Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/85

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դեռևս չչորացած մակերևույթին թեթևակի հարվածներ հասցնել երկարամազ չոր խոզանակի (խեթկավրձին) կողամասով։

Օգտագործելուց առաջ երկարամազ նոր վրձինների հիմնամասն անհրաժեշտ է փաթաթել ամուր լարանով (նկ. 2)։ Մազերի մաշվածքին համեմատ փաթաթվածքը հարկավոր է աստիճանաբար նեղացնել։ Սոսնձաներկի վրձինները պետք է փաթաթել ավելի թույլ, քան յուղաներկի վրձինները։

Մակերևույթները սոսնձաներկով պատելու համար օգտագործում են ներկացրիչ կամ փոշեծուծի հեղուկացրիչ (ներկալուծույթը նախապես քամելուց հետո)։

Ն. ա-ում կիրառվող գլանիկը փայտե կամ ալյումինե կլոր ձող է, որին հագցվում է պորոլոնից կամ գառան խուզած մորթուց (12-15 մմ երկարության խավով) պատրաստված ծածկոց։ Գլանիկն ամրացվում է հատուկ բռնակի առանցքին։ Ջրաներկ օգտագործելուց առաջ նոր գլանիկը հարկավոր է 5-6 ժամ պահել ջրի մեջ, որպեսզի ծածկոցը փափկի և կիպ գրկի գլանը։

Ն. ա. ավարտելուց հետո ամանները և գործիքները պետք է մաքրել բևեկնայուղով, նավթով կամ լուծիչով, այնուհետև լվանալ օճառի կամ սոդայի թույլ լուծույթով։ Ջրաեմուլսային ներկի ամանները և վրձիններն անհրաժեշտ է անմիջապես լվանալ ջրով։ Լաքաներկային նյութերը և լուծիչները պետք է պահել հերմետիկ փակվող ամաններում։

Մետաղե մակերևույթներից անհրաժեշտ է հեռացնել ժանգը և կեղտը (պողպատե խոզանակով կամ քերիչով)։ Մետաղե, սվաղապատ և փայտե բոլոր տեսակի մակերևույթները յուղաներկով պատելուց առաջ հարկավոր է ներկաստառել օլիֆով։ Սոսնձաներկի մնացորդները պետք է թրջել տաք ջրով (երբեմն՝ 3 %-անոց քացախաթթվով կամ աղաթթվով) և քերել քերիչով։ Սվաղած մակերևույթի ժանգաբծերը և մուրը մաքրում են արջասպի լուծույթով (1 լիտր եռման ջրին՝ 50-ից մինչև 100 գ պղնձարջասպ), իսկ ճարպաբծերը՝ սոդայի 2 %-անոց տաք լուծույթով։ Եթե արջասպի լուծույթը չի օգնում, ապա բծերը հարկավոր է պատել սպիտականերկով կամ յուղաներկով։ Առաստաղը և պատերը արջասպի լուծույթով մշակում են մեկ կամ երկու անգամ։

Սվաղած մակերևույթները սոսնձաներկով պատելուց առաջ անհրաժեշտ է ներկաստառել։ Ներկաստառը քսում են երկարամազ վրձնով 1-2 անգամ՝ երկայնակի և լայնակի ուղղություններով։ Ներկաստառը չորանալուց հետո քսում են ներկը (մոտավորապես մեկ օր անց)։

Լուսամուտները, դռները և հատակը ներկելուց առաջ ճեղքերը լցափակում են, թողնում չորանալու, որից հետո մածկում են (նկ. 3), մաքրամշակում, կրկին ներկաստառում, ապա ներկում։

Ջրաներկային աշխատանքներ: Տարբերում են կրային, սոսնձային (կավճային), կազեինային և սիլիկատային ջրաներկեր։ Կրային ներկալուծույթները կիրառում են ներսի և դրսի աշխատանքների ժամանակ՝ սվաղ, աղյուս, բետոն, քար և, հազվադեպ, փայտ ներկելու համար։ Կրային լուծույթներ պատրաստելու համար օգտագործում են ալկալիակայուն գունանյութ, որպես կապակցանյութ՝ կերակրի աղ կամ օլիֆ։ 10 լ կրային լուծույթ (աղով) պատրաստելու համար պահանջվում է 3 կգ կրախմոր, 100 գ կերակրի աղ, չոր շինարարական ներկ՝ որքան պահանջվի։ Աղը լուծում են 0,5 լ ջրում, կրախմորը բացում 5-6 լ ջրով և խառնում աղաջրի լուծույթին։ Չոր ներկը նույնպես լուծում են ջրում և որոշակի քանակությամբ ավելացնում պատրաստված զանգվածին։ Օլիֆով կրային լուծույթը պատրաստում են 1,5 կգ չհանգած կրից և 50-100 գ օլիֆից, կիրը հանգցնում են և խառնելով ավելացնում օլիֆը։ Զանգվածին ջուր ավելացնելով հասցնում են անհրաժեշտ քանակության, ապա լցնում ներկը։

Սոսնձային (կավճային) ներկալուծույթները կիրառում են միայն ներսի աշխատանքների ժամանակ՝ հիմնականում սվաղած մակերևույթներ ներկելու համար։ 10 լ սպիտակ ներկալուծույթի համար պահանջվում է 3-4 կգ մաղած կավիճ, մինչև 150 գ ուլտրամարին, 200-250 գ կենդանական չոր սոսինձ։ Կավիճը խառնում են ջրի հետ, ապա ավելացնում բացած ուլտրամարինը և կապակցանյութը։ Պատերը ներկելու համար սոսնձային գունավոր ներկալուծույթները պատրաստում են սպիտակ ներկալուծույթին ավելացնելով ջրով բացած շինարարական ներկ։ Օրինակ, պողպատագույն ներկալուծույթ ստանալու համար պետք է 1 կգ կավճին ավելացնել 70 գ ուլտրամարին և 20 գ մուր, իսկ նարնջագույնի համար՝ 300 գ դեղին քրոմաներկ, 500 գ կինաբար։

Սոսնձային ներկալուծույթները պետք է օգտագործել նույն օրը։

Կազեինային ներկալուծույթները հիմնականում կիրառվում են արտաքին սվաղած մակերևույթները ներկելու համար։ 1 կգ կազեինային ներկի համար պահանջվում է 30 գ օլիֆ, 8 գ ալյումինակալիումային պաղլեղ, միջին հաշվով 1 լ ջուր։ Կազեինային ներկը լուծում են 0,5 լ ջրում և քամում խիտ մաղով։ Մոտավորապես մեկ ժամ հետո ներկալուծույթին քիչ-քիչ ավելացնում են օլիֆ և խնամքով խառնում։ Ստացված համասեռ էմուլսիան նոսրացնում են մինչև պահանջվող թանձրությունը, այնուհետև ավելացնում պաղլեղի լուծույթը և կրկին խառնում։