Էջ:Տնային տնտեսության հանրագիտարան (Household encyclopedia in Armenian).djvu/88

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եթե լուսամատի տակ ջեռացման մարտկոց կամ ջերմափոխանցիչ կա, ապա սեղանի երեսին պետք է անցքեր բացել օդի շրջանառության համար։ Ն-ի կահավորանքի կարևոր տարրերից են վարագույրները, ծածկոցները, գորգերը։ Միատեսակ գործվածքից կարված վարագույրները և մահճակալի ծածկոցները ամբողջական տեսք են տալիս Ն-ի ինտերիերին։ Ն-ի պատերը կարելի է հարդարել նաև գործվածքով այն ձգելով փայտե շրջանակների կամ ձողերի վրա, կամ էլ սոսնձելով մածկած պատերի մակերևույթին։

ՇԱՄՊՈՒՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ, կիրառվում է տնային կենդանիների վրա տարածված լվերի և մազակերների ոչնչացման համար։ Մաքրում է կենդանիների մազածածկույթը աղտոտությունից, փոշուց և քրտնագեղձերի ու ճարպագեղձերի արտազատուկներից։ 1-2 ճաշի գդալ շամպունը (օրինակ, «Մուխտար» մածուկը) հարկավոր է հավասարապես քսել կենդանու նախապես խոնավացրած մազածածկույթին, այնուհետև շփել մինչև փրփուրի գոյացումը։ 10 րոպե հետո պետք է փրփուրը լվանալ գոլ ջրով և չորացնել կենդանուն։ Կենդանիների տակի փռվածքը պետք է արդուկել տաք արդուկով։

Շ.կ. թունավոր է, այն հարկ է պահել սննդամթերքից հեռու, երեխաների և տնային կենդանիների համար անմատչելի տեղում։

ՇԵՐՏԱՎԱՐԱԳՈՒՅՐ, բաղկացած է զուգահեռ դասավորված փայտե, մետաղե կամ պլաստմասսայե թիթեղներից։ Շ. լինում է շրջանակին անշարժ ամրացված թիթեղներով (փակոցափեղկեր) և առանց շրջանակի՝ քուղով կամ տրեզով ամրացված թիթեղներով։ Շ. օգտագործում են լույսի հոսքը կարգավորելու, արևի ճառագայթներից, անձրևից և փոշուց պաշտպանվելու համար։

Օդափոխման անցքերի Շ. (օրինակ, խոհանոցում կամ սանհանգույցում) ծառայում է օդափոխությունը կարգավորելու համար։

ՇԻԿԱՑՄԱՆ ԼԱՄՊ, օգտագործում են շինությունների լուսավորման նպատակով, ավտոմեքենաների ցոլալապտերներում, կարի մեքենաներում և գրպանի լապտերներում՝ թեթևակի լուսավորման համար, լուսանկարչության մեջ ևն։ Կենցաղային լուսավորման սարքերում կիրառվում են 15 Վտ-ից մինչև 300 Վտ հզորության, 220 Վ կամ 127 Վ լարման Շ. լ-եր։

Շ լ-երի տարատեսակներ են կրիպտոնային և երկպարույր լամպերը։ Կրիպտոնային լամպերը, սպառելով միևնույն քանակության էլեկտրաէներգիա, սովորական լամպերի համեմատությամբ ունեն ավելի մեծ լուսատացք. թողարկվում են 40, 60, 75 և 100 Վտ հզորությամբ։ Երկպարույր լամպերն ունեն արտաքնապես հաստ շիկացման լար՝ աղեղի կամ կիսաօղակի ձևով. այդպիսի լարը վոլֆրամե մի պարույր է, որն իր հերթին փաթաթված է մեկ ուրիշ, ավելի բարակ պարույրից և ունի սովորական լարից ավելի մեծ պայծառություն։ Երկպարույր լամպերի անոթների չափերը միևնույն հզորության լուսավորման այլատեսակ Շ.լ–երի անոթներից ավելի փոքր են։

Լամպակոթի կամ լամպանոթի գմբեթամասի վրա դրվում է գործարանային դրոշմ՝ լարման (վոլտերով) և հզորության (վատտերով) նշումով (օրինակ, 220 Վ, 40 Վտ, կամ 220 Վ, 100 Վտ)։ Ցանկացած լամպի ծառայության ժամկետը մոտ 1000 ժամ է, եթե լարումն էլեկտրական ցանցում չի գերազանցում նախատեսվածը (220 Վ կամ 127 Վ)։ Իսկ եթե այս կամ այն պատճառով լարումը ցանցում բարձր է (կամ ժամանակ առ ժամանակ բարձրանում է, թեկուզև կարճ ժամանակով), լամպը կարող է արագորեն շարքից դուրս գալ։ Հաշվի առնելով այդ՝ արդյունաբերությունը թողարկում է նաև սովորականից ավելի բարձր լարման համար նախատեսված (լամպանոթի վրա համապատասխան նշումով, օրինակ, 235-245 Վ) լամպեր։

Լամպը հարկավոր է կոթառին հագցնել կիպ՝ խուսափելու համար թարթումներից և կոթառի տաքացումից։ Արգելվում է լամպը հանգցնել կոթառից պտուտահանելով, քանի որ այդ դեպքում հնարավոր է դիպչել լարման տակ գտնվող կոթառի մետաղյա մասերին կամ լամպակոթին, ինչը կարող է հանգեցնել էլեկտրական հոսանքի հարվածի։

ՇՆԵՐ, տարբերում են ծառայողական, մարզածառայողական, որսորդական և սենյակային ցեղի Շ.։

Ծառայողական ցեղի Շ. օգտագործվում են բանակում, սահմանապահ զորքերում, միլիցիայի ծառայություններում, զանազան օբյեկտներ, գյուղատնտեսական կենդանիներին հսկելու համար ևն։ Այդ Շ-ից են. գերմանական (արևելաեվրոպական), կովկասյան, միջինասիական, հարավռուսական, շոտլանդական (կոլի) հովվաշները, ռոտվեյլերները, էրդելտերիերները, սև տերիերները, ռիզենշնաուցերները, մոսկովյան պահակաշունը ևն։

Շնաբույծները սովորաբար անդամագրվում են ծառայողական շնաբուծության ակումբներին, որոնք շնաբուծության ուսումնամասսայական աշխատանքների կենտրոններ են և կազմակերպում են ազնվացեղ Շ-ի բուծումը։ Ակումբների անդամները զբաղվում են սպորտով, մասնակցում ցուցադրական ելույթների, ռազնամարզական խաղերի, ամեն տարի վարժեցնում են մեծ թվով Շ. և հանձնում բանակին, սահմանապահ զորքերին ու մյուս գերատեսչություններին։

Շ. բուծում են ակումբներում պլանավորված, որոշակի սկզբունքով, մարմնակազմվածքի կատարելագործման, Շ-ի ծառայողական ցուցանիշների բարձրացման և քանակի ավելացման նպատակով։ Բազմացնում են լավագույն Շ., որոնք ունեն չորս սերնդի տոհմաբանություն, ցուցահանդեսներում ստացած մարմնակագմվածքի գերազանց կամ շատ լավ գնահատական, ինչպես նաև ծառայողական արժանիքների համար դիպլոմներ։

Գերմանական (արևելաեվրոպական) հովվաշունը ակումբներում գրանցված Շ-ի 70 %-ն է կազմում։ Երկարամյա աշխատանքի շնորհիվ բուծվել է գերմանական հովվաշնից մի փոքր խոշոր, ուժեղ, բարեկազմ, դիմացկուն և աշխատունակ հովվաշան նոր տեսակ։ Այս ցեղը համապիտանի է և օգտագործվում է կլիմայական տարբեր գոտիներում։ Սրանք հիմնականում զինվորական Շ. են, որոնք օգտագործվում են պետական սահմանները պաշտպանելու, ռազմական, ժողտնտեսության և արդյունաբերական այլ օբյեկտները (պահակային ծառայությունում) պահպանելու համար։ Կատարում են նաև հետախուզման, ականաորոնման ծառայություններ և հաջողությամբ օգտագործվում են հանքագազաորոնման, հետախուզափրկարարական և այլ հատուկ