Էջ:Րաֆֆի ԵԺ հ6.djvu/240

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

կսկսեին այստեղից հետամուտ լինել ինձ և լրտեսել իմ գործողությունը։ Իմ պլանները այնուհետև բոլորովին կխախտվեին։

— Ես այժմ համաձայն եմ քեզ հետ, ես այստեղ կմնամ և կսպասեմ քո հաջողությանը․․․։ -Վերջին խոսքերը այնպիսի մի եղանակով արտասանեց Թամարը, կարծես, նույն րոպեում նրա գլխից անցավ մի նոր և ավելի գործնական միտք։ Բեկը ոչինչ չնկատեց, միայն գրեց նրան և համբուրեց, ասելով․ — իմ խելացի՛, իմ հրեշտա՜կ․․․ — Բայց ի՞նչ միտք էր այդ․ ի՞նչը համոզեց նրան հրաժարվել իր համառ պահանջից և այդպես շուտ համաձայնվել Բեկի հետ։ Թամարը կամքի տեր աղջիկ էր, նա հեշտությամբ կոտրվող պտուղներից չէր։ Չի՞ցե թե նա մտածեց․ «Թո՜ղ գնա իմ սիրելին, ես նրան չեմ խանգարի․․․ ես կգնամ նրա ետևից այն ժամանակ, երբ նա գործը սկսած կլինի․․․»։ Ի՜նչ էլ որ լիներ նրա խորհուրդը, այդ միայն աստված գիտե, բայց Բեկին մեծ ուրախություն պատճառեց, որ կարողացավ վերջապես համոզել նրան։

— Ե՞րբ ես մտադիր ճանապարհ ընկնել, — հարցրեց օրիորդը։

— Բոլոր պատրաստությունները կարգի դրած եմ, — պատասխանեց Բեկը․ — ինձ մնում էր ամենադժվար խնդիրը, այն է՝ ստանալ քո համաձայնությունը․ այժմ ուրախ եմ, որ մենք հաշտվեցանք։ Ես հենց էգուց երեկոյան կարող եմ դուրս գալ այստեղից։

— Ուրեմն մի՜ ուշացիր, — շտապեցնում էր օրիորդը։ — Բայց ես պատուհանից նկատեցի, դու գրում էիր մի թուղթ, ի՞նչ թուղթ էր այն։ Դու այնքան հուզված էիր գրելու ժամանակ, որ ես կարծում եմ, մի շատ կարևոր բան պիտի լիներ։

— Որքան հետաքրքիր ես դու, Թամար, ամեն բան ուզում ես գիտենալ, — ասաց Բեկը ծիծաղելով։ — Ես գրում էի իմ կտակը։

— Կտա՞կ․․․-բացականչեց օրիորդը շփոթվելով․ — Ինչո՞ւ համար է կտակը։

— Որ կնքած քեզ հանձնեմ, որ դու նրա կնիքը լուծես միայն այն ժամանակ, երբ իմ սպանման լուրը քեզ կբերեն։ Խո կարո՞ղ է պատահել, որ ինձ սպանեն։

— Կարող է պատահել․․․-տխրությամբ ասաց օրիորդը։ — Բայց դու կասե՞ս ինձ այդ կտակի բովանդակությունը։

— Այժմ ոչ, բայց երբ կմեռնեմ, բոլորը կարող ես գիտենալ։

— Երևի քո կայքերի, քո ճորտերի մասի՞ն է, — դարձյալ հետաքրքրությամբ հարցրեց օրիորդը։