու տարվա նոր պտուղներից, կարծեք, մաս էին հանում հանգուցյալներին։ Հիրավի, Սըբխեչ կամ Ուլնոց տոնի առանցքը գերեզմանատուն այցելելն էր և այստեղ խնջույք կազմակերպելը, ուրախ խնջույք, քանզի այդ օրվա գերեզմանատուն այցելելն ուրախության պարտադիր մաս ուներ իր մեջ։ Նախապատրաստություններն սկսվում էին շաբաթ օրը․ կանայք խմորեղեն էին թխում, տղամարդիկ՝ ուլ մորթում։ Ուլն այդ օրվա առանձնահատուկ, անցյալում անհրաժեշտ ուտելիքն էր, առանց որի տոնը լիարժեք չէր կարող լինել։ Մաշկված, մաքրված ուլը կախում էին թոնրում՝ տակը նախապես ձավարեղենով լի կաթսան դնելով։ Վաղ առավոտյան լավագույն նախաճաշն ուլի ճարպով ներծծված ձավարի փլավն էր, որից հետո բոլորը գնում էին գերեզմանատուն՝ հետները ունենալով մրգեր, խմորեղեն, կաթնասեր, խորոված ուլ։ Քահանայի կողմից գերեզմաններն օրհնելուց հետո ուղղակի տապանաքարերի մոտ բացվում էին սփռոցները և սկսվում էին ուրախ, անկաշկանդ, կատակներով ու հյուրասիրություններով ուղեկցվող խնջույքները։ Նախնիներին, մահացած հարազատներին նոր բերքից մաս հանելով, նրանց հիշատակին ուլ զոհաբերելով՝ նրանց հաղորդակից էին դարձնում իրենց այս աշխարհիկ կյանքին։