Jump to content

Էջ:Րաֆֆի ԵԺ հ6.djvu/159

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

և բացի վաշխառությունից պարապվում էր գերեվաճառությամբ։ Լեզգիների և կովկասյան այլ լեռնաբնակների անդադար հարձակումները Վրաստանի վրա բաց արին նրա առջև առևտուրի ու վաստակի մի նոր ասպարեզ։ Լեռնաբնակները գերիներ էին տանում Վրաստանից, իհարկե, ընտրելով միշտ նշանավոր ընտանիքներից։ Սաքուլը հանձն էր առնում վերադարձնել գերիներին, սկզբից պայման կապելով նրանց ազգականների հետ, թե կստանա այսքան գումարը։ Հետո նա գնում էր Դաղիստան և գնելով հետ էր բերում գերիներին, ստանում էր խոստացած գումարը։ Նույն առևտուրը նա կատարում էր և գերված լեզգիների վերաբերությամբ, եթե պատահմամբ ընկնում էին վրացիների ձեռքը։ Լեռնաբնակների բոլոր ցեղապետների հետ ծանոթ էր Սաքուլը, և ամեն անգամ նրանց տունը գնալիս, նրանց կանանց համար ընծաներ էր տանում, և ամեն տեղ սիրալիր ընդունելություն էր գտնում։ Գերեվարները, Սաքուլի գալուստը լսելով, իսկույն հավաքվում էին նրա շուրջը, սկսվում էր սակարկությունը։ Տարակույս չկա, սակարկությունը վերջանում էր միշտ հօգուտ խորամանկ գերեվաճառի, որի համար մեծ աշխատություն պետք չէր միամիտ լեռնցուն խաբելու համար։ Այսուամենայնիվ, Սաքուլը այնքան ընդարձակ վարկ էր ստացել Դաղիստանում և լեռնաբնակները այն աստիճան հավատարմություն ունեին դեպի նրա ազնվությունը, որ շատ անգամ գերիներին հանձնում էին նրան առանց փող ստանալու, համոզված լինելով, որ Սաքուլը իր խոսքը հարգող մարդ է, կտանե և փողերը հետո էլ կուղարկե։ Եվ իրավ, Սաքուլը այդ դեպքում հարգում էր իր տված խոսքը, և երբեք չէր պատահել, որ նա որևիցե զեղծում գործած լիներ իր հարաբերությունների մեջ լեռնաբնակների վերաբերությամբ, «Շատ ուտելը քիչ ուտելուց էլ կզրկե մարդուն», անդադար կրկնում էր նա թյուրքի առածը։ — Եթե մի անգամ բերեմ ու նրանց փողերը չվերադարձնեմ, այնուհետև ես մինչև մահ պիտի զրկեմ ինձ իմ փառավոր վաստակից։ Այդ դատողությունց պարզ հայտնի էր, որ Սաքուլը ուղղության, հավատարմության և ճշմարտի վրա չէր նայում նրանց բարոյական կողմից, այլ բոլորվին գործնական կետից էր ընդունում պարտաճանաչության պահանջը։

Ահա այդ մարդն էր, որին այնպես անքաղաքավարի կերպով ընդունեց Բայինդուր իշխանը, որ նոր էր վերադարձել Դաղիստանից, բերելով իր հետ գերիների մի ամբողջ քարավան, և այժմ սառն, անվրդով կերպով նստած էր իր գտակի վրա, և բարեսիրտ ժպիտով ընդունում էր Բեկի արբած հյուրերի դառն կատակները։