Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/87

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

են անում և ստացված շրջանակը դնում նկարի վրա։ Կտրված մասի եզրերը (4-7 մմ, իսկ մեծ ջրանկարների համար՝ մինչև 10 մմ և ավելի) կարելի է ծալել նկարի նկատմամբ որոշ անկյունով (նկ. 1, 2)։ Այս եղանակով կարելի է ձևավորել պաստելով արված նկարները, փորագրանկարները, վիմատիպ նկարները։

Յուղանկարի շրջանակը գույնով, նախշով, լայնությամբ և խորությամբ պետք է համապատասխանի նկարի չափերին, գուներանգին, բնույթին։ Մուգ գույներով նկարը խորհուրդ չի տրվում երիզել բաց գույնի շրջանակով (այդ դեպքում նկարն ավելի մուգ կթվա), ինչպես բաց գույներով նկարը՝ մուգ շրջանակով։ Որքան մեծ են նկարի չափերը, այնքան լայն և «ծանրակշիռ» պետք է լինի շրջանակը։ Որոշ դեպքերում փոքր նկարների համար շահեկան են լայն և խոր շրջանակները։ Հարմար շրջանակ չունենալու դեպքում ավելի լավ է նկարը երիզել բարակ փայտաձողով կամ ձևավոր ձողից պատրաստված շրջանակով։ Ջրանկարները և պաստելով արված նկարները ապակեպատում են և երիզում շրջանակով կամ էլ դնում ապակու և ստվարաթղթի արանքում, որոնց եզրերը սոսնձում են թղթի կամ սոսնձալաթի բարակ շերտով։ Ջրանկարը արևի լույսից խունանում է, ուստի այն պետք է կախել ստվերոտ պատին։ Նկարները կախելիս անհրաժեշտ է հաշվի առնել կահույքի դասավորությունը։ Կահույքի բարձր տարրերի վերևում խորհուրդ չի տրվում նկարներ կախել, ավելի հարմար են պատերի ազատ հատվածները։ Չեզոք, հանգիստ գույնով և նախշերով պատը (ներկած կամ պաստառապատ) հարմար է ցանկացած նկարի համար։

ՆՆՋԱՍԵՆՅԱԿ, լինում են միայն քնելու համար նախատեսված, մանկական սենյակի հետ համակցված և աշխատանքային անկյուն ունեցող Ն-ներ։

Ն-ի կահավորանքի հիմնական իրերն են մահճակալները և զգեստապահարանները։ Ցուրտ կլիմայի պայմաններում խորհուրդ չի տրվում մահճակալները դնել սենյակի արտաքին պատի մոտ։ Ժամանակակից բնակարանների ոչ մեծ չափերի Ն-ներում երկտեղ մահճակալը հարմար է դնել երկար պատին ուղղահայաց։ Եթե Ն. և սանհանգույցն ընդհանուր պատ ունեն, ձայնամեկուսացման համար նպատակահարմար է զգեստապահարանը դնել այդ պատի երկայնքով (տես Ներկառուցված կահույք): Ն-ի կահավորման այս տարբերակն առավել արդյունավետ է մակերեսի խնայողության տեսակետից։ Ն. կահավորելիս անհրաժեշտ է հաշվի առնել, որ մահճակալի և պահարանի միջև հեռավորությունը պետք է լինի առնվազն 70-75 սմ, որպեսզի հնարավոր լինի պահարանի փեղկերը բացելիս ազատ մոտենալ մահճակալին։ Մանր առարկաների համար մահճակալի գլխամասում դնում են ցածր պահարան։ Հայելիավոր պահարանը կարող է ծառայել որպես հարդարանքի սեղան (նպատակահարմար է այն դնել լուսամուտի մոտ)։ Նեղվածքի դեպքում ցածր պահարանները կարելի է փոխարինել փոքր կախովի պահարաններով։ Հարմար են Ն-ի կահույքի այն լրակազմերը, որոնցում մահճակալի գլխամասում դնելու համար նախատեսված են միասնական կառուցվածքով միավորված կահույքի զանազան առարկաներ (օգտագործվում են որպես ցածր պահարաններ, գրքերի և լուսակալների դարակներ, հարդարանքի սեղաններ, անկողնային սպիտակեղենի արկղեր)։

Ընդարձակ Ն-ում կարելի է դնել սովորական կամ ճոճվող բազկաթոռ և հատակաջահ՝ ստեղծելով ընդհանուր սենյակից հեռու և բավականաչափ մեկուսացած հանգստի անկյուն։

Մանկական սենյակի հետ համակցված Ն-ում առանձնացվում է մանկական անկյուն:

Հաճախ Ն. օգտագործվում է որպես աշխատասենյակ։ Սակայն, 10-12 մ մակերեսով սենյակում դժվար է տեղ հատկացնել աշխատասեղանի համար։ Նպատակահարմար է ունենալ լուսամուտագոգի հետ միավորված 71-75 սմ բարձրության ներկառուցված սեղան, այն կարող է լինել պատից պատ՝ մի կողմից հենված պատին ամրացված անկյունակին, մյուս կողմից ցածր պահարանին։ Սեղանի լայնությունը չպետք է գերազանցի 40-50 սմ։ Անկյունի մասում այն կարելի է լայնացնել՝ որպես գրասեղան օգտագործելու համար։ Դա կարող է ծառայել նաև արդուկելու, կարելու, հյուսելու համար, որպես հարդարման սեղան բացովի կափարիչին ամրացված հայելիով: