Էջ:Րաֆֆի ԵԺ հ6.djvu/236

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


նրա անցյալ փառքը և ներկա անբախտ դրությունը։ Նկարագրեց մահմեդականների անգութ բարբարոսությունները և ստրուկ ժողովրդի սարսափելի նեղությունները։ Եվ որպես կնոջ՝ Թամարի զգացմունքների վրա ավելի ազդելու համար, նկարագրեց հայ կնոջ թշվառ վիճակը․ — կինը այնտեղ իր ամուսնի սեփականությունը չէ, պատահած սրիկան կարող է նրան իր կրքերին ծառայեցնել։ Մի փոքր ընդդիմությունը բավական էր, որ մոր երեխան իր կուրծքի վրա մորթեին։ Աղջիկը այնտեղ իր տասն տարեկան հասակում զոհ է դառնում մի որևիցե անզգամի բռնաբարությանը։ Նրան խլում են հայրենական օջախից և ոչխարի նման վաճառում են, կամ բարեկամը բարեկամին ընծա է ուղարկում։

Եվ ուրիշ շատ սոսկալի դեպքեր պատմելով ժողովրդի ընտանեկան և տնտեսական դրությունից, նա ասաց․

— Ահա այդ ողորմելի ժողովուրդը փրկություն է որոնում, աշխատում է ազատվել բռնակալի լծից և ինձանից օգնություն է խնդրում։ — Ի՞նչ ես ասում, Թամար, գնա՞մ, թե ո՜չ, ես սկզբից քեզ դատավոր ընտրեցի։

— Գնա՜, աստված քեզ հետ, — պատասխանեց օրիորդը և միևնույն ժամանակ նրա դեմքը, որ մինչև այն րոպեն տխուր էր, պայծառացավ խիստ ուրախ զվարթությամբ։ — Բայց ես քեզանից մի բան պիտի խնդրեմ, Դավիթ, պետք է ինձ էլ քեզ հետ տանես։ Դու ինքդ ասացիր, որ ես պիտի սիրեմ այն, ինչ որ դու ես սիրում։ Ես սիրեցի քո ազգը և քո հայրենիքը։ Ինչո՞ւ միասին չկռվենք, ինչո՞ւ միասին չմեռնենք։

— Այդ շատ գեղեցիկ կլիներ, Թամար, բայց ես ցավում եմ, որ կռվի արյունոտ դաշտը կնիկների համար չէ։

— Ես գիտեի, որ այդպես պիտի ասես, — խոսեց օրիորդը փոքր-ինչ վիրավորված եղանակով։ — Բայց դու ինձ բավական ճանաչո՛ւմ ես, Դավիթ։ Դեռ փոքրիկ աղջիկ էի, սիրում էի լեռը, դաշտը, անտառը։ Դու շատ անգամ տեսել ես ինձ միայնակ լեռների մեջ, երբ դեռ հովիվ էիր։ Գազանների մռնչյունը, հեղեղատների կատաղի հոսանքը չէր վախեցնում ինձ։ Ինձ միշտ մեծ զվարճություն էր պատճառում, երբ անապատում գտնված ժամանակ մրրիկի կամ փոթորիկի էի հանդիպում։ Դեռ տասն տարեկան հազիվ կլինեի, որ հայրս ինձ ձիու վրա նստեցնելով, տանում էր իր հետ որսորդության։ Շատ անգամ անձրևից թրջված, կարկուտից ծեծված, տուն էի վերադառնում։ Գուցե ես այսպես չդաստիարակվեի, եթե մայրս վաղ մեռած չլիներ։ Բայց խորթ