Jump to content

Էջ:Րաֆֆի ԵԺ հ6.djvu/162

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

որ այլևս շահվելու ոչինչ չէ մնացել, իր հյուրասեր տան դռները ցույց տվեց նրան, ասելով․

— Որդի, ձեզ համար մի ուրիշ տեղ ճարեք, տեսնում եք, ես մեծ ընտանիքի տեր եմ, իմ զավակները հազիվ եմ կարողանում պահել։

Նա առանց մի խոսք ասելու հեռացավ։ Խորին հուսահատության մեջ թողեց ավանը և դիմեց դեպի մերձակա լեռը։ Հագին ոտնամաններ չուներ։ Իր պանդխտության օրերում, անծանոթ, օտար աշխարհում հանդիպեց նա միակ հային, որից հույս ուներ փոքր ի շատե օժանդակություն գտնել, իսկ նա կողոպտեց նրան, հետո արտաքսեց։ Այժմ ամայի անապատների միայնակության մեջ աշխատում էր թաքցնել իր անբախտությունը։ Ամառային առավոտը հիացնելու չափ սքանչելի էր, բայց նա բնության մեջ ոչինչ գեղեցկություն չէր նկատում։ Թռչունները անհոգ չըկչըկում էին, ծաղիկները ուրախ ժպտում էին, համբուրվելով արեգակի առաջին ճառագայթների հետ, բայց այդ բոլորը ավելի բարկացնում էին նրան, ավելի լցնում էին նրա սիրտը մի ամսահման տխրությամբ, թե ինչո՞ւ աստուծո բոլոր արարածները կարող էին ուրախ, բախտավոր լինել, իսկ ինքը ոչ։

Ամբողջ օրը թափառեց նա սարերի վրա, դաշտերում, անտառներում, ինքն էլ չգիտեր, թե ինչու համար։ Ամեն անգամ մի մարդ տեսնելիս, փախստականի նման աշխատում էր չմոտենալ նրան։ Այսպես անցկացրեց նա, մինչև երեկոյացավ, մինչև խավարը փոքր առ փոքր սկսեց պատել աշխարհը։ Այժմ մտածում էր վերադառնալ գյուղը․ բայց ո՞ւմ մոտ գնալ, ո՞րի դուռը բախել։ Միակ ծանոթ մարդը, իր արյունակիցը, չպահեց նրան, այն մարդը, որի մեջ ցավակցություն էր որոնում, որին պատմել էր իր բոլոր դժբախտ անցյալը։ Այժմ ո՞ւմը դիմել։ Վրացու արհամարհանքը, ատելությունը, դառն զզվանքը դեպի ամեն մի հայ նետի պես ծակոտում էր նրա սիրտը․ վրացուց օգնություն խնդրել` մահվան չափ ծանր էր նրան։ Երկու օր նա ոչինչ չէր կերել․ այժմ ամեն հոգսերից ավելի տանջում էր նրան քաղցը։ Մարմնի մեջ զգում էր սաստիկ թուլություն․ ուժերը հետզհետե նվազում էին։ Մտածեց փոքր-ինչ հանգստանալ։

Գիշերային խավարը բոլորովին թանձրացել էր։ Նա դուրս եկավ նեղ շավիղից, որ տանում էր ինքն էլ չգիտեր թե ուր, և առանձնացավ մի ձորակի մեջ։ Այստեղ լավ էր, այստեղ նրա ոչ ոք չէր տեսնի։ Նա իր հոգնած մարմինը ցած թողեց, պառկեց խոտերի