Jump to content

Էջ:Րաֆֆի ԵԺ հ6.djvu/233

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Փողոցները բոլորովին դատարկ էին և այնքան մութ, որ մի քայլ այն կողմը ոչ ոքին չէր կարելի տեսնել։ Նրանք դուրս եկան բնակություններից և անցան դեպի ամայի դաշտը։ Այս կողմից ավելի հարմար էր մոտենալ Բեկի տանը, թեև ճանապարհը բավական հեռու էր։ Բայց ահագին տարածությունը անցան նրանք մի քանի րոպեի մեջ և շուտով հասան Բեկի տան պարտեզի ցանկապատին, որ հյուսված էր փշոտ մացառներից։ Օրիորդը մոտեցավ ցանկապատին, կամենում էր վեր բարձրանալ նրա վրա և իջնել պարտեզի մեջ։ Պարտեզի կողմից մուտքը դեպի Բեկի սենյակը ավելի ապահով էր․ տանեցիներից ոչ ոք չէր տեսնի նրանց։

— Այդ ի՞նչ եք անում, դուք բոլորովին կծակոտեք ձեր մարմինը, — ասաց աղախինը՝ բռնելով օրիորդի փեշից, որ արդեն կատվի նման ճանկռտում էր փշոտ ցանկապատը։

Բայց օրիորդի խռովությունը թույլ չտվեց լսել աղախնի զգուշացնող ձայնը․ նա արագությամբ ցանկապատից ցատկեց մյուս կողմը, իջավ պարտեզի մեջ։ Աղախինը նույնպես հետևեց նրա օրինակին, սաստիկ ծակոտելով իր ձեռքերը։

Պարտեզի ամեն մի ճեմելիքները, ամենափոքրիկ շավիղներն անգամ ծանոթ էին Թամարին։ Նա դիմեց ուղիղ դեպի այն կողմը, որտեղ բացվում էին Բեկի ննջարանի լուսամուտները։ Նա ուրախացավ և ավելի փութացրեց իր քայլերը։ Լուսամուտներից ճրագ էր երևում։ Ուրեմն նա տանն էր, և եթե տանն էր, դեռ քնած չէր։ Օրիորդի սիրտը սկսեց սաստիկ բաբախել, փոքր էր մնում, որ շնչասպառ լինի։ Բայց դարձյալ նա շարունակեց իր շտապ քայլերը և մոտեցավ լուսամուտներին, որոնք բավական բարձր էին։

— Կատո, — ասաց աղախինը, — կարո՞ղ ես ինձ փոքր-ինչ բարձրացնել, որ գլուխս հասնի լուսամուտին։

— Կարող եմ, դուք միայն ձեր ոտները դրեցեք ափերիս մեջ և բարձրացեք ուսերիս վրա․ ես կկանգնեմ պատի մոտ, ուղիղ լուսամուտի ներքևը։

Կատոն երկու ձեռքերի մատները միմյանց հետ հյուսելով, կազմեց շարժական սանդուղքի առաջին աստիճանը։ Օրիորդը մի ոտքը նրա վրա դնելով, մյուսը դրեց նրա ուսի վրա, և իր ձեռքերով պատը բռնելով, բարձրացավ մինչև լուսամուտը։ Սկսեց այնտեղից նայել։ Ոչինչ չէր երևում, որովհետև լուսամուտի փեղկերը ապակու փոխարեն պատած էին թղթով։ Նա իր մատով զգուշությամբ մի փոքրիկ ծակ բաց արեց թղթապատի մեջ։ Այդ գործողությունը կատարվեցավ միևնույն րոպեում, երբ Բեկը իր երկար