Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/84

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ն.կ–ի մեկ այլ տեսակ է միջնորմ-պահարանը, որի միջոցով, ցանկության դեպքում, կարելի է փոխել բնակարանի սենյակների բնույթը, ինտերիերը (նկ. 4, 5)։ Նկ. 6-ում պատկերված է միջնորմ-պահարանների տեղակայման մի քանի տարբերակ։ Բնակարանի հատակագծի 1-ին տարբերակը նախատեսված է 4 հոգանոց (ծնողներ, դպրոցական և մինչև 3 տարեկան երեխա) ընտանիքի համար։ Բնակարանը բաղկացած է ընդհանուր սենյակից, դպրոցականի սենյակից և ծնողների ննջասենյակից, որտեղ դրվում է մանկական մահճակալը։ Երեխայի մեծանալուն զուգընթաց կարելի է փոքրացնել ծնողների ննջասենյակը՝ ընդարձակելով մանկական սենյակը (2-րդ տարբերակ)։ 3-րդ տարբերակը նախատեսված է նույն կազմի ընտանիքի համար, սակայն ներկառուցված պահարանների դիրքի փոփոխությամբ ծնողների ննջասենյակի մուտքը մեկուսացվել է, սենյակների մակերեսների վերաբաշխման հաշվին մեծացել է խոհանոցի և նախասենյակի մակերեսը։ 4-րդ տարբերակը հնարավորություն է տալիս ընդարձակել ընդհանուր սենյակը, որը դիրքով առանձնացված է սենեկախորշում տեղավորված ննջարանից։ Մեծ մանկական սենյակը հնարավորություն է տալիս առանձնացնել ննջարանի և պարապելու հատվածները։ Ընդհանուր սենյակը խոհանոցից բաժանող միջնորմ-պահարանում ճաշասեղանի բարձրությամբ պատրաստված մատուցապատուհանը հնարավորություն է տալիս ավելի արագ սպասքավորել ընդհանուր սենյակում բացված սեղանը, ուտեստներն անմիջապես մատուցել խոհանոցից և հավաքել ամանեղենը։ Մատուցապատուհանը փակվում է հետգցովի դռնակով, որը հորիզոնական դիրքում դառնում է փոքր ճաշասեղան։ Պահարանի դռնակների մի մասը կարող է բացվել դեպի ընդհանուր սենյակ, մյուս մասը՝ դեպի խոհանոց։ Ընդհանուր սենյակի կողմից պահարանի բաժանմունքներում դրվում են ամանեղենը, խմիչքը, հեռուստացույցը, գրքերը, խոհանոցի կողմից՝ խոհանոցային ամանեղենն ու պիտույքները, մթերքը, սառնարանը։

Ծնողների ննջասենյակում և մանկական սենյակում կարելի է օգտագործել 60 սմ խորության միջնորմ-պահարան՝ լուսամուտին մոտ գտնվող սեկրետերով։ Աշխատատեղը բնական լույսով ճիշտ լուսավորելու համար կիրառում են տարբեր կառուցվածքի սեկրետերներ. ծնողների ննջասենյակում դրա աշխատանքային հարթության երկար կողմը դրվում է լուսամուտին ուղղահայաց, իսկ մանկական սենյակում՝ զուգահեռ։ Կողքին դրվում են զգեստապահարանը և սպիտակեղենի պահարանը, որոնց մի մասը բացվում է դեպի ծնողների ննջասենյակ, մյուս մասը՝ ղեպի մանկական սենյակ՝ նկատի ունենալով մահճակալների դիրքը։ Ներկառուցված պահարանի լուսամատից առավել հեռու գտնվող հատվածը ծառայում է տնտեսային պիտույքների համար և բացվում է դեպի նախասենյակ կամ միջանցք։

Ներկառուցված պահարանի հարդարանքն ընտրում են սենյակի բնույթին և բնակարանի ընդհանուր ինտերիերին համապատասխան։ Խորհուրդ չի տրվում Ն.կ–ի հարդարման համար օգտագործել մուգ գույնի ողորկած փայտ, քանի որ մեծ մակերես ոնեցող պահարանները կարծես փոքրացնում են սենյակի չափերը։ Նախասենյակի և մանկական սենյակի պահարանների մակերևույթները կարելի է պատել արծնաներկով կամ նիտրաարծնաներկով։ Կարելի է նաև օգտագործել բաց գույնի փայտի կազմվածքի և սպիտակ նիտրաարծնի զուգակցությունը։

Առավել տարածված են ներկառուցված պահարանների հարթ վահանաձև դռները։ Ն.կ–ին զարդագեղ տեսք են տալիս լողաթավոր դռները, որոնք նախշով և չափերով կարող են հարմարեցվել մուտքի դռան լողաթներին։ Ննջասենյակում որպես ներկառուցված պահարանի դռնակներ կարելի է օգտագործել հարթ շրջանակներ, որոնց վրա ներսի կողմից ձգված է խիտ գործվածք։ Վարագույրների, ծածկոցների և պահարանների դռնակների համար կարելի է օգտագործել նույն գործվածքը։

Ներկառուցված պահարանը կարելի է սարքել շինարարական նրբատախտակից, փայտաթելքավոր սալերից և այլ փայտանյութերից, ապա պաստառապատել։ Ն.կ–ի կարևոր տարրերից են փականքները, մղլակները, բռնակները, որոնք պետք է համապատասխանեն բնակարանի ընդհանուր ինտերիերին։

ՆԵՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ, շինությունների հարդարման համար կիրառվում են սոսնձաներկեր, կրաներկեր, յուղաներկեր, արծնաներկեր, ջրաէմուլսային ներկեր և զանազան լաքեր։ Սոսնձաներկերը, կրաներկերն ու ջրաէմուլսային ներկերն օգտագործում են առաստաղները և պատերը, յուղաներկերը և արծնաներկերը դռները, լուսամուտները, խողովակները և ծածկերը ներկելու համար։ Լաքերը կիրառում են ներկած չոր մակերևույթները լաքապատելու համար։

Ներկարարական գործիքներ և հարմարանքներ։ Ներկելիս և հարդարելիս օգտագործում են վրձիններ, հատուկ գլանիկներ (նկ. 1) և ներկացրիչներ։ Մեծ մակերևույթները ներկում են երկարամազ մեծ վրձիններով, իսկ մանր Ն. ա. (դռների, լուսամուտների, մարտկոցների ներկում) կատարում են ձեռնավրձիններով։

Լայնավրձինը երկար, բարակ, ճկուն մազափնջով վրձին է, որն օգտագործում են փայլուն և հարթ ներկաշերտ ստանալու համար։

Փայլատ մակերևույթ ստանալու համար ներկելուց հետո հարկավոր է